ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կապել մարդու ուղեղը համակարգչին՝ առանց լարերի 

Գիտնականները հաջողությամբ ավարտել են աշխարհում առաջին անլար ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի փորձարկումները:
Ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսն արագորեն զարգանում է՝ կոտրելով բոլոր սահմանափակումները։ Ամերիկացի նյարդատեխնոլոգները հաջողությամբ ավարտել են աշխարհում առաջին անլար ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի փորձարկումները։
Ուղեղի ազդանշանների գրանցման ամենաճշգրիտ ձևն այսօր ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս (BCI-Brain-Computer Interface) կոչվող սարքի օգտագործումն է, որը իրենից ներկայացնում է էլեկտրոդների խումբ, որոնք տեղադրվում են հիվանդի գլխուղեղի կեղևում: Այս էլեկտրոդներից ստացված ազդանշաններն այնուհետև փոխանցվում են գանգում տեղադրված սարքին, որն էլ իր հերթին լարերի միջոցով միանում է արտաքին համակարգչին։

Պայմանավորված այն հանգամանքով, որ այս տեխնոլոգիան մարդու գլխուղեղում ներդնելու համար պահանջվում է չափազանց բարդ վիրահատական միջամտություն, այն դեռևս օգտագործվում է միայն հետազոտությունների նպատակով, ընդ որում՝ քիչ թվով հիվանդների ներգրավվածությամբ։ Սակայն հարկ է նշել, որ ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս տեխնոլոգիան բավականաչափ հաջողություններ է գրանցել․ վերջինիս շնորհիվ պացիենտները կարողանում են մտքով կառավարել համակարգիչը, շարժել պրոթեզավորված վերջույթները և այլն։
Այն փաստը, որ օգտվողները պետք է ֆիզիկապես միանան այդ համակարգերին, լրջորեն սահմանափակում են ինչպես նրանց, այնպես էլ հետազոտողների գործողություններն ու տարբեր պայմաններում փորձարկումներ իրականացնելու հնարավորությունը։
Բրաունի համալսարանի (Ռոդ Այլենդ, ԱՄՆ) գիտնականների թիմի նոր զարգացումը ցույց է տվել, որ անլար ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսը ուղեղի ազդանշանները կարող է փոխանցել ճիշտ այնպես, ինչպես լարերով միացված սարքը։ Ինչպես նշում են հեղինակները, միակ տարբերությունն այն է, որ պացիենտներն այլևս կարիք չունեն ֆիզիկապես կապվել սարքավորումների հետ, ինչը նոր հնարավորություններ է բացում համակարգի օգտագործման հնարավորությունների առումով։ Փորձերը ցույց են տվել, որ սարքը տնային պայմաններում կարող է աշխատել մինչև 24 ժամ։
Սարքը ստեղծվել է 2014-ին Բրաունի ինժեներների կողմից մշակված նախատիպային անլար հաղորդիչի հիման վրա: Վերափոխված հաղորդիչը ունի մոտավորապես 5 սմ տրամագիծ և կարող է միացվել նույն սարքին, ինչ լարային համակարգի մալուխները: Սարքը թվայնացնում է ուղեղի գրանցած ազդանշանները, այնուհետև դրանք փոխանցում է օգտագործողի սենյակի շուրջ տեղակայված մի շարք ալեհավաքների:
Հեղինակները հույս ունեն, որ այս սարքը ոչ միայն թույլ կտա հետազոտողներին անդրադառնալ նյարդաբանության մեջ առաջացող խնդիրների լայն շրջանակին, այլև կօգնի վերականգնել կաթվածահար մարդկանց ինքնուրույն շարժվելու հնարավորությունը: Այս առաջընթացը, հավանաբար, հետաքրքրություն կառաջացնի նաև այնպիսի ընկերությունների մոտ, ինչպիսիք են Neuralink-ը և Kernel-ը, որոնք հույս ունեն նեյրոնային ինտերֆեյսերը մի օր դարձնել սպառողական ստանդարտ տեխնոլոգիա: