ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Տանը  գրադարան  ունենալը էապես ազդում է երեխաների  ՏՀՏ հմտությունների զարգացման  և գրագիտության վրա

Որքան շատ գիրք, այնքան լավ

Social science research ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, պարզապես մեծ քանակությամբ գրքեր ունեցող տանը մեծանալը նպաստում է երեխաների գրագիտության և մաթեմատիկական հմտությունների աճին։ Հեղինակները  ուսումնասիրել են 31 տարբեր հասարակություններից 160,000 մեծահասակների և պարզել, որ տանը 80 կամ ավելի գիրք ունենալը էապես ազդում է գրագիտության, հաշվառության (numeracy), տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հմտությունների զարգացման վրա։
Պարզվել է, որ գրադարաններ ունեցող տներում մեծացած այն երեխաները, ովքեր ստացել են միայն ավագ դպրոցի կրթություն, հասուն տարիքում դառնում են նույնքան գրագետ, որքան համալսարանների այն շրջանավարտները, ովքեր մեծացել են ընդամենը մի քանի գրքերով տներում:
Ուսումնասիրության ղեկավարը նշում է, որ այս ոլորտներում հմտությունների էական աճ է նկատվել, երբ տանն առկա է եղել 80-ից 350 անուն գիրք. այդ թվից բարձր լրացուցիչ նվաճումներ չեն նկատվել: Այնուամենայնիվ պետք է նշել, որ մեծ գրադարան ունենալը պայմանավորված է նաև այն երկրով, որտեղ դուք գտնվում եք։ Ամենամեծ գրադարաններն ունեն սկանդինավյան ընտանիքները․ նորվեգացիների 14% և շվեդների 13%-ը 500+ գիրք ունեին իրենց տանը: Քիչ չեն այն երկրները, որտեղ ընտանիքներում միջին հաշվով առկան են 80-ից պակաս գրքեր (օր․՝ Չիլիում, Հունաստանում, Իտալիայում, Սինգապուրում և Թուրքիայում):
Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ անձնական գրադարան ունենալու և ընդհանուր գրագիտության ու ՏՀՏ հմտությունների զարգացման կապը պայմանավորված է երկու գործոնով. մեծ գրադարան ունեցող տանը մեծանալը և գրքերի ազդեցությունը ձևավորում են այնպիսի սոցիալական միջավայր, որը խթանում է մարդու երկարաժամկետ ճանաչողական ունակությունները: Երկրորդ գործոնն այն է, որ ընթերցանությունը օգնում է զարգացնել ճանաչողական ունակությունները ամենատարբեր ոլորտներում՝ նպաստելով կրթական և մասնագիտական ոլորտում ​​նվաճումներին։

Այսպիսով, կարելի է վստահաբար նշել, որ տանն անձնական գրադարան ունենալը հիանալի ներդրում կլինի երեխայի ապագայի համար, նամանավանդ, որ համալսարաններում ուսման վարձը շատ ավելի բարձր է, քան 80 անուն գրքի արժեքը։