ԱՄՆ-ից ներդրողները պատրաստվում են ֆինանսավորել Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գյուտը
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն մոտ 2 տարի է՝ Հայաստանում ստեղծվել և գործում է Տեխնոլոգիաների առևտրայնացման պետական գրասենյակը։
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը պատմեց, որ առաջարկությունը ներկայացվել էր կառավարությանը, և վարչապետի հավանությունը ստանալուց հետո մեկնարկեց այդ մտահղացման իրագործումը։
«Որպես լիազոր մարմին՝ ծրագիրն ուղարկվեց Էկոնոմիկայի նախարարության հաստատմանը, բայց այն չկարողացավ հասցնել այն կետին, որպեսզի հաստատվի և ֆինանսավորում տրամադրվի։ Ուստի, որոշեցինք եղած ուժերով սկսել պիլոտային ծրագիրը։ Ներառեցինք մոտ 7 հոգանոց խումբ՝ մի մասը Սփյուռքից, մի մասը Հայաստանից, որոնք այս երկու տարվա ընթացքում աշխատում էին գիտնականների, լաբորատորիաների, տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի նախնական բազա հավաքագրեն այն մասին, թե ինչ պոտենցիալ, գյուտեր ու տեխնոլոգիաներ կան Հայաստանում, իսկ այնուհետև նախնական գնահատեն ու կապեն ներդրողների հետ»,- մանրամասնեց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ այդ ընթացքում խմբի անդամները նաև գիտնականներին ու ինստիտուտներին ներկայացնում էին մտավոր սեփականության հետ կապված տեղեկատվություն՝ թե ինչպես պետք է պահպանեն իրենց գյուտերն ու տեխնոլոգիաները։ Այդ շրջանակներում բազմաթիվ սեմինարներ են կազմակերպվել՝ շատ միջազգային փորձագետների ընդգրկմամբ։
Ըստ Մարգարյանի՝ խմբի ղեկավարը Հայ-ամերիկյան գիտնականների և ինժեներների միության ներկայացուցիչն է։
«Այս միությունը միավորում է 2000 ինժեներների ու գիտնականների ԱՄՆ-ից, որոնք մեզ հասարակական հիմունքներով օգնում էին, որպեսզի Տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակը ձևավորվի։ Տեխասի համալսարանի ազգությամբ հայ պրոֆեսորի և մեր աշխատակիցների ջանքերի շնորհիվ նախատեսվում է, որ արդեն մինչև տարեվերջ Ֆիզիկայի ինստիտուտում առաջին պայմանագրերը կկնքվեն։ Կան ներդրողներ ԱՄՆ-ից, որոնք հավանել են Ֆիզիկայի ինստիտուտի գյուտերը, և այժմ նախապատրաստվում են պայմանագրերի տեքստերը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ամերիկյան ներդրողի ուշադրությանն է ներկայացվել Ֆիզիկայի ինստիտուտի՝ ֆոտոնների հետ կապված գյուտը, և նա պատրաստ է ներդրում կատարել, որպեսզի նախատիպը ստեղծվի։ Այդ գյուտը նախատեսված է ներդնել բժշկության բնագավառում։
Գրասենյակի երկրորդ կարևոր նպատակադրումը արտասահմանյան հետաքրքիր տեխնոլոգիաները Հայաստան բերելն է։
Մարգարյանը նշեց, որ կենտրոնի շնորհիվ Հայաստանն ընտրվել է որպես Մարսի անալոգ սիմուլյացիայի առաքելությունն ընդունող երկիր։
Նրա տեղեկատվությամբ՝ Արարատի մարզում արդեն սկսվել է համապատասխան բազայի կառուցման գործընթացը, որտեղ մոտ 200 միջազգային գիտնականներ ու տիեզերագնացներ պետք է փորձարկումներ ու հետազոտություններ կատարեն և փորձով կիսվեն Հայաստանի գիտնականների հետ։
Մարգարյանը մեծ բաց է նկատում այն առումով, որ չեն օգտագործվում այն միջազգային դոնոր կազմակերպությունների հնարավորությունները, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել հայկական ստարտափերում։
«Ես Angel investor ակումբների անդամ եմ ու մեր ստարտափերին կապում եմ տարբեր ներդրողների ու վենչուրային կազմակերպությունների հետ։ Վերջերս Հայաստանում բացվեց Միջազգային առևտրի պալատի մասնաճյուղը, որն ամենամեծ բիզնես ասոցիացիան է աշխարհում։ Դրա միջոցով մենք նորից բացում ենք միջազգային դոնոր կազմակերպությունների հետ պատուհանը մեր ստարտափերի, երիտասարդ ձեռներեցների և գիտնականների համար»,- հավելեց նա։
ՆՁԱԿ-ի ղեկավարը, խոսելով շահագրգիռ անձանց իրենց ծրագրերի մասին իրազեկելու գործընթացից, հայտնեց, որ այդ նպատակով կազմակերպվում են ֆորումներ ստարտափերի ու երիտասարդ ձեռներեցների համար։ Վերջերս նման միջոցառումներ են կազմակերպվել մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում։
«Միշտ հրավիրում ենք միջազգային ներդրողների Շվեյցարիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից։ Ուզում ենք շեշտը դնել մեր տնտեսությունը եվրոպական ու ամերիկյան շուկաների վրա դիվերսիֆիկացնելու վրա։ Ֆորումների ժամանակ ներդրողներին, գիտնականներին և երիտասարդ ձեռներեցներին միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն է ընձեռվում և ցույց է տրվում, թե ինչպես կարող են իրենց ապրանքն արտահանել եվրոպական կամ ամերիկյան շուկաներ»,- ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ այդ շուկաներում բացում են նաև Հայաստանի էքսպո-տաղավարներ, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց արտադրանքը։ Եվրոպայում բացել են մի քանի ժամանակավոր տաղավարներ՝ չնայած ցանկություն ունեն դրանք մշտական դարձնել։
Ներկայում հաջողվել է Չինաստանում բացել Հայաստանի ազգային մշտական տաղավարը, որտեղ ներկայացված է հայկական արտադրանքը։ Նույնը փորձում են անել Եվրոպայում և ԱՄՆ-ում, սակայն ռեսուրսի պակաս ունեն, քանի որ այդ ամենը սեփական ուժերով են իրագործում։
Կենտրոնի տնօրենը գոհունակությամբ հայտնեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեսնելով փոքր ռեսուրսով ստացված արդյունքը, պատրաստակամություն է հայտնել հաջորդ տարվանից ֆինանսավորել Տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակին, ինչը խթան կհանդիսանա, որպեսզի միջազգային դոնոր կազմակերպությունները ևս միջոցներ հատկացնեն։
«Հայաստանն, ինչպես գիտենք, մեծ ժառանգություն ունի գիտության հետ կապված տեխնոլոգիաների տեսանկյունից։ Մեր տեսլականը գիտելիքահենք տնտեսությունն է, որի շնորհիվ կկարողանանք տնտեսական թռիչք ապահովել։ Շեշտը պետք է դրվի նորարարությունների ու տեխնոլոգիաների վրա»,- ընդգծեց գործադիր տնօրենը։
Մարգարյանի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը անհրաժեշտ ֆինանսական միջոցներ է հատկացրել այն ծրագրի համար, որոնց նպատակը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն է Հայաստանի մասնավոր ընկերություններում։ Այդ ծրագրի շրջանակներում, որի իրականացնող մարմինը ՆՁԱԿ-ն է, 20-ից մինչև 70 տոկոսի չափով փոխհատուցվում է նրանց աշխատավարձը։
Դա, մեր զրուցակցի համոզմամբ, մասնավոր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ընդգրկել միջազգային փորձ ու կրթություն ունեցող փորձագետների։
Ծրագիր է իրականացվում նաև Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվում այն դպրոցականներին, որոնք գիտության ասպարեզում նախնական հետազոտություններ են կատարում և գյուտեր են հեղինակում։
Մարգարյանը ներկայացրեց նաև Հայաստանում ստեղծված «Մեղրաջուր» անվանմամբ նորարական բաժակը, որում հերմետիկ և առանձնացված պահպանվում են ջուր ու մեղր կամ սուրճ՝ հայտնելով, որ կենտրոնի գործընկերների աջակցությամբ այն արդեն արտադրական փուլում է, և նույնիսկ հասցրել են արտահանել Չինաստան։
Կենտրոնում է գործում նաև խորհրդային ժամանակներից մնացած գիտատեխնիկական մեծ գրադարան, որը պարունակում է մոտ 20 միլիոն օրինակից բաղկացած գրքեր, լիցենզիաներ, տեխնոլոգիաների պատենտների արխիվներ։
Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի. սովետական առաջին համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ». Forbes
Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով:
Հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023-ին գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ հանդիսացող հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները:
Քրեյգը Սմիթը նաև նշում է, որ Հայաստանը նաև ներգրավում է օտարերկրյա ներդրումներ։ Մասնավորապես, ամենահզոր տեխնոլոգիական ընկերություններից շատերն են ներկայացված Հայաստանում՝ Adobe, Microsoft, Google, IBM, Cisco և այլն։ Արդյունքում երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2023 թ. Հայաստանը 7 տոկոս տնտեսական աճ է ունենալու՝ երկիրը դարձնելով տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսությունը:
«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան գիտելիքահեն, բարձր եկամուտ ապահովող արտադրանքի մեջ է»,- Forbes-ի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարն այդ մոտեցումը բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, և լոգիստիկ ծախսերը թույլ չեն տալիս ֆիզիկական ապրանք արտահանել մրցունակ գներով:
Ամսագրի հեղինակն իր հերթին հղում է արել տարբեր միջազգային վարկանիշների, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացող տեխնոլոգիական կենտրոն: Հայաստանի տեխնոլոգիական վերելքը Forbes-ը բացատրում է ոչ միայն իր պատմական ժառանգությամբ՝ որպես ԽՍՀՄ գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկի, այլև հայկական սփյուռքի մեծ ներուժով:
Պարբերականը նաև նշում է, որ իրենց կապը հայրենի երկրի հետ պահպանում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են «Մոդեռնա» բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Apple ընկերության նախկին տեխնիկական տնօրեն և macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավետիս Թևանյանը:
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն, ֆինանսավորումը կկազմի 3.5 մլրդ դրամ
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն, որի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար), այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա նշել է, որ կենտրոնն առաջինը կլինի մեր տարածաշրջանում, և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։
«Այս ծրագիրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։
Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, գիտնականներին, ձեռներեցներին, պետական պաշտոնյաներին, ովքեր մասնակցեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքներին»,- գրել է Հակոբ Արշակյանը։
7-րդ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթը» կհամախմբի ճարտարագիտության, գիտության և արվեստի առաջատար փորձագետներին
Կարևորելով ինժեներների դերը հասարակության մեջ, պետք է ընդգծել, որ նրանք ամենօրյա ռեժիմով փոխում են մեր կյանքի որակը՝ ներդրում ունենալով գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից՝ գյուղատնտեսություն:
Այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան- ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքի բացման արարողությանը:
«Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի 12.4 տոկոս աճը մեծապես պայմանավորված էր ԲՏ ոլորտի տեխնոլոգիաների աճով և մեր հասարակությունը պետք է իմանա այս մասին: Մեր, պետության մեծ ուշադրությունը ոլորտի նկատմամբ ունի իր բացասական հետևանքները, որոնք արտահայտվում են մնացած տնտեսական ճյուղերի վերաբերմունքով ԲՏ ոլորտին և որոշակի առումով նաև հատուկ ուշադրությունը բերում է այդ խնդրին: Պետք է նկատենք նրանց դերը մեր բոլոր ոլորտներում»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց՝ ներկա ժամանակներում տեխնոլոգիաներն ամենուր են։ Տեխնոլոգիաների կիրառությունը, ինժեներական լուծումների ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում արագացնում ու նոր տեմպ են հաղորդում դրանց զարգացմանն ու առաջխաղացմանը։
«Հայկական ինժեներական ներուժը բոլոր ժամանակներում իր նշանակալի խոսքն ու ներդրումն է ունեցել ճարտարագիտության բոլոր ուղղություններում։ Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր տաղանդավոր ճարտարագետների նոր սերունդը, շարունակելով այս ուղղությամբ արդեն իսկ ձևավորված ավանդույթները, իրենց հաստատուն խոսքն են ասում այս ոլորտում՝ նպաստելով Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի գիտական ներուժի զարգացմանը։ Երիտասարդների տաղանդը, էներգիան և ստեղծագործական կարողությունները մեր երկրի ներկա և ապագա հաջողությունների և բեկումնային զարգացումների հիմնական պայմաններից են։ Վստահ եմ, որ առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված նրանց գիտական մշակումները կծառայեն մեր երկրի տնտեսության առաջընթացին»,-նշեց նա։
Նախարարի համոզմամբ՝ «Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը կխթանի ոլորտի միջազգային և տեղական կազմակերպությունների միջև փորձի և գաղափարների փոխանակման, միջմշակութային համագործակցության զարգացումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի երիտասարդ մասնագետներին հաղորդակցվելու ոլորտի միջազգային ու հայաստանյան առաջատար մասնագետների հետ։
«Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան, երեք օրերի՝ 24-26-ի ընթացքում կներկայացնի ճարտարագետների վերջին ձեռքբերումները և կխթանի ոլորտի միջազգային և տեղական ներկայացուցիչների միջև փորձի և գաղափարների փոխանակումը, ինչպես նաև` միջոլորտային կապերի ձևավորումը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը շեշտեց՝ պետք է հականալ, թե ինչ դեր ունեն և կարող են ունենալ բարձր տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման համար՝ թե՛ տնտեսության, թե՛ ռազմաարդյունաբերության, թե՛ Հայաստանի աշխարհում դիրքավորման գործում:
«Իմ կարծիքով Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովը, Կառավարությունը, մի քանի նախարարությունները, մասնավոր հատվածը և կարևոր դոնորները հետևողական, միասնական աշխատանք են տանում մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար: Սա բացառիկ հնարավորություն է լինել ավելի ամբիցիոզ և ավելի մեծ թիրախներ դնել ապագայի զարգացման համար: Ուրախ եմ, որ նաև այդ ամենին միացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Հնդկաստանը , Ֆրանսիան և մյուսները, որոնք նույնպես իրենց հետևողական քայլերով Հայաստանը տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական երկիր: Հայաստանը դիրքավորվում է ոչ միայն որպես տարածաշրջանային կարևոր հանգույց, այլ նաև համաշխարհային հանգույց բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսակետից»,-նշեց նա:
Երևանում միջոցառումների մեկնարկը տրվեց Ազգային պատկերասրահում, որտեղ տեղի կունենա 4 պանելային քննարկում բարձր տեխնոլոգիաների և ինժեներական զարգացումների, Հայաստանում դրանց կիրառության և ապագա հնարավորությունների մասին: Առաջին օրը կեզրափակվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման», «Ասպիրանտների աջակցության», ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությամբ։
Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որը մասնակիցներին թույլ կտա բացահայտել շուկայի զարգացումները և հասկանալ դրա ներուժը: Ցուցահանդեսից բացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության և այլ թեմաներով պանելային քննարկումների և աշխատարանների։
Երրորդ օրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նվիրված կլինի աշխատուժի զարգացման և երիտասարդների ներգրավման նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի աշխատուժի զարգացման գործունեություն» ծրագիրը և ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կկազմակերպեն քննարկումներ և կամփոփեն եռօրյա ինտենսիվ միջոցառումների շարքը։
«Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023»-ի գործընկերներն են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և National Instruments-ը։
Հայաստանում կգործարկվի նոր եւ իր ձեւաչափով եզակի Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիա
Բի-Օն-ը նախագծել եւ հիմնադրել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)` Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։
FAST հիմնադրամը, նպատակ ունենալով Հայաստանում ձեւավորել մրցունակ կենսատեխնոլոգիական էկոհամակարգ եւ զարգացնել ոլորտի նորարար թիմեր, նախաձեռնել է Բի-Օն լաբորատորիայի ստեղծումը։
Բի-Օն-ը ցանկանում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական կենտրոն եւ միավորել գիտական, տեխնոլոգիական եւ ձեռնարկատիրական տաղանդներին՝ կապեր ստեղծելով միջազգային կենսատեխնոլոգիական համայնքի հետ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
B-On biotech նախատիպային լաբորատորիան ստեղծվել է էկոհամակարգի ստեղծման տեսլականով, որը կատալիզացնելու է Հայաստանի տարածաշրջանային բիոտեխնոլոգիական հանգույցը , որը կմիավորի գիտական, տեխնոլոգիական և ձեռնարկատիրական տաղանդներին ողջ տարածաշրջանից և կապեր կստեղծի միջազգային բիոտեխնոլոգիական հանրության հետ, որոնք կարող են նպաստել Հայաստանի դիրքավորմանը համաշխարհային արժեքային շղթաներում: B-On-ի առաքելությունն է նպաստել և աջակցել Հայաստանի բիոտեխնոլոգիական թիմերին իրենց նորարարական գաղափարների իրականացման գործում: Տրամադրելով ռեսուրսներ, փորձաքննություն և բարենպաստ միջավայր՝ B-On-ը նպատակ ունի հզորացնել կենսատեխնոլոգիաների սիրահարների ձեռնարկատիրական մտածելակերպը՝ ուսանողից գիտնական փոխակերպման ճանապարհին:
B-On-ը ստեղծվել է Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ համագործակցելով Հայաստանի կառավարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել տարածաշրջանային բիոտեխնոլոգիական հանգույցի՝ ներդրումներ կատարելով զարգացման մեջ: B-On biotech նախատիպային լաբորատորիան գտնվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում, որի հասցեն է Հայաստան, Երևան, Վահան Տերյան 74:
Աջակիցներ և խորհրդատուներ
B-On-ը սնվում է իր առատաձեռն նվիրատվություններով և ծառայում է որպես կարևոր հարթակ և կատալիզատոր Հայաստանի զարգացող բիոտեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր շարունակում են անգնահատելի ներդրում ունենալ Հայաստանում բեկումնային գիտահետազոտական և առևտրայնացման նախագծերի առաջխաղացման գործում:
Հիմնական աջակիցներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը
Gateway Industry Inc.
