ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Միաթեւ ծալովի դրոն է ստեղծվել

Սինգապուրցի գիտնականները ստեղծել են F-SAM դրոն-մոնոկոպտեր, որն ունի մեկ թեւ։ Սինգապուրի տեխնոլոգիաների եւ դիզայնի համալսարանի ինժեներների կողմից ներկայացված սարքն ունի մեկ պտուտակային շարժիչ եւ թեւ: Վերջինս ծալովի է եւ ամրացված է շարժական մալուխի վրա։ Աշխատանքային վիճակում թեւը բացվում է, պտուտակը սկսում է շարժվել, եւ դրոնը սկսում է պտտվել իր առանցքի շուրջը, ինչի հաշվին ստեղծվում է վերամբարձ ուժ։Ըստ գիտնականների՝ թռչող սարքը կոմպակտ է եւ թեթեւ: Բացված վիճակում F-SAM-ը ունի 35 սանտիմետր երկարություն եւ 69 գրամ քաշ, որի 40 տոկոսը մարտկոցն է: Մեկ լիցքավորման դեպքում սարքի թռիչքի ժամանակը մոտ 16 րոպե է։
Հեղինակները նշել են, որ դրոնի կառուցվածքը հիմնված է թխկու սերմերի կոնցեպտի վրա, որոնք ունեն նաեւ մեկ կամ երկու թեւանման ելուստներ, որոնց շնորհիվ կարող են ճախրել եւ թռչել ծառից մեծ հեռավորությամբ։ Սարքավորման խափանման դեպքում միաթեւ սարքը չի ընկնի, այլ դանդաղ կիջնի գետնին։
Գիտնականները նշել են, որ նման սարքի տեսախցիկից տեսանյութ նկարահանել չի ստացվի, քանի որ մշտական պտույտի պատճառով նկարը պարզ չի լինի։ Բայց իր էժանության եւ անաղմուկ աշխատանքի շնորհիվ F-SAM-ը կարելի է օգտագործել գիտական նպատակներով կամ ռազմական գործողությունների համար:

news.am