ՆՁԱԿ
   
 

Գիտություն

ՄԱԿ-ի փորձագետները կլիմայական բազմաթիվ փոփոխություններ համարել են անդառնալի  

Կլիմայի փոփոխությունների գծով ՄԱԿ-ի փորձագետների միջկառավարական խումբը (ԿՓՓՄԽ)  հրապարակել է մի զեկույց, որում նախազգուշացրել է, որ կլիմայական բազմաթիվ փոփոխություններ անդառնալի են։
«Ապացույցներն անհերքելի են. ջերմոցային գազերի արտանետումները խեղդում են մեր մոլորակը եւ վտանգի ենթարկում միլիարդավոր մարդկանց: Գլոբալ տաքացումն ազդում է Երկրի յուրաքանչյուր տարածաշրջանի վրա, բազմաթիվ փոփոխություններ դառնում են անդառնալի:
Հաշվետվության համաձայն, «կլիմայի դիտարկվող փոփոխություններից շատերն աննախադեպ են հազարավոր, եթե ոչ՝ հարյուր հազարավոր տարիներ», իսկ փոփոխություններից շատերը, որոնք արդեն սկսվել են, օրինակ, ծովի մակարդակի շարունակական բարձրացումը, «անդառնալի կլինեն հարյուր հազարավոր տարիներ»:
Զեկույցում նշվում է, որ եթե շտապ կարգով չկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, ապա հնարավոր չի լինի առաջիկա տասնամյակում սահմանափակել միջին համաշխարհային ջերմաստիճանի՝ Ցելսիուսի 1,5 աստիճան կամ գոնե Ցելսիուսի 2 աստիճան բարձրացումը: Ավելի վաղ 2018 թվականին ԿՓՓՄԽ-ն հրապարակել էր «Գլոբալ տաքացում Ցելսիուսի 1,5 աստիճանով» զեկույցը, որում նշել է, որ մոլորակն արդեն տառապում է Ցելսիուսի 1 աստիճանով գլոբալ տաքացումից, ուստի անհրաժեշտ է սահմանափակել տաքացումը Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակով:
Փորձագետները հայտարարել են, որ կլիմայի փոփոխությունը վերաբերում է աշխարհի բոլոր տարածաշրջաններին, եւ առաջիկա տասնամյակներին բոլոր տարածաշրջաններում այն է՛լ ավելի զգալի կդառնա: Ցելսիուսի 1,5 աստիճանով միջին համաշխարհային ջերմաստիճանի բարձրանալու դեպքում կավելանա անոմալ տապերի ալիքների քանակությունը, տարվա տաք եղանակները կդառնան ավելի երկար. իսկ ցուրտ եղանակները՝ ավելի կարճ:
Ցելսիուսի 2 աստիճանով գլոբալ տաքանալու դեպքում տապը լուրջ սպառնալիք կդառնա մարդկանց առողջության եւ գյուղատնտեսության համար:
Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի ոչ միայն միջին համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման, այլեւ եղանակային այլ պարամետրերի փոփոխության, ինչը կարող է հանգեցնել հեղեղումների թվաքանակի ավելացման, սառցադաշտերի հալվելու, ծովային էկոհամակարգի փոփոխության:
Նաեւ զեկույցում նշվում է, որ մարդու գործունեությունը գլոբալ տաքացման գլխավոր եւ անվիճելի պատճառն է:

168 ժամ