Լաբորատորիայի աջակիցներ
Կարապետ Անդրանիկյան դոկտոր
eLabNext, Eppendorf Group
Յասմիկ Քէշիշեան դոկտոր
Աշոտ Պապոյան, Բոստոնի հայկական բիոտեխնոլոգիական խումբ
Զառա Սոլախյան, Բոստոնի հայկական բիոտեխնոլոգիական խումբ
Զավեն Կապրիելյան, Բոստոնի հայկական բիոտեխնոլոգիական խումբ, դոկտոր
Հայրենական առաջին արբանյակն անցել է բոլոր թեստավորումներն ու սպասում է թռիչքին. քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում է բոլոր անհրաժեշտ պայմանները գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:
«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ, -ասաց «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:
Արբանյակը Հայաստանում թեստավորելուց և կապարակնքելուց հետո ուղարկվել է Նիդերլանդների Դելֆթ քաղաքի ISISPACE կենտրոն:
«Արբանյակը մեր և ISISPACE կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել ենք Նիդեռլանդների օդատիեզերական կենտրոն (NLR), որտեղ և անցել է թեստավորումը: Հետո այն նորից տեղափոխվել է ISISPACE, որտեղ կատարվել է արբանյակի ինտեգրացիան տեզերքում այն հրթիռից դուրս հրող և ուղեծիր հանող սարքի հետ։ Այս գործըթացն իրականցվել է այլ երկրների արբանյակների հետ միաժամանակ: Դրանք բոլորն առաջիկայում ամրացվելու են Falcon-9 հրթիռին և արձակվեն տիեզերք»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:
Այժմ արբանյակը բերված է նախաթռիչքային վիճակի և հրթիռի տիեզերք հանող հատուկ սարքի մեջ սպասում է թռիչքին:
Հոկտեմբերի 13-15 անցկացվող «ԴիջիԹեք» 18-րդ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է Hayasat-1-ը տիեզերքում բացելու ալեհավաքներն ու ազդանշաններ ուղարկելու Երկիր:
«Երկրային նմուշը իրական արբանյակի կրկնօրինակն է․ նրա վրա նախապես մշակվել ու փորձարկվել են բոլոր ծրագրերը, համակարգերը, հետո միայն, ըստ ձեռք բերված փորձի և մշակված ընթացակարգերի, պատրաստվել է թռիչքային նմուշը։ Երբ արբանյակն արդեն պատրաստ է լինում թռիչքի, դրա վրայից հանվում է հատուկ կարմիր լեզվակը՝ այդպիսով ակտիվացնելով արբանյակի ալեհավաքների բացման մեխանիզմը։ Հետո արբանյակը տեղադրվում և ֆիքսվում է տիեզերքում այն դուրս հրող հատուկ սարքում, որտեղ սեղմվում են բացման մեխանիզմի գործարկումը կանխող սեղմակները: Երբ Falcon 9-ն արդեն տիեզերքում լինի, սարքը զսպանակներով դուրս կհրի արբանյակը, սեղմակները կազատվեն, ինչի արդյունքում կսկսվի հետհաշվարկ, որպեսզի սահմանված ժամանակն անցնելուց հետո հերթով բացվեն Hayasat-1-ի 4 ալեհավաքները, ու սկսվի դրանց միջոցով ազդանշանների հաղորդումը Երկիր»,- ներկայացվեց ցուցադրության ժամանակ:
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ունի վերերկրյա կայանք, որի միջոցով էլ որսալու է արբանյակի ուղարկած ազդանշանները՝ հենց արբանյակն անցնելիս լինի Հայաստանի վերևով:
Այս կայանքով թիմն արդեն ազդանշաններ է ստացել ֆրանսիական Վերսալի համալսարանի արբանյակից ու փոխանցել նրանց: «Բազումք»-ի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ սա փոխշահավետ համագործակցություն է, քանի որ հետագայում, եթե իրենք էլ ուզենան տվյալներ ստանալ Hayasat-1-ից, երբ այն անցնելիս լինի Ֆրանսիայի վերևով, Վերսալի համալսարանը կարող է աջակցել իրենց:
«Տիեզերական ոլորտը երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի, որովհետև ամենավերջին բարձր տեխնոլոգիաները կիրառվում են տիեզերքում ու գաղտնիք չէ, որ տիեզերքի տնտեսական շուկան էլ խոստումնալից է: Ես հույս ունեմ, որ Հայաստանը իր տեղը կգտնի այդ շուկայում: Հայաստանում տիեզերական ոլորտի մեծ ներուժ կա: Տիեզերական ոլորտում մինչև հիմա գործունեություն չի եղել, եթե չհաշվենք Խորհրդային միության տարիները: Կարող ենք ասել, որ ոլորտը 0-ից է սկսում։ Կարծում եմ, որ պոտենցիալ կա ու պետք է զարգացնել»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:
«Բազումք»-ն ու CSIE-ը սեպտեմբերին դրամահավաք են սկսել, որի նպատակն է և՛ հանրությանն իրազեկել իրենց նախագծի մասին, և՛ միջոցներ հայթայթել հետագա աշխատանքների համար։ Դրամահավաքը դեռ շարունակվում է:
Նոյեմբերի վերջին Hayasat-1-ը Falcon 9-ով կարձակվի տիեզերք:
Հոկտեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
2023թ. հոկտեմբերի 26-29-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:
Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:
FINTECH360 ծրագրում ներառված են ելույթներ և պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.
- Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:
- Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր և BNPL ծառայություններ:
- Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների և ներդրումների համար:
- Open Banking և Open API:
- Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն:
- Միջսահմանային դրամական փոխանցումներ և վճարումներ. նոր ռազմավարություններ:
- Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն և NFT շուկաների զարգացումը:
- e-Commerce. հիմնական շարժիչ ուժը և աճի հեռանկարները:
- ESG և անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:
- Թվային բանկ ՓՄՁ-ների համար:
Այս տարի Հայաստանը նշում է դրամի 30-ամյակը, և համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին կներկայացվի նաև ազգային արժույթի ստեղծման, ներդրման և զարգացման պատմությունը։
Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական և ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը:
Վանաձորը կդառնա հայկական ՏՏ համայնքի համախմբման կենտրոն
Tech Week-ը վերադառնում է` կրկին իր շուրջ համախմբելով հայկական տեխնոլոգիական համայնքը։ Այս անգամ տեխնոլոգիական շաբաթը տեղի կունենա Վանաձորում։ Նախորդ տարիներին տեխնոլոգիական շաբաթներն անցկացվել են Արցախում և Գյումրիում։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը հայկական տեխնոլոգիական ու բիզնես համայնքի ներկայացուցիչները կհանդիպեն Վանաձորում՝ միավորելու իրենց փորձը, քննարկելու տեխնոլոգիաների զարգացումները և ստեղծելու նոր հնարավորություններ՝ մարզային համաչափ զարգացման համար։
Tech Week Vanadzor-ի կազմակերպիչներն են՝ Zealous, The Crowdfunding Formula և The Factory ընկերությունները։
Տեխնոլոգիական շաբաթվա կազմակերպիչները նշում են, որ միջոցառման գլխավոր նպատակն է համայնքային համաչափ և շարունակական զարգացումը, փորձի փոխանակումը, նոր թիմերի ստեղծումը և երիտասարդների զինումը գիտելիքով ու հմտություններով։ «Այն կստեղծի նոր հնարավորություններ, ինչպես նաև թույլ կտա բացահայտել մեր ողջ ներուժը և կնպաստի Հայաստանի հզորացմանը։
Միջոցառման հիմնական ուղղությունները տեխնոլոգիաներն են, բիզնեսը, մարքետինգն ու հանրային կապերը, դիզայնը»։
Միջոցառումն անցկացվելու է ապակենտրոն՝ միաժամանակ 3 վայրում։ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը կլինի միջոցառման հիմնական վայրը, կլինեն կոնֆերանս, ելույթներ, պանելային քննարկումներ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) սպասվում է ԴևHaks հաքաթոնը, իսկ Վանաձորի պետական համալսարանում (VSU)՝ «Wings» գաղափարների մրցույթը։
Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Tech Week Vanadzor 2023-ի շրջանակում արդեն իսկ ավարտվել է ԴևHacks հաքաթոնի հայտերի ընդունումը։ Մրցույթին մասնակցելու են 3-5 անդամ ունեցող թիմերը։ Առաջին տեղ զբաղեցնող թիմին սպասվում է 10,000 դոլար մրցանակ։
Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդն այս պահին 13,500 դոլար է, որը կարող է նաև ավելանալ:
Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք
Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա: Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: «Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE – Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել՝ հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս: Փորձել ենք սկսել պարզագույնից, քանի որ թղթաբանական շատ հարցեր կան, որոնց միջով Հայաստանն առաջին անգամ է անցնում: Տիեզերք արբանյակ ուղարկելը տարբեր հաստատումներ է պահանջում: Շատ քայլեր մեր պետության համար առաջինն են, և պատկերացրեք՝ Հայաստանն ունենալու է սեփականություն, որը ոչ միայն մեր երկրում չէ, այլև տիեզերքում է»,- նշեց Մարտիրոսյանը: Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեն մեկ անգամ պտույտ է կատարելու: Bazoomq-ից նշում են՝ իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն: «Մեր խնդիրը դե ֆակտո բոլոր պրոցեսների միջով անցնելն է՝ թե հավաքման, թե թեստավորման, փաստաթղթերի, կառույցների հետ համագործակցության հարցերում: Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասաց համահիմնադիրը: Արտադպրոցական խմբակից մինչև հայրենական առաջին արբանյակի ստեղծում Bazoomq-ը հիմնադրել են մի քանի ընկերներով։ Սակայն դրա հիմքերն ու արմատները դեռ 35 տարի առաջ էին դրվել: 35 տարի առաջ Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Մարտիրոսյանի խոսքով՝ հասունացավ մի պահ, երբ վստահ էին՝ ժամանակն է տիեզերական լաբորատորիա ստեղծել: Bazoomq-ի հիմնադրման աշխատանքը սկսել են 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էին, հասկացան՝ պետք է անցնել նոր մակարդակի։ Անվան շուրջ մտածել են երկար, տարբերակները շատ են եղել, բայց, ի վերջո, կանգնել են Bazoomq-ի վրա, որը աստղաբույլ է նշանակում։ «Bazoomq-ի հիմնական նպատակը տիեզերական էկոհամակարգ ստեղծելն է, տիեզերական տեխնոլոգիաների շուրջ հնարավորին չափ հայկական և միջազգային գործընկեր ներգրավելը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը վերսկսելը»,- ասաց Մարտիրոսյանը: Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը Մարտիրոսյանը նշեց՝ գրեթե զրոյից են սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Գիտելիքային բազան պահպանվել է: Կայուն քայլերով առաջ շարժվելու պոտենցիալը Մարտիրոսյանը տեսնում է: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ հզոր ռազմավարություն, ուժեղ տիեզերական պլան Հայաստանի համար։ «Ռազմավարության նախնական տարբերակ էինք պատրաստել ու որպես սևագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերջնական մշակումը շարունակվում է նախարարության հետ»,- նշեց նա: Bazoomq-ի և տիեզերական տեխնոլոգիաների դերը Հայաստանի անվտանգային հարցերում Լաբորատորիայի համահիմնադիրը համոզված է՝ տիեզերական տեխնոլոգիաները պետության համար անվտանգային հարցերում մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ գլոբալ առումով ինչքան զարգացած են պետության տիեզերական տեխնոլոգիաները, այդքան հզոր է պետությունը: «Ուզում ենք Հայաստան բերել տիեզերական տեխնոլոգիաները, որը կլինի հիմք, որպեսզի հետագայում մեր երկրում ստեղծվեն այնպիսի արբանյակներ, որոնք պատրաստ կլինեն մեծ խնդիրներ լուծել: Մենք այս գործում լինելու ենք պիոները և մեր հետևից տանելու ենք տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Ստեղծելու ենք այն էկոհամակարգը, որտեղ կստեղծվեն այնպիսի ստարտափներ, որոնք կլուծեն մեծ խնդիրներ»,- ասաց Մարտիրոսյանը: CSIE հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը, որը հայրենադարձվել և միացել է մեծ առաքելությանը, նշեց՝ եթե լինի կամք, ապա կարողությունները հնարավոր կլինի գտնել։ «Դրսից և ներսից ասում են՝ Հայաստանը փոքր երկիր է, կարողությունները սահմանափակ են, շատ ամբիցիաներ պետք չէ ունենալ, պետք է մեր չափն իմանանք: Իրականում լավ է երազելը, կարևոր է կամք ձևավորելը, իսկ եթե ունենաս կամք, ապա կգտնես կարողություններ»,- նշեց Կումրիգյանը: Bazoomq-ն այս պահին կենտրոնացած է արբանյակի վրա: Ժամանակը քիչ է՝ աշխատանքները շատ: Առաջիկայում պետության հետ համագործակցությունը ընդլայնելու պլաններ ունեն: Պատրաստվում են նաև բուհերի հետ աշխատանքներ սկսել: Լաբորատորիան անընդհատ առաջ շարժվելու, զարգանալու և զարգացնելու միտում ունի:
© factor.am
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը կրկին տեղի կունենա Երևանում
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) պատրաստվում է 2024 թվականին վերադառնալ Երևան: 2019 թվականին հեղինակավոր միջոցառումը հյուրընկալելու հաջողությունից հետո Հայաստանի ՏՏ ոլորտը պատրաստ է ևս մեկ անգամ ցուցադրել իր նորարարությունն ու գերազանցությունը համաշխարհային հարթակում։ Հիմնվելով WCIT 2019-ի հաջողությունների և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) հետ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) շարունակական գործակցության վրա՝ Հայաստանին տրվել է 2024 թվականին նշանակալի միջոցառումը կրկին հյուրընկալելու արտոնություն։ WCIT 2024-ի թեման է «Գիտությունը որպես թվային դարաշրջանի խոստումները կատարելու միջոց»: Այս թեմատիկ շեշտադրումն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ օգտագործելու գիտական առաջընթացները՝ ընդգրկելով թվային դարաշրջանի ողջ ներուժը: «Սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար ևս մեկ նոր հաղթանակ է և ևս մեկ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»: Պատրաստվե՛ք, քանի որ նոր WCIT-ը լինելու է ավելի մեծ, ավելի հնչեղ և ավելի լավը, քան եղել է երբևիցե»,-նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: WCIT 2024-ի մասին մանրամասները կներկայացնենք առաջիկա մամուլի ասուլիսի ընթացքում, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: Իսկ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՏՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:
Հայտնի են սփյուռքից հայրենադարձությունը խթանող «Ներուժ» ծրագրի հաղթող թիմերի անունները
Սփյուռքից մասնագիտական հայրենադարձությունը խթանող «Ներուժ» ծրագիրը, որն անցկացվում է արդեն 4-րդ անգամ, այս տարի Դիլիջանում մեկ հարկի տակ էր համախմբել 22 թիմի՝ աշխարհի 7 երկրից:
Դասախոսություններով, սեմինարներով, մենթորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած 6-օրյա ծրագրից հետո հանձնաժողովի որոշմամբ՝ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրեց «Propulsion Lab»-ը, 2-րդ տեղը` «Dynamica»-ն, 3-րդ տեղը` «Maestrolls»-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչվեց «Waveye Inc» ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրեց «Parsl.ai»-ը, 3-րդ տեղը` «OQNI» ընկերությունը։
Ծրագիրն իր գործիքակազմով խթանում է Սփյուռքում արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների հայրենադարձությունը Հայաստան գալը և նրանց մասնագիտական ունակությունները հայաստանյան բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի մեջ օգտագործելը:
«Նախորդ տարիներից ունենք բազմաթիվ հաջողված ստարտափեր, որոնցից որոշներն ունեն պրոդուկտ, իսկ որոշներն էլ դեռևս մշակման փուլում են: Շատ հաջող պատմություններ ունենք ինչպես նախորդ տարվանից, այնպես էլ «Ներուժ 2»-ից և «Ներուժ 1»-ից: Նախորդ տարի ունեցել ենք 3 հաղթող, որոնցից 3-ն էլ բիոտեխնոլոգիական ոլորտն էին ներկայացնում»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը:
Հաղթողներին ընտրելիս՝ ուշադրություն են դարձրել նորարարության բաղադրիչին, իրագործելիության չափանիշին, շուկա մուտք գործելու հնարավորություններին և գաղափարին: Որևէ ոլորտի վրա հատուկ շեշտադրում չի եղել, քանի որ կարևորում են տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության բոլոր ճյուղերում:
Միրզոյանն ընդգծեց՝ բացի դրամական աջակցությունից, որը ընկերությունները օգտագործում են սեփական պրոդուկտի զարգացման, շուկա մուտք գործելու, մարքեթինգի և այլ ծախսերի վրա, օգնում են նաև բիզնեսի կայացման հարցերում:
«Մենք հետևողական աշխատանք ենք տանում: Հետևողական ենք նաև ընկերությունների՝ տարբեր ֆոնդերից ու ներդրողներից ստացած ներդրումների նկատմամբ: Իրենց հաջողությունը մեր հաջողությունն է: Վերջնանպատակը այդ ընկերություններին միաեղջյուր (unicorn) կարգավիճակում տեսնելն է»,- ասաց նա:
Միրզոյանի խոսքով՝ նախարարության գերնպատակը որակյալ ստարտափեր ունենալն է, որոնք մեծ հաջողություններ կգրանցեն, դրա համար այդ ստարտափերին ընկալում են որպես իրենց ընկերություններ և ջանք չեն խնայում դրանց զարգացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար:
Տեխնոլոգիական ոլորտի անընդհատ զարգացմանը զուգընթաց, ծրագիրը հղկվում է: Միրզոյանի խոսքով՝ «Ներուժ»-ը կարող են հաջողված համարել, եթե մասնակից ընկերությունները շարունակեն իրենց աշխատանքը: «Ներուժ» ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե ունի նախապես ձևավորված թիմ, հիմնադիրը (կամ համահիմնադիրների առնվազն 50%-ը), ունի/ունեն հայկական ծագում, չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների), վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում, գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում, գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում, հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, համահիմնադիրները ցանկանում են Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել Հայաստանում առնվազն 1 տարի:
2018 թվականին մեկնարկած «Ներուժ» պետական ծրագրի նպատակն է խթանել Սփյուռքի մասնագիտական հայրենադարձությունը` նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:
Մեկնարկում է թվային արվեստի ձեռներեցության անվճար դասընթացը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator վենչուրային աքսելերատորը և ISTC հիմնադրամը համատեղ սկսում են բոլորովին նոր շուկայական ուղղվածություն ունեցող մասնագիտական ծրագիր։
Digital Art Entrepreneurship անվճար ծրագիրը նախատեսված է 15-24 տարեկան երիտասարդների համար, որոնք ստացել կամ ստանում են մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում: Դասերը կմեկնարկեն օգոստոսի 7-ից:
Ըստ կազմակերպիչների՝ ծրագիրը կզարգացնի մասնակիցների ձեռնարկատիրական և թվային արվեստի հմտությունները՝ ծանոթացնելով նրանց հայկական թվային արվեստի առաջատար ընկերությունների և փորձագետների հետ։
Նախագծային ուսուցման միջոցով մշակված ծրագիրը մասնակիցներին կտրամադրի իրական մարտահրավերներ՝ տրված գործող բիզնեսների կողմից։
«Վարպետության դասերը կիրականացվեն մասնագիտական խորը գիտելիքներով հարուստ ոլորտի լավագույն մենթորների կողմից, NFT Art (հարթակներ, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար), Ֆրիլանս հարթակներ (պլատֆորմներ, պրոֆիլավորում, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար), Generative AI (DALL-E 2, WOMBO, Open AI և այլն), խաղի դիզայնի տարրեր (խաղի նախագծման փուլեր, ժանրեր, MVP, վաճառք, գնագոյացում), խաղի արվեստ. 2D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում, UI/UX + Adobe Illustrator), խաղի արվեստ. 3D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում + Maya) թեմաներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ կկարողանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շնորհիվ 2023 թվականից Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին: Սա նաև հնարավորություն կտա շատ աշակերտների կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն:
Ծրագրի հեռանկարների, հնարավորությունների, գործարկման ժամկետների և մի շարք կարևոր հարցերի մասին պատմել է FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության՝ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:
Սուսաննա Ազատյանն ընդգծեց, որ նման դասընթացի իրականացման գաղափարը ողջունելի է, քանի որ այն կնպաստի ավագ դպրոցում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ հավելելով, որ նման մասնագիտական ռեսուրսի կարիքը զգացվում է Հայաստանի աշխատաշուկայում: Միաժամանակ ծրագրի ներդրման շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել համապատասխան ուղղվածությամբ ուսումնական հաստատություններում:
«Ծրագրի փորձարկումը նախատեսվում է 2 մակարդակով՝ առաջին մակարդակը մեկնարկում է 10-րդ դասարանից և միտված է զարգացնելու մաթեմատիկական և ալգորիթմիկ մտածելակերպ ունեցող սովորողների խումբ, ովքեր կզինվեն անհրաժեշտ հմտություններով ու կստանան մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղին ընտրելու համար։ Պիլոտային փուլի մեկնարկը կտրվի 2023 թ․ սեպտեմբերին։
Երկրորդ մակարդակը մեկնարկում է 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակից և աշակերտին հնարավորություն կտա ստանալու Արհեստական բանականության ուղղությամբ տեսական և գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։ 2023 թվականի հունվարից նախատեսված է երկրորդ մակարդակի պիլոտավորումը Տավուշի ավագ դպրոցներում՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից ձեռնարկած Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի շրջանակում»,- ասաց Սուսաննա Ազատյանը:
Նա ընդգծեց, որ ծրագիրը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանած թիրախներին, այն է՝ ԳՏՃՄ առարկաների դասավանդման բարելավմանն ու զարգացմանն ուղղված գործողություններ:
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշեց, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում և ծրագրով նախանշված է ընդհանուր մաթեմատիկական կրթության որակի բարելավում 10-12-րդ դասարաններում, ծրագրավորման և համակարգչային գիտության, կրթության բարելավում, որոնք նախապայման են արհեստական բանականությունը սովորելու և մասնագիտական կողմնորոշման համար: «Կարևոր է շատ, որ աշակերտները հենց դպրոցում հասկանան, թե ի՞նչ է արհեստական բանականությունը, և թե ի՞նչ է իրականացնում այս ոլորտի հետազոտողը: Ինչպես նաև կիրականացվեն դասավանդող խմբի վերապատրաստումներ, որից հետո այս բոլոր բաղադրիչների մշակման արդյունքում արդեն 2023 թվականի սեպտեմբերից ծրագիրը կփորձարկվի 10 դպրոցներում»,- ասաց նա:
Անուշ Այվազյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն աշխարհի ամենազարգացող ուղղություններից մեկն է, և, որպեսզի մեր երկիրը և երեխաները ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով, ապա այս կրթությունը պետք է սկսեն դպրոցական ծրագրից, որովհետև այնտեղ կան շատ թերացումներ, որոնք տանում և հանգեցնում են հետագայում ավելի խորը բացերի այն փուլում, երբ քաղաքացին պետք է մասնագետ դառնար:
«Դրա համար մեր ամբողջ ծրագիրը սկսվում է դպրոցականից, հիմնականում դպրոցական մակարդակում մենք այդ նախապայման հանդիսացող գիտելիքների վրա ենք հիմքը դնում՝ մաթեմատիկա և ծրագրավորում: Այնուհետև այն երեխաները, ովքեր կկարողանան ավելին, 12 –րդ դասարանում իրենց համար ծրագիր կլինի նաև խորացված արհեստական բանականության ուղղությամբ: Մենք նպատակ ունենք ամբողջ Հանրապետության մակարդակով բարձրացնել այս երկու ուղղությունների դերը, որը ԳՏՃՄ ոլորտի համար պահանջվող մասնագիտության հիմքն է»,- ասաց նա:
Ըստ Անուշ Այվազյանի՝ այս հիմքը դնելուց հետո այն երեխաներին, ովքեր մոտիվացիա և համապատասխան գիտելիքներ կունենան արհեստական բանականության ուղղությամբ, կուղղորդեն դեպի այդ դաշտ, ինչպես նաև կունենան երեխաների մի մեծ խումբ, ովքեր խորացված գիտելիքներ կունենան ԳՏՃՄ ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների համար:
Անդրադառնալով ուսուցիչների ու մասնագետների մասով բացը լրացնելու հարցին՝ մասնագետը նշեց, որ մի քանի մոդել ունեն. մաթեմատիկայի մասով, հիմնվելով եղած մասնագետների վրա, փոխելու են դասավանդման մեթոդաբանությունը, որպեսզի երեխաներին կարողանան ներգրավել և ակտիվ ուսումնառություն իրականացնել: ԳՏՃՄ ոլորտի գիտելիքների՝ ծրագրավորման և արհեստական բանականության մասով ունեն երկու մոդել, մեկն ավելի շատ հիմնված է առցանց հարթակների և ինքնուսուցման վրա, և այստեղ փոխվում է ուսուցչի դերը. նա դառնում է օժանդակող, որպեսզի այդ ինքնակրթությունը իրականացվի: Երկրորդ մոդելի դեպքում ինդուստրիայից և բուհական կրթությունից մարդկանց են ներառում դասավանդողի դերում՝ արդեն հիբրիդային ֆորմատով:
Մեզ հետ զրույցում Անուշ Այվազյանն ասաց, որ ծրագրի հանդեպ դպրոցների հետաքրքրությունը մեծ է. եղել են և՛ մասնավոր, և՛ պետական դպրոցներ, որոնք անձամբ են դիմել ծրագիրը իրենց դպրոցներում փորձարկելու հարցով:
Նա կարևորեց նաև այն փաստը, որ սա պետական ծրագիր է, և լինելու է ոչ թե արտադպրոցական խմբակ, այլ՝ հաստատված առարկայացանկ:
«Եվ ընդհանրապես այս ծրագիրը համագործակցությունների հիման վրա ծրագիր է: Մենք նպատակ չունենք կրկնել կամ նորից ինչ-որ բան ամբողջովին մշակել, եթե կան ոլորտային կառույցներ, որոնք հմտացած են տարբեր բաղադրիչներով, մենք գնում ենք համագործակցության, օրինակ՝ «Այբ»-ը, ՔՈԱՖ-ը, «Դասավանդիր Հայաստան»-ը: Շատերի հետ մեր ցանկությունները և պլանները համընկել են և արդեն նախնական պայմանավորվածություններ ձեռք են բերվել»,- եզրափակեց FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը:
Ստարտափներից մինչև տեխնոկրթություն ու գիտություն, իսկ Հայաստանը՝ Մարսի հետազոտությունների կենտրոն. «ԴիջիԹեք 22»-ն արդեն պատմություն է
Տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ու առաջատար ընկերություններին մեկ հարթակի տակ էր համախմբել տարվա հաշվետու միջոցառումը։ 17-րդ Դիջիթեքին մասնակցում էր ավելի քան 120 ընկերություն, 30 խոսնակ 9 երկրից և 2000 գրանցված այցելու։ Այս տարվա տեխնոցուցահանդեսը ամենամեծն էր իր պատմության մեջ՝ 2000 քառակուսի մետր տարածքով։ Միաժամանակյա համաժողովներ ու պանելային քննարկումներ, հստակ գոտիներ՝ բուն ցուցահանդեսի տարածք, ստարտափներ, կրթական կազմակերպություններ և նախագծեր, կանաչ տեխնոլոգիական գոտի, հովանավորների հատված։
Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ընկերություններ տարբեր երկրներից՝ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից։ Ինչպե՞ս կհիշվի DigiTec22-ը, որո՞նք էին ամենահետաքրքիր իրադարձություններն ու ի՞նչ սպասել տեխնոիրադարձության ավարտից հետո:
Համաժողովի ընթացքում պանելային քննարկումներում հանդես եկան ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ՝ քննարկելով իրենց երկրի փորձը և համադրելով դրանք Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կիրառելիության հետ:
«ԴիջիԹեք22»-ին ներկայացված էին ամենահետաքրքիր նոր ստարտափներն ու արդեն իսկ հայտնի բիզնեսներ՝ ֆինանսաբանկային ոլորտից մինչև կրիպտո, ռեստորանային լուծումներից մինչև հաստոցաշինություն, AI նկարչությունից մինչև հակակարկտային համակարգեր:
Առանձին տաղավարով ներկայացված էր կանաչ էներգիայի ոլորտում տվյալների կառավարմամբ զբաղվող ZEVIT ընկերությունը: Ընկերությունը հիմնականում աշխատում է քամու էներգիայի ոլորտի ընկերությունների հետ: Նպատակ ունեն կանաչ էներգիան դարձնել ավելի մատչելի:
Sceyt ընկերության հիմնադիր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ 2020 թվականին հիմնադրած ընկերությունը զբաղվում է հաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելով: Ընկերությունը հնարավորություն է տալիս գոյություն ունեցող հավելվածներում րոպեների ընթացքում ինտեգրել բազմաֆունկցիոնալ չատ, որը թույլ կտա փոխանակել տվյալ հավելվածի օգտատերերի միջև հաղորդագրություններ, աուդիո, վիդեո ֆայլեր:
«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը ցուցահանդեսին ներկայացրեց 5R (վերացում, վերօգտագործում, վերամշակում, վերականգնում, վերջնական թափոնների կառավարում) հայեցակարգով արտահայտված թափոնների կանխարգելման և կառավարման սկզբունքները:
Իսկ 2024-ին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Հայաստան կժամանեն տիեզրագնացներ Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Իտալայից և Մեծ Բրիտանիայից։ Կանցկացվեն տիեզերական փորձարկումներ՝ նախապատրաստելով Մարսի հետազոտական առաքելություններին։
«ԴիջիԹեք22»-ին նաև առաջին անգամ ներկայացավ «AMADEE-24»՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում ներկայացնող կազմակերպչական թիմը։ Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը 2024-ին կներկայանա «Գառնիից (ՀՀ) Գառնի (Մարս)» խորագրով։ Դեպի Մարս թռիչքի AMADEE-24 անալոգի մոդելավորումը գիտահետազոտական նպատակներով է։ Այս թռիչքի փորձարկումները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Առաքելությունն իրագործելու համար ընտրվում է երկիր, որտեղ ենթադրյալ վեց տիեզերագնացի անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և վերջինիս վրա վայրէջքի փորձարկմանը:
Նորություններ ուներ նաև Հայաստանում ամենաստեղծարար տեխնոլոգիական կենտրոնը։ Եվրամիության հետ համատեղ ԹՈՒՄՈ-ն կկառուցի ինժեներական և կիրառական գիտելիքների համալիր։
Տաղավարով ներկայացված էր նաև Օհանյան կրթահամալիրը, որտեղ բացի հիմնական դպրոցական առարկաներից, դասավանդվում է նաև ռոբոտաշինություն և ինժեներիա առարկաները, որի շրջանակում երեխաները հավաքում և ծրագրավորում են ռոբոտներ:
Ծրագրի գլխավոր մաս էր կազմում ռոբոտաշինությունը և ավտոմատացումը։ Ներկայացված էին Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի բազմաթիվ նախագծեր․ դրոններից մինչև ռոբոտներ ու սեյսմակայուն շենքի և ամրակայուն կամրջի նախագիծ։
«Մեր սեյսմակայուն շենքը երկրաշարժի ժամանակ չի փլուզվի։ Երրորդ հարկը կառուցված է մնացած հարկերին հակառակ, որն էլ ապահովում է շենքի սեյսմակայունությունը։ Նախագիծը կազմել ենք 3 օրում, փորձարկումներ ևս անցել է»,- ներկայացրին նախագծի հեղինակ Կարինե Ղազարյանն ու Ռիտա Ամիրյանը։
«ԴիջիԹեք»-ում էր ներկայացված նաև Արմաթի առաջին «շրջանավարտ-ստարտափը»՝ Նոյեմբերյան քաղաքում ստեղծված ProtoLab-ը, որը 3D մոդելավորմամբ և տպագրությամբ զբաղվող տեխնոինժեներական աշխատանոց է:
«Մենք ընկերություններին առաջարկում ենք իրենց անհատական, յուրօրինակ գրասենյակային պարագաները: Այն, ինչ մարդիկ երևակայում են, մենք այդ ամենը կարող ենք իրագրոծել: Այս ամենից զատ, նաև աշխատում ենք առանձին ստարտափ պրոդուկտի վրա»,- ասաց ProtoLab-ից Մանե Պողոսյանը:
Ավելի քան 10 գիտական տաղավարներ իր շուրջն էր համախմբել Գիտուժ նախաձեռնությունը, որի նպատակն է գիտության հանրայնացումը: Գիտուժից նշեցին, որ առաջին անգամ է, որ «ԴիջիԹեք»-ին ներկայանում են տաղավարների նման քանակով:
Հատկանշական է, որ այս տարի տաղավարներ ունեին ոչ միայն հայկական, այլ նաև վրացական ստարտափները, որոնք ներկայացնում էին մի շարք SaaS պրոդուկտներ, ռուսական ստարտափներ՝ AI-ից մինչև հաստոցաշինական լուծումներ առաջարկող, ինչպես նաև իրանական ստարտափներ՝« Իրանական ընկերությունների միություն Գլոբալ իննովացիոն կենտրոն»-ի կողմից. վերջինս 2022 թվականից ԱՏՁՄ անդամ է:
