ՆՁԱԿ
   
 

Ս.թ. օգոստոսի 21-ին ձեռներեցության միջազգային օրվա առթիվ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում (ՆՁԱԿ) տեղի ունեցավ միջոցառում Ռումինիայից ժամանած ընկերությունների հետ գործարար համագործակցություն հաստատելու նպատակով:

Գործարար հանդիպումներին մասնակցում էին արտադրության, բիզնես ոլորտի խորհրդատվական և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՆՁԱԿ-ի փորձագետ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Կենտրոնի գործունեությունը նորարարության, տեխնոլոգիաների փոխանցման և ձեռներեցության աջակցման ուղղություններով, ՆՁԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը և մասնակիցներին մաղթեց արդյունավետ համագործակցություն:

Ռումինական պատվիրակության ղեկավար Մարիուս Ալեքսան (Marius Alexa) ողջունեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ նման գործարար հանդիպումները կնպաստեն հայ-ռումինական ընկերությունների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Ռումինական 8 ընկերությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ բժշկական սարքավորումների, շինանյութերի արտադրության, անվտանգային համակարգերի տեղադրման, սպասարկման, ինժեներական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև բիզնեսին, նորարարությանն աջակցման, խորհրդատվության, միջոցառումների կազմակերպման ոլորտներում և հայտնեցին, որ փնտրում են նշված ոլորտներում գործընկերներ:

«Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու երկրի ներդրումային հնարավորությունները:

Երկու կողմերի հավաստմամբ միջոցառումը կընձեռի համագործակցության լայն հնարավորություններ և կխթանի երկու երկրներում տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Միջոցառման ավարտին հետաքրքրված հայկական ընկերությունները վարեցին բանակցություններ համապատասխան ռումինական ընկերությունների հետ, ձեռք բերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:

Ընկերությունների նկարագրությունները հասանելի են այստեղ։