«Գրադարանները թվային միջավայրում: Համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում»
2018թ. հոկտեմբերի 26-ին, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր քննարկում «Գրադարանները թվային միջավայրում: Համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում» թեմայով: Միջոցառման նպատակն էր քննարկել, լսել կարծիքներ և առաջարկներ թվային միջավայրում գրադարանային մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարելու, գրադարանների առջև ծառացած մի շարք խնդիրներ, մասնավորապես գրադարանային հավաքածուները համալրելու և հասանելիությունը ընդլայնելու, ռեսուրսները փոխանակելու և այլ գործառույթներին վերաբերող միասնական այլընտրանքային մոտեցումներ գտնելու ու գրադարանների համագործակցության արդյունավետ հարթակ ձևավորելու համար:
Քննարկմանը մասնակցել են Մտավոր սեփականության գործակալության, Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Հայաստանի Ազգային, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական, Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական, Հանրապետական գիտաբժշկական, Հայաստանի Խնկո-Ապոր անվան Ազգային մանկական գրադարանների, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Մոսկվայի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանների գիտական գրադարանների, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Գիտակրթական միջազգային, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Հայնախագիծ» ինստիտուտի, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի, ԱԻՆ ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համապատասխան ներկայացուցիչները և ՆՁԱԿ-ի մասնագետները:
Բացման խոսքով հանդես է եկել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը: Քննարկումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորելով գրադարանային մարտահրավերներով պայմանավորված քննարկվող թեմաները (գրականության համալրման ներկայիս խնդիրները և դրանց լուծման այլընտրանքային ուղիները, գրադարանային հավաքածուների սպասարկումը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, հիմնապաշարների թվայնացման խնդիրները հեղինակային իրավունքի տեսանկյունից, բնօրինակների պահպանման անհրաժեշտության հարցը) հույս է հայտնել, որ ներկա գտնվող փորձառու մասնագետների կողմից մտքերի, առաջարկների և օգտակար փորձի ներկայացումը հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով լուծել մի շարք խնդիրներ և արդյունավետ համագործակցել:
Մասնակիցները լսել են ՆՁԱԿ-ի աշխատակիցներ` գրադարանային ֆոնդերի համալրման, մշակման և մեթոդական աջակցման բաժնի պետ Գայանե Հովհաննիսյանի, գրադարանային ֆոնդերի պահպանման բաժնի պետ Հասմիկ Հարությունյանի, օգտատերերի սպասարկման բաժնի պետ Լաուրա Ավետիսովայի, գլխավոր մասնագետներ Իվետա Միշինևայի, Լիլիթ Վարդանյանի, Էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի պետ Նաիրա Հարությունյանի քննարկվող թեմաներին վերաբերող ելույթները, մասնավորապես գրադարանի սպասարկման ամփոփիչ վիճակագրական ցուցանիշների հաշվառման և վերլուծության, ԻՐԲԻՍ-64 գրադարանային ընդլայնված տեղեկատվական համակարգով էլեկտրոնային գրացուցակի ձևավորման, փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության, գիտատեխնիկական գրադարանի արտոնագրային ֆոնդի և համացանցում առկա հիմնապաշարների վերաբերյալ: Վերջիններս ներկայացրել են գրադարանում իրականացվող աշխատանքները և կիսվել իրենց փորձով:
Գրադարանների հիմնապաշարների թվայնացման և էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման հետ կապված հարցի շուրջ խոսել է Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը` ներկայացնելով գրադարաններին հուզող «ՀՀ Հեղինակային և հարակից իրավունքերի մասին» նոր օրենքի նախագծում ներառված փոփոխությունները:
Քննարկվող հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի, կարծիքների փոխանակում և առաջարկվել է համագործակցության ընդլայնում գրադարանների միջև:
Ամփոփելով միջոցառումը Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը, ելնելով գրադարաններում կատարված աշխատանքերից և կարևորելով Հայկական բանակին գիտատեխնիկական տեղեկատվական ապահովման աջակցությունը, առաջարկել է գիտատեխնիկական գրադարանում, որը նախկինում ունեցել է այդ փորձը, ձևավորել ռազմական գրականության բաժին, մեկտեղել բոլոր գրադարանների համապատասխան մատենագրական ռեսուրսները, պարբերաբար զորամասերի գրադարանների համար պատրաստել զինվորական գործին վերաբերվող մատենագիտական ցանկեր և պահանջարկից ելնելով տրամադրել գրականության լիատեքստ էլեկտրոնային տարբերակներ, դրանով իսկ նոր շունչ հաղորդել գրադարան – բանակ համագործակցությանը:
Նալել նաև`
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
https://www.hraparak.am/posts/5be1303a8fee8706c32319fb
https://aspu.am/website/images/journal/SILVA%2019.pdf