«Իրանական ընկերությությունների միություն Գլոբալ ինովացիոն կենտրոնը» «ԴիջիԹեք»-ի ընթացքում ներկայացրեց իր ասոցիացայի կազմի մեջ մտնող ընկերությունների գործունեությունը և պրոդուկտները։ Կազմակերպիչներից նշեցին, որ կենտրոնի կողմից ներկայացված մոտ 10 ընկերությունները Հայաստանում նոր գործակցության եզրեր գտնելու հեռանկարներ ունեն:
Այս տարի «ԴիջիԹեք»-ը կրում էր «Ամբիցիոզ Թեք․բաց տնտեսությունների դիմակայությունն աշխարհի աճող առկայության պայմաններում» խորագիրը։
«Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները դիմակայության ապահովման կարևորագույն գործիքներից են, և Հայաստանը այս տարվանից սկսած պետք է դիրքավորվի, ԴիջիԹեքը, մասնավորապես, պետք է դիրքավորվի որպես վայր, և համաժողովը, որպես միջոցառում, որտեղ աշխարհի փոքր երկրները քննարկում են իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Սուրճի շուրջ հանդիպումներ տեխնոոլորտի ներկայացուցիչների հետ, «Ներդրողների օր»՝ ոլորտի կարևոր թեմաների քննարկմամբ, համագործակցության հուշագրեր «պետություն-ընկերություններ» ձևաչափով և ոչ միայն, նեթվորքինգ Մարզահամերգայինի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա, հնարավորություններ ու ծանոթություններ:
Doing Digital ֆորումը Հայաստան կբերի թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը
Երևանում ապրիլի 5-ին կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրույթի շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։
«Doing Digital» ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է:
Քրիս Սքիներն այսօր տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում: Նա նաև The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital Human», «Digital Bank», «The Future of Banking», «ValueWeb»:
Սքիները որպես գլխավոր խոսնակ է հանդես գալիս ֆինթեքի առաջատար միջազգային համաժողովների ու միջոցառումների ժամանակ, ներկայացնում իր մոտեցումները ոլորտի վերջին զարգացումների և թվային փոխակերպումների ապագայի վերաբերյալ: Doing Digital ֆորումը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:
Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի նաև ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։
Doing Digital ֆորումի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։
Doing Digital ֆորումը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ, այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:
SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում:
SPRING PR ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ: SPRING PR-ը համաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիան (WCFA):
Ընկերությունը տարիների ընթացքում բարձրագույն մրցանակների ու ճանաչման է արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ այդ թվում՝ Eventiada IPRA Golden World Awards-ում, C4F Davos Awards-ում (Communication for Future Davos Awards), WCFA-ի Davos Digital PR Awards-ում (Best Digital PR Project ), իսկ 2021 թվականին հաղթող է ճանաչվել IPRA Golden World Awards-ում, որը համարվում է ոլորտի Օսկարը։ SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքանյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Sme.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Հայկական MetaGait-ը քայլելու և առողջ ապրելու հնարավորություն է տալիս զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին
«MetaGait»-ն աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է, որը ստեղծվել է Հայաստանում, հաշմանդամություն ունեցող հայ զինվորների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար։
Այն կանխում է չքայլելու հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ, որոշները՝ անգամ մահացու։ Սարքն իրականացնում է քայլի իմիտացիա։ Երբեմն էլ վերականգնվում է քայլը։
Նախագծի հեղինակները նշում են, որ հաշմանդամություն ունեցող 9000 հայ զինվորներից 350-ը տեղաշարժվում են սայլակով, 125-ի վիճակը ծանր է: Չքայլելու հետևանքով առաջանում են 30+ հիվանդություններ, որոշները՝ մահացու։ MetaGait-ը կանխարգելում է դրանք։
Չքայլելու հետևանքով կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ պառկելախոցը, սրտանոթային համակարգի դեգեներատիվ փոփոխությունները, օրթոստատիկ հիպոթենզիան, երակային կանգը, խորը երակային թրոմբոզը, թոքային էմբոլիան և այն։
MetaGait-ն աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքն է՝ համալրված վիրտուալ իրականությամբ։
MetaGait-ը ստեղծվել է Հայաստանում, հաշմանդամություն ունեցող հայ զինվորների համար և պատենտավորված է աշխարհի 156 երկրներում։
Սարքը հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս սենսորների միջոցով, վիրտուալ միջավայր է ստեղծում՝ մշտապես հարմարեցնելով բուժառուին, նոր նեյրոնային կապեր է ձևավորում ուղեղում՝ ակտիվացնելով մկանային հիշողությունը, սենսորի միջոցով բժշկին են փոխանցվում բուժառուի կատարած քայլերի, անցած ճանապարհի և ծախսած կալորիաների տվյալները։
Քառօրյա պատերազմից հետո՝ 2016 թ.-ից, կինեզիստ Դավիթ Արսենյանն ակտիվորեն սկսեց աշխատել վիրավոր զինվորների հետ՝ զուգահեռաբար մշակելով «MetaGait» սարքի նախնական տարբերակը։ Ապա հիմնելով «ՔայլՏեք» ընկերությունը՝ Դավիթն իր թիմի հետ տարիներ շարունակ ողջ ներուժը կենտրոնացրեց մեր մարտիկների խնդրին արժանի լուծում գտնելու համար։
Բոլոր փորձարկումները գրանցում էին դրական արդյունքներ։
Այս նորարարական լուծումը դրական արդյունքներ է գրանցել նաև մանկական ուղեղային կաթված ունեցող, գլխուղեղի և ողնուղեղի տրավմաներ ունեցող երեխաների քայլքի զարգացման գործում։
Երեխաներն ընդամենը մեկ ձեռքով շարժման մեջ են դնում սարքի բոլոր բաղադրիչները՝ միաժամանակ շարժման մեջ դնելով մարմնի բոլոր հատվածները։
Մի քանի կարևոր հարցեր կապված սարքի հետ։
Ինչպե՞ս է «MetaGait»-ը նպաստում առողջական վիճակի բարելավմանը
Ունի դինամիկ ազդեցություն հենաշարժողական համակարգի վրա,
նվազեցնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը,
խթանում է շնչառական համակարգը,
բարելավում է արյան շրջանառությունը,
կանխարգելում է միզուղիների ինֆեկցիաները,
կանխում է ջիլերի, հոդերի աշխատանքի սահմանափակումը և դեգեներացիան,
բարելավում է հոգեբանական-հուզական վիճակը։
Ինչպե՞ս է կառավարվում «MetaGait»-ը
Կառավարվում է «ՔայլՏեք» ընկերության կողմից նախագծվող անկյան սենսորներով, կառավարման վահանակներով և «Oculus Quest 2» սարքով։
Արդյո՞ք «MetaGait»-ը նորարարություն է համաշխարհային բժշկության ոլորտում
Այո, քանի որ դրա միջոցով իրականացվում է հեռավար նեյրոռեաբիլիտացիա՝ հնարավորություն տալով հաշվել և գրանցել բուժառուի քայլերը, անցած ճանապարհը և ծախսած կալորիաները։
Հնարավորություն է տալիս համատեղել բուժումը խաղերի հետ` խաղացողների միջև ստեղծելով թիմեր՝ նպաստելով նյարդային կենտրոնների վերականգնմանը, նոր կենտրոնների ու նեյրոնային կապերի ձևավորմանը։
Ինչպե՞ս են օգնում վիրտուալ խաղերը բուժման ընթացքին
Մարզման ընթացքում ապահովում է հետաքրքիր ժամանց։
Վիրտուալ խաղերի միջոցով ակտիվացնում է ուղեղի մկանային հիշողությունը, վերականգնում նյարդային կենտրոնները և ձևավորում նոր նեյրոնային կապեր։
Խաղերի տեսարանները և ռելիեֆն ադապտացվում են՝ կախված, թե բուժառուի որ մկանն է անհրաժեշտ զարգացնել:
Խաղերի միջոցով հնարավորություն է ընձեռվում տեսնելու Հայաստանի տեսարժան վայրերը։
Ի՞նչ խաղեր են հասանելի VR ակնոցով։
«MetaGait» դահուկասահք
Խաղը նախատեսված է մեծահասակների և երեխաների համար։ Այն էքստրեմալ սպորտաձև է, որի միջոցով բուժառուի մոտ էքստրիմի, էմոցիաների շնորհիվ իրականացվում է խաղային վերականգնողական թերապիա։
Կիբերտուրիզմ
Այստեղ ներկայացվում են մեր մշակութային տարբեր վայրերը, որտեղ բուժառուն հնարավորություն ունի զբոսնելու, ծանոթանալու միջավայրին և իրականացնելու վիրտուալ տուր։
«MetaGait»-ը նաև քայլելու հնարավորություն է տալիս։
Օրինակ, Դավիթ Մելիքբեկյանն արդեն քայլում է։
Դավիթ վիրավորում է ստացել 2019 թվականի դեկտեմբերի 2-ին՝ մարտական գործողությունների ընթացքում, Մարտակերտ քաղաքում, որի հետևանքով ձեռք է բերել 1-ին կարգի հաշմանդամություն, սակայն 2021 թվականի մայիսից սկսած՝ ստանալով իր Քայլաբեր սարքը՝ «MetaGait» սարքի նախատիպը ու մշտապես օգտագործելով այն, 8 ամիս անց նա կարողացել է առաջին քայլերն անել։
44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանն էլ է ստացել իր «MetaGait»-ը։
Այն հարցին, թե ինչպես է իրեն տեսնում ապագայում, Սեյրանը պատասխանեց.
– Իմ ներկան ինձ դուր է գալիս։ Իսկ իմ ապագան ստեղծում եմ՝ ներկայում ապրելով:
Երկրորդ «MetaGait»-ը հանձնվեց քառօրյա պատերազմի մասնակից Նորայր Ավագյանին։
Նորայրն ապագայում իրեն տեսնում է առողջ, նկարչությամբ զբաղվելիս ու փայտից փորագրված իրեր պատրաստելիս.
«Այսօրվանից շա՜տ ինտենսիվ պարապելու եմ։ Մյուս տղաների հետ էլ միասին պարբերաբար կմարզվենք»։
«MetaGait»-ի արժեքը 3,000,000 դրամ է, սակայն Դավիթն ու իր թիմը պատրաստ են արտադրել սարքերն իրենց ինքնարժեքով՝ հանուն մեր զինվորների և երեխաների առողջության։ Այս պահին reArmenia հարթակում շարունակվում է սարքի արտադրման համար նախատեսված դրամահավաքը։ Ներառված են նաև արտադրման, տեղափոխման և ընթացիկ սպասարկման ծախսերը։
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը կունենա իր նոր բրենդինգը
2023 թվականի մարտին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսին կկայանա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը, այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտի նոր բրենդինգը ներկայացնելուց հետո ԱՏՁՄ-ն նախատեսում է հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել։
«2022թ. մենք բավականին լայնածավալ աշխատանք ենք սկսել տեխնոլոգիական բրենդինգի ձևավորման համար: Վերջին 5 տարում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունենք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու»,-նշեց Չոբանյանը:
Բրենդինգը կներառի ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ուղերձները աշխարհին, ինչը թույլ կտա շահագրգիռ և որոշում կայացնող անձանց ամբողջ աշխարհում ձևավորել ավելի հստակ մոտեցում Հայաստանի ներուժի և հնարավորությունների վերաբերյալ:
Չոբանյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է ՀՀ-ում ոլորտի հեղինակությունը բարձրացնելը և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ըստ Չոբանյանի` իրենց առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, և միության ստեղծած ու իրականացրած յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ։
Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ
Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի նպատակը կրթության մեջ քոուչինգը ներդնելն է։
Այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին և թե ինչպես այն կիրառել կրթության մեջ:
«Այս առումով քոուչինգն ունի մեծ գործիքակազմ։ Ուսուցիչները սովորում են տիրապետել բաց եւ զորեղ հարցերի։ Այդպիսով նրանք նպաստում են աշակերտների եւ ուսանողների գիտակցվածությանը, ակտիվության բարձրացմանը։ Իսկ իրենք էլ հմտանում են աշակերտին կամ ուսանողին լսելու, կարծիքն ընդունելու, ինչպես նաեւ թիմ ձևավորելու կարողությունների մեջ։
Ծրագրի նպատակը կրթության որակի եւ մեթոդների փոփոխությունն է՝ քոուչինգային տեխնոլոգիաների եւ հմտությունների ներդրման միջոցով, ինչը միտված է ուսուցման մեթոդներն ավելի աշակերտակենտրոն, ստեղծարար, հետաքրքիր եւ մոտիվացնող դարձնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ծրագիրը վարում են ICF Հայաստանի անդամ դասընթացավարներ։
Ինչպես նշում է ICF նախագահ Նանա Հովհաննիսյանը, իրական և կայուն փոփոխությունների ամենակարճ ճանապարհը հենց կրթությունն է:
Հայաստանում կանցկացվի AI-code battle, որի ընթացքում AI-ով աշխատող գործիքների կիրառությամբ նոր լուծումներ կմշակվեն
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում երիտասարդների նորարարական մտածողությունը և կարողությունները զարգացնելու նպատակով կանցկացվի նոր մրցույթ՝ AI-code battle, որի ընթացքում արհեստական բանականությամբ աշխատող գործիքների կիրառությամբ նոր լուծումներ կմշակվեն։
«Մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ»,- «-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:
Նրա համոզմամբ՝ արհեստական բանականությունը երիտասարդների կյանքի, աշխատանքի մի մասն է: Մրցույթի միջոցով փորձում են խրախուսել երիտասարդներին հետաքրքրվել գործիքներով, հասկանալ դրանց կիրառությունները տարբեր ոլորտներում:
«Մրցույթի առաջնային նպատակը երիտասարդների շրջանում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառության հանդեպ հետաքրքրութուն առաջացնելն է, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն և հասկանան ինչպիսի գործիքներ կան և ինչպես կարող են կիրառել այդ գործիքները իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Երկրորդ նպատակն է գտնել հետաքրքիր գաղափարներ, հետարքիր երիտասարդների, որոնք կցանկանան իրենց գաղափարը որևէ կերպ առաջ տանել և ինչ-որ փուլում դարձնել բիզնես պրոդուկտ․ ծրագիրը պատրաստ է օժանդակել, մենթորություն անել, տալ հավելյալ հմտություններ, որպեսզի այդ երիտասարդները կարողանան առաջ տանել իրենց գաղափարը»,- ասաց Ղուկասյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի բոլոր մարզերում իրականացնում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիր, որի նպատակն է 19-29 տարեկան երիտասարդներին տարբեր կրթական հնարավորությունների միջոցով տալ այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որպեսզի շուկայում դառնան ավելի մրցունակ, նոր աշխատանք գտնեն կամ իրենց աշխատանքում որոշակի առաջխաղացում գրանցեն: Հենց «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում է հայտարարվել AI-code battle-ը:
«Մրցույթին կարող են մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացված ցանկացած դասընթացին մասնակցած կամ վերջիններիս ներգրավմամբ (առնվազն 1 հոգի) թիմ կազմած երիտասարդները։ Ծրագիրն իրականցվում է արդեն 2 տարի, շահառուների թիվը գերազանցում է 2000-ը»,- նշեց Ղուկասյանը:
Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների, սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում, ինչպես նաև մշակելու հետաքրքիր նախագծեր / դեմո տարբերակներ ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում կիրառության համար:
«Մենք նաև կարևորում ենք արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ: Վստահ ենք, որ կրթության որակը և արդյունավետությունն արհեստական բանականության օժանդակությամբ կբարձրանա: Հետաքրքիր է հասկանալ՝ երիտասարդներն ինչպես են մտածում, ինչպես կօգտագործեն արհեստական բանականությունը՝ որևէ կրթկան նախագիծ կամ մոդել ստեղծելիս»,- նշեց Ղուկասյանը:
Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500․000 դրամ է։ Ունեն 3 անվանակարգ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագծի համար, արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագծի համար և արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագծի/մոդելի համար։
Նա նշեց՝ ստացված հայտերից պարզ է դառնում, որ գաղափարները շատ տարբեր են՝ հասարակ վեբկայքերից մինչև վիդեոմոնտաժի գործիքներ: Սպասում են նոր գաղափարների՝ հաշվի առնելով, որ մրցույթի հանդեպ հետաքրքրությունը իրենց ակնկալիքներից շատ է:
Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայատանում կա արհեստական բանականության սահմանափակ կիրառության մասին գաղափարը, այսինքն՝ բոլորը դիրտարկում են այն որպես ինչ-որ բան անող գործիք, բայց պետք է հասկանալ դրա լայն կիրառությունը:
Մրցույթը շարունակական բնույթ կկրի՞, թե՞ ոչ՝ Ղուկասյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ իրենց համար պարզ չէ, թե տեխնոլոգիաները և արհեստական բանականության գործիքները մեկ տարում ինչպիսի զարգացում կունենան: Գուցե, մյուս տարի մրցույթի անցկացումը անիմաստ լինի:
Մրցույթ իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։