ՆՁԱԿ
   
 

Բիղնես

 

Վերներ ֆոն Սիմենս

 

Գերմանացի ականավոր գիտնական, գյուտարար, արդյունաբերող, հասարակական և քաղաքական գործիչ, Siemens ֆիրմայի հիմնադիր Վերներ Սիմենսը (Werner Ernst von Siemens) ծնվել է Արևմտյան Գերմանիայի Լենտե փոքրիկ գյուղում: Դեռ մանկության տարիներից Սիմենսը հետաքրքրվել է տեխնիկայով, սակայն հոր որոշմամբ որդին ընդունվում է Մալդեբուրգի հրետանային ուսումնարանը  և ծառայում պրուսական բանակում: Բարեբախտաբար, զինվորական ուսումնարանում նրան ֆիզիկա և մաթեմատիկա են դասավանդում աշխարհահռչակ գիտնականներ: 1838թ. ավարտելով ուսումնարանը` վերադառնում է հայրենի տուն, սակայն մի տարվա ընթացքում կորցնում է ծնողներին, և ամբողջ ընտանիքի հոգսն ընկնում է երիտասարդ Սիմենսի ուսերին:

1841թ. Սիմենսը բացում է մետաղական ապրանքների գալվանական ոսկեպատման գործարանը: Հետաքրքրականն այն է, որ ոսկեպատման այս մեթոդը նա հայտնաբերել է զինվորական կալանատանը, որտեղ հայտնվել էր ինչ-որ մենամարտի մասնակցելու պատճառով: Որպես զինվորականի` նրան արգելվում է զբաղվել գործարանի գործերով, և այն փակվում է: Բայց ինչպես ասում են` չկա չարիք` առանց բարիքի: Սիմենսի եղբայրը ոսկեպատման գյուտը վաճառում է Անգլիային` հիմք դնելով սիմենսյան կայսրությանը:

1845թ. Վերները ազատվում է իրեն կաշկանդող  զինվորական ծառայությունից և նվիրվում  սիրած գործին:

1847թ. հոկտեմբերի 1-ին տաղանդավոր մեխանիկ Հալսկի հետ Սիմենսը հիմնադրում է Telegraphenbauanstalt Siemens & Halske ֆիրման, որն զբաղվում է էլեկտրահեռագրով, ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի, էլեկտրաբժշկական սարքավորումների ստեղծման հարցերով:

1849թ. S&H ֆիրման Գերմանիայում հիմնեց Բեռլին-Ֆրանկֆուրտ հեռագրային գիծը:

1852թ. Սիմենսն առաջին անգամ այցելեց Ռուսաստան, որը էլեկտրատեխնիկական սարքավորումների վաճառահանման անենահեռանկարային շուկան էր: Այստեղ նա սիրահարվում է, ամուսնանում և ունենում 4 զավակ: Կնոջ  մահից հետո  Սիմենսը երկրորդ անգամ է ամուսնանում` ունենալով ևս երկու երեխա: Այդ ընթացքում Սիմենսը հասցնում է դառնալ աշխարհահռչակ գյուտարար ու բիզնեսմեն:

1867թ. նա Բեռլինի ակադեմիային ներկայացրեց հաստատուն հոսանքի գեներատորը, որը հեղաշրջում առաջացրեց էլեկտրատեխնիկայում, դուրս բերեց դիմադրողականության միավորը` սիմենսը, որն այժմ չի օգտագործում, բայց միավորների միջազգային համակարգում էլեկտրահաղորդականության միավորը կրում է նրա անունը:  

1868-1870 թթ. Telegraphenbauanstalt Siemens & Halske ֆիրման մասնակցեց Հնդեվրոպական  Լոնդոն-Կալկաթա հեռագրագծի վերազինմանը, որի երկարությունը 11 000 կմ էր:

1870թ. S&H ֆիրման կառուցեց «Ֆարադեյ» նավը, որը սարքավորված էր մալուխադարսիչ կատարելագործված նորագույն մեքենայով: 1874թ. «Ֆարադեյն» անցկացրեց տրանսատլանտյան հեռագրահաղորդման մալուխը, որն ուներ 5700 կմ երկարություն և անցնելով Նյունդֆաունդլենդ կղզով` Իռլանդիան  կապում էր Ամերիկայի հետ: Հաջորդ 10 տարում նավն անցկացրեց ևս 10 տրանսատլանտյան մալուխ:

1874թ. Սիմենսն ընտրվում է Պրուսիայի ակադեմիայի անդամ:

1877թ. S&H ֆիրման Բեռլինյան արդյունաբերական ցուցահանդեսում ներկայացնում է առաջին էլեկտրական երկաթգիծը, 1880թ. Մանհեյմի ցուցահանդեսում` աշխարհում առաջին էլեկտրական վերելակը, իսկ 1881թ. Բեռլինում կառուցում է տրամվայի առաջին գիծը:

Սիմենսը մեծ դեր ունի արտոնագրերի մասին օրենքի ստեղծման և ներդրման գործում: 1881թ. Փարիզում Սիմեմսը ծանոթանում է Էդիսոնի հետ և ակտիվորեն մասնակցում նրա գյուտը Եվրոպայում ներդնելու գործին:

Եվրոպայում առաջին հեռախոսային կայանը նույնպես բացվում է նրա շնորհիվ:

1888թ. Վիլհելմ կայսը, գնահատելով Սիմենսի տաղանդն ու հասարակական դիրքը, նրան շնորհում է ազնվականի կոչում, և նա  դառնում է Վերներ ֆոն Սիմենս:

Սիմենսը շատ բան է արել գերմանական և եվրոպական էլեկտրատեխնիկայի զարգացման համար, նաև հիմնադրել ու նախագահել է արտոնագրային ընկերությունը: Նա նաև գիտության և մշակույթի ոլորտում հայտնի բարերար է` 500 000 մարկ է նվիրաբերել Բեռլինի ազգային ֆիզիկատեխնիկական լաբորատարիայի ստեղծման համար, Շառլոտտենբուրգում ֆրզիկատեխնիկական ինստիտուտի բացումը նույնպես մեծ ջանքեր ու ծախսեր է պահանջել մեծ գիտնականից:

Կյանքր վերջին տարիներին Սիմենսը իրատեսորեն կանխանշեց համաշխարհային առևտրի և Եվրոպայի տնտեսական միավորման հեռանկարը: «Դա կարող է տեղի ունենալ միայն ներքաղաքական մաքսային այն արգելքների վերացման դեպքում, որոնք սահմանափակում են իրացման շրջանները, թանկացնում արդյունաբերությունը և համաշխարհային շուկայում նվազեցնում մրցակցությունը»,-ասել է նա:  

1892թ.,երբ մահացավ Վերներ ֆոն Սիմենսը, աշխարհի տասնյակ երկրներում արդեն գործում էին նրա հիմնադրած ֆիրմաները` միլիոնավոր դոլարների հասնող շրջանառությամբ և տասնյակ հազարավոր աշխատատեղերով: Վերներ Սիմենսի մահից հետո ընկերության ղեկավարությունը անցնում է եղբորը` Կարլ Սիմենսին, որը 1897թ. այն վերափոխեց բաժնետիրական ընկերության` 35 մլն մարկ կապիտալով: Ընկերության գործերին ֆինանսապես աջակցում էր Կարլի որդին, որն այդ ժամանակ «Դոյչե» բանկի տնօրենն էր: Շուտով Բեռլինի հյուսիսարևմտյան մասում կառուցվում է Սիմենսշտադ քաղաքը`գործարանների, գրասենյակների, բնակելի շենքերի, դպրոցների, պոլիկլինիկաների ցանցով:

19-րդ դարի երկրորդ կեսից սկսված սիմենսյան հաղթարշավը շարունակվում է նաև մեր օրերում: Գերմանացի ժողովուրդը կարող է հպարտանալ իր հանճարեղ զավակներից մեկով, որի ստեղծած ֆիրմաների արտադրանքը սպասված ու ցանկալի նվեր է ինչպես տոնական, այնպես էլ ցանկացած այլ առիթով: