ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հայ գիտնականները նոր լուծում են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Դա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և կդանդաղեցնի էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը: Այդ մասին հայտնում է ԳԱԱ լրատվական ծառայությունը։
Վերջին տարիներին Սևանա լիճը ծաղկում է ազոտի և ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Արդյունքում, ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը և հանգեցնում ջրային կյանքի խեղման: Սևանա լճում «ծաղկում» առաջացրած Cyanophyta խմբին պատկանող տեսակները տոքսիկ են և արտազատում են կայուն թույներ՝ միկրոցիստիններ և անատոքսին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» և ««Ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրերի շրջանակներում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն իրականացում են Սևանա լճում էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրություններ ու միջոցառումներ:
Գիտնականները համատեղ ուժերով իրականացնում են Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատման և ծաղկման երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակման աշխատանքներ։ Ծրագրերի շրջանակներում իրականացվել է Սևանա լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների գնահատում, լճի ջրային նմուշների գենոտոքսիկության և կլաստոգենության մակարդակների բիոթեստավորում Տրադեսկանցիայի 02 կլոնի առէջաթելերի մազիկների (ԱԹՄ) և միկրոկորիզային թեստ համակարգերի կիրառմամբ:ԱԹՄ-ի բիոթեստի տվյալները ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում ցույց են տվել ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաև անկենսունակ մազիկների քանակի հավաստի բարձրացում: Մաքսիմալ մակարդակի բարձրացում դիտվել է Լճաշենի հարակից տարածքի ջրային նմուշում։ Նմանատիպ արդյունքներ դիտվել են նաև միկրոկորիզային թեստի տվյալների ուսումնասիրության ժամանակ՝ հետազոտելով նրա երկու հիմնական թեստ-կրիտերիաները՝ միկրոկորիզներ պարունակող տետրադների տոկոսը և միկրոկորիզների տոկոսը տետրադներում:
2020թ-ից հետազոտվում են Սևանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։ Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան և անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաև բնական ադսորբենտներն ու բնական պոլիմերները:
Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր և այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվում են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված սիլիցիումի, ալյումինի և թթվածնի ատոմներից:
Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ Փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:
Արդեն իսկ ստացված արդյունքները տպագրվել են մի շարք հանրապետական և արտերկրյա հանդեսներում:Ծրագրի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

https://armenpress.am