ՆՁԱԿ
   
 

«Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները»

2018թ. հոկտեմբերի 30-ին, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը համագործակցության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտության ուսանողների համար կազմակերպել է ուսումնագործնական դասընթաց «Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները» թեմայով, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել գրադարանի ներկայիս գործունեությանը, ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գրադարանային-տեղեկատվական սպասարկմանը և  ձեռք բերել գործնական հմտություններ:

Կենտրոնի համապատասխան մասնագետները բաժիններում ներկայացրել են համալրման, տեխնիկական և գիտական մշակման գործառույթները, ավանդական և էլեկտրոնային գրացուցակները, գրադարանի էլեկտրոնային գրացուցակում գիտատեխնիկական փաստաթղթերի մուտքագրումը գրադարանային գործընթացների ավտոմատացման «ԻՐԲԻՍ-64» համակարգով, անհատներին և կազմակերպություններին տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությունը, գրադարանի էլեկտրոնային պաշարներից և մի շարք միջազգային տվյալների բազաներից օգտվելու հնարավորությունները և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր գրադարանին մոտիկից ծանոթանալու համար ուսանողները շրջայց են կատարել մասնագիտական ֆոնդերում (գրքերի, պարբերական հրատարակությունների, արտոնագրերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների): Դիտելով մեծածավալ հիմանպաշարները  ուսանողները պատկերացում են կազմել գրադարանի կարևոր դերակատարման մասին որպես մեր երկրի գիտական մտքի ու ժառանգության պահպանման օջախի:

Մասնակիցները ծանոթացել են նաև ընթերցասրահում գործող նոր գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին և դարձել գրադարանի բաժանորդներ: