ՆՁԱԿ
   
 

Լիցենզավորում

Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը լիցենզավորող մարմնի կողմից տրվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:

Լիցենզավորումը պետական վերահսկողության տեսակ է, որն ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանությանը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը, ապրանքների եւ ծառայությունների որակի բարձրացմանը, անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության եւ հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանը, առավել վտանգավոր գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացմանը:

Լիցենզավորման գործառույթն առանձնանում է նրանով, որ թույլ է տալիս մրցակցության բացակայության կամ սահմանափակ մրցակցության պայմաններում կարգավորվող բնագավառներում գործունեություն իրականացնող ընկերությունների համար գործունեության միասնական չափանիշների սահմանման միջոցով հավասարակշռել սպառողների և այդ ընկերությունների օրինական շահերը, կարգավորման դաշտում գործող տարբեր ընկերությունների համար վարել միատեսակ քաղաքականություն, ինչպես նաև լիցենզավորված գործունեության մոնիթորինգի միջոցով պատասխանատվության միջոցներ կիրառել իրենց պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարող ընկերությունների նկատմամբ:

ՀՀ-ում լիցենզավորման գործընթացի կարգավորման իրավաբանական հիմքը կազմում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածը, 30.05.2001թ. ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը այլ նորմատիվ իրավական ակտեր: Լիցենզիաները տրամադրվում են համապատասխան պետական մարմինների կողմից: Ըստ գործունեության տարատեսակի լիցենզավորման գործընթացն իրականացնում են այդ ոլորտի լիցենզավորման իրավասություն ունեցող մարմինները: Ներկայումս ՀՀ-ում գործում է լիցենզավորման, էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգը, որն էականորեն հեշտացնում է լիցենզավորման գործընթացը: Նշված էլեկտրոնային համակարգը հնարավորություն է ընձեռում համացացնի միջոցով հայտեր ներկայացնել անհրաժեշտ լիցենզիան ստանալու, վերաձևակերպելու, ուժը կորցրած ճանաչելու, կասեցնելու և լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար: