ՆՁԱԿ
   
 

Աշխարհահռչակ հայազգի գործիչները նախաձեռնում են ողջ աշխարհի հայերին կապող առցանց պլատֆորմ

 Աշխարհահռչակ հայազգի գործիչներ՝ «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը մշակել են գաղափար՝ ստեղծելու նոր առցանց պլատֆորմ՝ Hyeconnect անվանմամբ, որը միմյանց կկապի ողջ աշխարհի հայերին: Գաղափարի հեղինակներն այս մասին հայտնեցին Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում անցկացված ասուլիսում:

«Կստեղծենք համահայկական առցանց պլատֆորմ` «Հայքոնեքթ»-ը, որը թույլ կտա ամբողջ աշխարհում տարբեր հետաքրքրությունների տեր հայերին կապել»,-ասաց Սերժ Թանկյանը:

Սերժ Թանկյանը նշեց, որ աշխատանքի ընթացքը, որպես այդպիսին, դեռ չեն պլանավորել, ընդհանուր գաղափարն են զարգացրել: «Տարիների ընթացքում մտածել ենք՝ ինչպես անել, որ Հայաստանը գրավիչ լինի ոչ միայն հայերի, այլ նաև մյուսների համար: Մենք մտածում էինք՝ ինչպես ամբողջ աշխարհի հայերին կապել: Եվ շատ մտածելուց, խոսելուց հետո եկանք այն եզրակացության, որ կօգտագործենք մեր համատեղ հետաքրքրությունները՝ ստեղծելու փոքր հանրություններ»,-ներկայացրեց Թանկյանը:

Նա օրինակ բերեց՝ հայ լրագրողը կարող է գտնել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայ լրագրողներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց՝ անվանումը շատ լավն է՝ նկատելով, որ դրա մեջ կա «հայ» բառը:

Ալեքսիս Օհանյանը նշեց՝  իրենք հասկացել են, թե ինչքան բախտավոր են, որ այսքան հնարավորություններ ունեն: «Մենք մեր կարիերաներից պետք է քաղենք մեր դասերը և դրանք օգտագործենք այս պլատֆորմի համար, որպեսզի հայերն ամբողջ աշխարհում, սփյուռքում կարողանան օգտվել այդ կապից ու բարգավաճեն»,-նշեց Օհանյանն ու նշեց՝ ընդհանուր տեսլականը միավորում է իրենց:

Նա նկատեց՝ կան ցանցեր, որտեղ հայերն, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտեց՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:

Էրիկ Իսրայելյանը նշեց, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի, սակայն այդ մասին մտածել են ավելի երկար:«Իրոք հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ, Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և այլ վայրերի հայերի միջև: Շատ նվիրված ենք այս գաղափարին, մեր ամբողջ փորձը կներդնեք»,-ասաց Իսրայելյանը:

Նա նկատեց՝ հայերը սփռված են շատ երկրներում, պետք է կապ, և այդ առցանց պլատֆորմը թույլ կտա բոլորին կապել միմյանց, ինչու չէ՝ նաև համագործակցել:


 

WCIT 2019. Հայաստանը պատրաստ է մի քանի օր լինել ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը

 Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը երկրում իր շուրջը կհամախմբի ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմերի ներկայացուցիչների, հաջողությունների հասած հայտնի հայերի և օտարերկրացիների: Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների ներկայացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

WCIT-ին են միանալու նաև արտերկրում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները` պատմելու  իրենց ընկերությունների և իրենց անձնական հաջողությունների մասին, խոսելու քննարկվող թեմաների շուրջ: Այդ անձանցից են «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը, ով կխոսի սոցիալական ցանցերի ընդհանուր ազդեցության և հարթակների օգտագործման արդյունավետության և դրանց խնդիրների մասին, «PicsArt» ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, «Pixar» անիմացիոն ստուդիայի ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը, «Agenus» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գարո Արմենը: Հայաստանում անցկացվող համաժողովին մեծ մասնակցություն են ունենալու նաև «Yandex» ընկերությունից, մասնակցելու է ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանը, ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը:  Զեկույցներով հանդես են գալու նաև «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը, հայտնի գիտնական, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և մեծ հաջողությունների հասած շատ այլ հայեր: Զեկուցողների թվում են նաև արտերկրից CNN-ի բիզնես թղթակից Ռիչարդ Քուեսթը, «VMware»-ի գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «VaynerX»-ի նախագահ Գերի Վայներչուկը , «Giphy» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Ռուսաստանի հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: WCIT  2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր խոշորագույն  ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ`  փոխտնօրենների կամ ռեգիոնալ տնօրենների մակարդակով: Ընդհանուր բանախոսների թիվը գերազանցում է 100-ը:

Բացումը տեղի կունենա  հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում` համերգով: Աշխարհի 15 երկրներից ավելի քան 70 և հայաստանցի 30 երաժիշտներ կազմելու են WCIT  նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Սպասվում է հետաքրքիր անակնկալ, նվագախումբը հանդես կգա աննախադեպ համերգով՝ կատարելով արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հիմնն առաջին անգամ կստեղծի արհեստական բանականությունը՝ միախառնելով տարբեր տարիների հիմները: Այն կհնչի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին:  Դա լինելու է մեծ նորություն, աշխարհում առաջին անգամ նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Ելույթ է ունենալու նաև միջազգային ճանաչում վայելող դիջեյ Արմին վան Բյուրենը:

Հոկտեմբերի 7-ին արդեն  Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա համաժողովի պաշտոնական բացումը:

Համաժողովին կլինեն  բավականին հետաքրքիր քննարկումներ: Օրինակ «Արվեստի ապագան» խորագրով քննարկմանը միանալու մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում արվեստի բնագավառում՝ այն միևնույն ժամանակ կապելով տեխնոլոգիաների հետ: Քննարկմանը կմասնակցի նաև Սերգեյ Սմբատյանը, նաև արտիստ Ահմեդ Էլ Գամալը, որն աշխարհում հայտնի է արհեստական բանականության կիրառմամբ նկարներ ստեղծելով: «Կայծակնային ռաունդներ»-ը հնարավորություն կտա մեծ լսարանի առաջ ներկայացնել իրենց գաղափարներն ու ներդրումներ շահել։ Մասնակցելու են մոտ 100 ընկերություններ, որոնցից 60-ը հայկական են, մնացածը՝ արտերկրից, այդ թվում Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից, Սլովակիայից, Անգլիայից, Վրաստանից, Չինաստանից, Ավստրալիայից և այլ երկրներից: Մասնակից ստարտափներից լավագույն երեքի համար Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանվել է "Armenian Technology Communities A-Prize" մրցանակը և 100 000 դոլարի ֆոնդ։  Ներկայում գրեթե չկա ոլորտ, որում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառություն չլինի: «Բիզնեսի փոխակերպում» խորագրով քննարկմանը բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հետաքրքիր քննարկում են անցկացնելու այդ փոխակերպումների վերաբերյալ: «Խելացի քաղաքներ. ուտոպիա, թե հակաուտոպիա» խորագրով քննարկմանը մասնակիցները կխոսեն նորագույն տեխնոլոգիաների դերի մասին, մասնավորապես թե քաղաքներում դրանց կիրառությունն ինչ օգուտ է բերում և ինչ խնդիրներ առաջացնում:  Քննարկմանը մասնակցելու են խելացի քաղաքներ կառուցելու համար տեխնոլոգիաներ ստեղծող ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Սիմենս»-ի կայուն զարգացման փոխնախագահը: «Գաղափարների շուկա» քննարկմանը կմասնակցի Քիմ Քարդաշյանը և բավականին հետաքրքիր այլ բանախոսներ: Սոցիալական ցանցերը սկսել են զբաղեցնել մեր օրվա մեծ մասը: Եվ Քարդաշյանը, որպես ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Նույն քննարկմանը «ՊիկսԱրտ»-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը կկիսվի իրենց փորձով, կներկայացնի, թե ինչպես են ստեղծել ընկերությունն ու գրավել մեծ թվով օգտատերերի: «Սև Կարապ» քննարկմանը քննարկում կլինի այն ռիսկերի շուրջ, թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր խափանումներ լինեն ու ավտոմատացված նոր տեխնոլոգիաները չաշխատեն:

WCIT 2019-ին մասնակցելու են գրեթե բոլոր հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, օրինակ «Google»-ի փոխնախագահը, «Infosis»-ի հիմնադիրը, «Siemens», «Ericson» ընկերությունների փոխնախագահները և այլք:

Հայաստանը կհայտնվի միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում: 30-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոցներ հետաքրքրված են ու կլուսաբանեն WCIT-ն: Բացի այդ գրեթե բոլոր մասնակիցները ղեկավարում կամ գոնե ներկայացնում են առաջատար, բավականին մեծ շրջանառություն ունեցող ընկերություններ: Եվ այդ անձինք հայկական ընկերությունների հետ համագործակցության կամ Հայաստանում որևէ կենտրոն ստեղծելու որոշման մեջ կարող են մեծ դեր ունենալ: Նաև ունենք կազմած առանձին ցանկ, թե արտասահմանյան այդ ընկերություններն ինչով են հետաքրքրված և հայկական ինչ ընկերություններ ունենք, որ կարող են նրանց հետաքրքրել:


 

Արմեն Սարգսյանի հրավերով  ՀՀ է ժամանել  Thales  Group ընկերության պատվիրակությունը

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան:

Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group» -ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի  տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:Հայաստան այցի շրջանակում «Thales Group»-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները:«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:


 «WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողով

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։  

«WCIT 2019» կազմակերպիչները հրապարակել են ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։ Եռօրյա համաժողովի օրակարգն արդեն հասանելի է «WCIT 2019»-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձևաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։ 


Մասնագետն առաջարկում է հայության ներուժը ներգրավել արհեստական բանականության լուծումների մշակման մեջ 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարծում է, որ հայ ժողովուրդն առաջատար տեխնոլոգիաների պասիվ սպառողից պետք է վերածվի դրա ստեղծողի, այլապես ապագայում իր տեղը չի ունենա աշխարհում: Այս մասին նա հայտարարեց հատուկ լրագրողների համար կազմակերպված «Հայաստանի նորարարական էկոհամակարգը» խորագիրը կրող ճանաչողական այց-դասընթացի ժամանակ: Օրուջյանի դիտարկմամբ՝ արհեստական բանականությունն այնքան է տարածվել մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում, որ գնալով մարդն ու տեխնոլոգիան միաձուլվում են:

«Որն է ապագան ՝ արհեստական բանականությունը կամ ռոբոտ է դառնում, հետո իր համար բացահայտում է, որ մարդու կարիքը չունի ու մարդուն վերացնում է, կամ մարդու մեջ է մտնում, միաձուլվում նրա հետ՝ ձևավորելով նոր որակ, մարդկային նոր տիպ»,-ասաց նա:

Այս տեսլականի պայմաններում՝ Օրուջյանին մտահոգում է հայերի՝ որպես հանդիսատեսի դերակատարումը: «Եթե մենք որպես հայ ժողովուրդ մասնակից չենք այսպիսի տեխնոլոգիական զարգացումներին, մենք պարզապես մնում ենք որպես հանդիսատես, ինչը կործանարար է: Մենք շատ քիչ ենք մտավոր սեփականություն ստեղծում այսօր աշխարհում, եթե ընդհանրապես ստեղծում ենք»,-հավելեց նա:

FAST-ի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն էլ նշեց, որ նմանատիպ դասախոսության անցկացումը լրագրողների շրջանում կապվում է իրենց տեսլականի հետ, որն է ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որում հնարավոր լինեն առաջատար նորարարական լուծումներն ու գիտական ձեռքբերումները: Նրա խոսքով՝ ինչու է Հայաստանում այդքան կարևոր գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը, քանի որ այդ պարագայում զարգացում են ապրում նաև տնտեսության մյուս ճյուղերը: «Բացի նրանից, որ մենք ասում ենք գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր են, մենք իրականացրել ենք հետազոտություն, թե Հայաստանն ինչ է ունեցել գիտական պոտենցիալի տեսանկյունից, ինչ ունի այսօր կամ աշխարհն ուր է գնում տարբեր ոլորտներում և որոնք են լինելու ամենապահանջված ուղղությունները Հայաստանի համար քսան տարի հետո: Մենք բացահայտել ենք, որ Հայաստանի համար ռազմավարական առումով կարևոր են հետևյալ չորս ուղղությունները՝ տվյալագիտություն, բիոտեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտատեխնիկա»,-ասաց Սյուզաննա Շամախյանը` հավելելով, որ հենց այդ ուղղություններով էլ տարբեր նախագծերի զարգացման ծրագրեր են իրականացնում ու ֆինանսավորում: Հիմնադրամն էկոհամակարգի հետազոտություն է իրականացրել, ստեղծվել է ճանապարհային քարտեզ, որում մատնանշել են Հայաստանում կրթության, գիտության և հետազոտական ոլորտների զարգացման իրենց տեսլականը: Աշխատում են նաև կառավարության համապատասխան մարմինների հետ:

«Մենք չենք նայում այսօրվա խնդիրները լուծելու տեսանկյունից, այլ առավել երկարաժամկետ հեռանկարում: Օրինակ, փորձում ենք հասկանալ, որպեսզի 2041 թվականին (տարեթիվը խորհրդանշական է, Հայաստանի Երրորդ Հանրապետության 50-ամյակի տարին է- խմբ.) Հայաստանն ունենա ուժեղ գիտական էկոհամակարգ, ինչ է պետք անել. գուցե մեզ պետք չի 63 բուհ, ինչպես այսօր ունենք, այլ պետք է 5 ուժեղ համալսարան, որպեսզի հաջողություն գրանցենք»,-նշեց FAST- ի փոխնախագահը:

Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց տվյալներ Հայաստանում և աշխարհում կրթության ու հետազոտական ոլորտներին ուղղվող ֆինանսավորման վերաբերյալ: Մասնավորապես, մեր ՀՆԱ 0.2 տոկոսն է ընդամենը ծախսվում բարձրագույն կրթության վրա, մինչդեռ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների (34 անդամ երկրներ, այդ թվում՝ ԵՄ և Հյուսիսային Եվրոպայի երկրներ, ԱՄՆ և այլն) միջինը 1.5 է: Հայաստանում կառավարության ծախսերը բարձրագույն կրթության ոլորտում կազմում են 13.2 տոկոս, ՏՀԶԿ երկրներում՝ 25 տոկոս: Բանախոսի խոսքով՝ Հայաստանում առկա է ծերացող գիտական հանրություն: Սովետական միության փլուզումից հետո գիտությամբ զբաղվողները կամ լքել են երկիրը, կամ սկսել ուրիշ բանով զբաղվել, ինչի արդյունքում ներկայում Հայաստանն ունի միայն շատ ծեր ու երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ:

«Աշխարհում գիտությամբ զբաղվելու ամենաարդյունավետ տարիքը 41-60 տարեկանն է: Մենք այս տարիքային խմբում ունենք շատ քիչ մարդկանց: Երիտասարդները, որքան էլ կարևոր են մեզ համար որպես թիրախային խումբ, բայց որպես գիտական գիտելիքի ստեղծող իրենք այնքան էլ հասուն չեն։ Հետևաբար ավագ սերնդին փոխարինելու անցումային փուլում անհրաժեշտ կլինի գտնել լուծումներ, այլապես գիտության զարգացումը վտանգված կլինի»,-իրենց մտահոգությունը փոխանցեց Սյուզաննա Շամախյանը:

Հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալում է տեխնոլոգիական և նորարարական ոլորտի միջազգային երկու նշանակալի իրադարձություն` «WCIT»-ն` «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը», և «GIF19»-ը՝ «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը:


Չորրորդ անգամ կանցկացվի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը` երիտասարդներին հնարավորություն տալով ներկայացնել իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները:

 Մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:

Ըստ նախաձեռնողների` նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Նախաձեռնողները կոչ են անում ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացիներին հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր ունենալու դեպքում մասնակցել ծրագրին և իրացնել իրենց գաղափարները:


 

ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա. միջազգային գիտական համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել անվանի գիտնականներին

Սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries) նվիրված միջազգային գիտական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին: Համաժողովին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Գիտաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ, տևելու է մինչև սեպտեմբերի 21-ը:

Նախագահ Սարգսյանը ողջունեց գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը՝ այն համարելով օգտակար թե՛ գիտության զարգացման, թե՛ Հայաստանի՝ որպես գիտական ավանդույթներ ունեցող երկրի համար: Նա նշեց, որ որպես տեսաբան- աստղաֆիզիկոս ժամանակին զբաղվել է հարաբերական աստղաֆիզիկայով, ինչը նաև գիտաժողովի մասնակիցների հետաքրքրության շրջանակում է:

«Ես համոզված եմ, որ 21-րդ դարը բացարձակապես տարբեր է լինելու 20-րդ դարից, և հիմնական փոփոխությունը վերաբերելու է գիտության, տեխնոլոգիաների, մարդկային վարքագծի, ներառյալ՝ քաղաքականության վերափոխմանը: Տեխնոլոգիական առաջընթացը հսկայական ազդեցություն է ունենալու ամեն ինչի վրա, այդ թվում՝ արժեքների, մարդկանց վարքագծի վրա, որն ավելի քվանտային է դառնում»,-ասաց ՀՀ նախագահը՝ նկատելով, որ նույնիսկ ժողովրդավարությունն է փոխում իր ձևը: «Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական և տեխնոլոգիական հանգույց դառնա, քանի որ 21-րդ դարում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ հիմնված ձեռք բերած փորձի, գիտության ու տեխնոլգիաների վրա»,-ընդգծեց նախագահ Սարգսյանը

Գիտաժողովի կազմակերպիչ Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր, Գագիկ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով համաժողովի արդյունավետության մասին, ասաց, որ մասնակիցների միջև տեղի է ունենում փորձի փոխանակում:

«Աստղագիտական թեմաների քննարկման նպատակով Հայաստան են ժամանել 20 երկրից շուրջ 60 գիտնական, ովքեր ներկայացնում են այնպիսի հայտնի համալսարաններ, ինչպիսիք են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Քեմբրիջի, Շեֆիլդի, Պոտսդամի, Միչիգանի, Մոսկվայի պետական համալսարանները և այլն: Հյուրեր ունենք նաև Ավստրալիայից և Հարավային Աֆրիկայից»,- նշեց Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսորը:

Հայաստան ժամանած ականավոր գիտնական, Անգլիայի Ուորուիք (Warwick) համալսարանի պրոֆեսոր Բորիս Գենիկենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սպիտակ թզուկները շատ կարևոր են, և դրանք ուսումնասիրելու համար ինքն օգտագործում է գերժամանակակից տեխնոլոգիաներ:

«Գիտաժողովի ժամանակ մենք մեկ տեղում հավաքում են մարդկանց, ովքեր աշխատում են գիտության մի փոքր տարբեր բնագավառներում և միշտ չէ, որ կարողանում են միմյանց հետ շփվել և փորձի փոխանակում ունենալ: Կա ևս մեկ կարևորություն այս գիտաժողովից՝ մասնակիցները հնարավորություն ունեն ճանաչել Հայաստանը՝ մշակույթը, ավանդույթներն ու մարդկանց»,- ասաց Բորիս Գենիկենը:

Գենիկենը սեպտեմբերի 16-ին ժամը 15:00-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հատուկ դասախոսություն է կարդալու ԵՊՀ դասախոսների, ուսանողների և թեմայով բոլոր հետաքրքրվողների համար:

Սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերը գերնոր աստղերի (SN Ia) ծագման աղբյուրն են, ուստի մեծագույն կարևորություն ունեն արդի աստղաֆիզիկայի համար և գտնվում են միջազգային աստղագիտական հանրության ուշադրության կենտրոնում: Սպիտակ թզուկները ֆիզիկական առումով մեռած են: Դրանց հանգելուց հետո մնում է միայն միջուկը, և, ժամանակի ընթացքում սառելով, աստղը մահանում է: Սառելու ընթացքը շատ երկար է տևում, և այդ ժամանակ աստղը կոչվում է սպիտակ թզուկ: Այն երկիր մոլորակի չափ է, սակայն ունի արեգակնային մասսա, այսինքն՝ խիտ նյութից կազմված աստղ է:

Սպիտակ թզուկների տեսության զարգացման մեջ մեծ ավանդ ունեն հայ գիտնականները, հատկապես՝ Վիկտոր Համբարձումյանը:


 

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Ավելի քան երեք հազար մարդ հունիսի 15-ին այցելել են «Look around» Գիտության փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է Երևանում՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Փառատոնի կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիան։ Փառատոնի գործընկերներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը և «Mind center» կենտրոնը։
Ռոսատոմն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են կրթական ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար նախատեսված միջոցառումները Հայաստանում պարբերական բնույթ են կրում և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։ «Look around» փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ։ Միջոցառման գործընկերներ են հանդես գալիս ՀՀ-ի կրթական կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիտությունն ու գիտելիքները։

«Սա կարևոր միջոցառում է քաղաքի համար: Հենց նման միջոցառումների ընթացքում ի հայտ գալիս ապագա հանճարները․ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ինժեներներ, ծրագրավորողներ, բազմակողմանի զարգացած անհատներ։ «Ատոմային էներգետիկան Հայաստանի համար միշտ եղել է, կա ու կլինի այն ողնաշարը, որն ապահովում է երկրի էներգետիկական անվտանգությունը։ Բոլորս հիշում ենք, երբ ատոմակայանը կանգնած էր, և Հայաստանը դժվար օրեր էր ապրում։ Պետք է անենք ամեն ինչ, որպիսզի բացառենք նման իրավիճակի կրկնությունը։ Դա նշանակում է, որ երկրին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք զարգացնելու են  գիտությունը, նորարական տեխնոլոգիաներ կներառեն, այդ թվում, ատոմային էներգետիկայի բնագավառում։ Այդ տեսակետից կարևր է  Հայաստանում նման միջոցառման անցկացումը, քանի որ դպրոցականերն ու ուսանողները կարողանում են ծանոթանալ ժամանակակից  մշակումների հետ, կողմնորոշվել գիտության ոլորտում ապագա մասնագիտության հարցում  և գտնել իրենց տեղը ։ Մենք մեծ հույսեր ենք կապում այս երեխաների հետ, քանի որ հենց իրենց ուսերին է լինելու Հայաստանի տնտեսության զարգացմն խնդիրը», - նշեց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանը։


 «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, երկօրյա ֆորումն անցկացվել է ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի և Ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության աջակցությամբ:
Դիլիջանում կայացած ֆորումի շրջանակում ՀՀ պետական  եւ մասնավոր ոլորտի 30-ից ավելի ներկայացուցիչներ քննարկել են Ռազմարդյունաբերական համալիրի ներկա մարտահրավերներին համապատասխան կառուցվածքային հիմնահարցեր, գնման մեխանիզմների անհրաժեշտ եւ արդի լուծումներ եւ անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

«Ավանդական դարձած ՏՀՏ ոլորտների առաջնորդների հանդիպումը կոնսոլիդացիայի արդյունավետ հարթակ էր: Ռազմարդյունաբերության կոմիտեի, ԱԱԾ-ի, Ֆինանսների նախարարության, Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների միության եւ այլ կառույցների շահագրգիռ կողմերը բազմապրոֆիլ քննարկումներ անցկացրեցին. հիմնական շեշտադրումներն էին ռազմարդյունաբերության կառուցվածքային դերակատարումները, ոլորտի գնումների պատշաճ կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների խթանիչ գրավականները»,-նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԱՏՁՄ-ն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ձեւաչափն իրականացնում է տարեկան 2 անգամ սկսած 2007 թվականից: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ: