ՆՁԱԿ
   
 

Բիղնես

Քըրք Քըրքորյան

 

Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգոր Ահարոնի) ամերիկահայ գործարար, միլիարդատեր, ողջ աշխարհին հայտնի որպես մարդ, որն ինքն է իրեն ստեղծել:  «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենը ծնվել է 1917 թ. Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։ Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն, սեփական ուժերի և խելացիության շնորհիվ սկսում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Սկզբնական շրջանում կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնձքամարտիկ, օդաչու…: Բացառված չէ, որ նա եղբոր պես կդառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին: Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը անցնում է նրա մոտ օգնականի աշխատանքի` աշխատելով ժամում 45 ցենտ: Մի անգամ Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ է տանում և առաջարկում է թռչել: Իր կյանքում առաջին անգամ Քըրքը օդ է բարձրանում, տեսնում երկիրն ու օվկիանոսը վերևից: Դա պատանու վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա առանց մեծ տատանումների կատարում է իր ընտրությունը` ինքնաթիռը, որը նրա կոչումն է: 

Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմին,  որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով, գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, ինչպես նաև զբաղվել է հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի  «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968 –ից  զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր»  և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիրն է, «Քրայսլեր Քորփորեյշնի» փայատերը։

Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ունեցած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի “արծիվ”: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն էր:

Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա 1943թ. ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին և որդեգրել է ևս մեկին` Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։ Ունի երեք զավակ։

1945 թվականի հուլիսին, ավարտելով ծառայությունը, Քըրքորյանը ձեռք է բերում ուսուցողական Cessna մեկ շարժիչային ինքնաթիռը, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Նրա հիմնական հաճախորդներից էր ոմն Ջերրի Վիլիյամսը, որը շաբաթական երկու անգամ թռչում էր Լաս Վեգաս: Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասի հետ, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: 40-50-ական թվականներին նրան այնտեղ արդեն գիտեին որպես հմուտ խաղացողի, որը ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել` 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում: Բայց վերջիվերջո նա թողնում է խաղալը և ամբողջվին տրվում ավելի հետաքրքիր` ֆինանսական “խաղերին”:

Այնուհետև Քըրքորյանը սկսում է իրականացնել իր նոր միտքը` ստեղծել առաջին մեգահանգստավայրը Լաս Վեգասում` MGM հյուրանոցը: Այդ նպատակով նա գնում է 82 ակր հողատարածք Paradise Road-ի վրա և առանց դանդաղելու սկսում շինարարությունը: Նա ձեռք է բերում նաև հարևան “Ֆլամինգոն”: Նրա երևակայության հաջորդ ծնունդը International-ն էր` այն ժամանակվա աշխարհի խոշորագույն հյուրանոցային համալիրը: Սակայն հայազգի զավակը ոչ միայն գործարար ու միլիարդատեր էր, այլև մեծ բարերար. Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին: Քըրքորյանի հիմնադրած “Լինսի հիմնադրամը” 151 մլն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 մլն դոլար` Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար:

Այսօր Քըրք Քըրքորյանը 93 տարեկան է: Հայազգի հաջողակ գործարարն ու բարեգործը չի պատրաստվում թողնել բիզնեսը: Ամեն ինչ դեռ առջևում է…