Տեխնիկական կանոնակարգում
Եվրամիություն-Հայաստան համագործակցության ծրագրի և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրին Հայաստանի միանալու գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարությունը ստանձնել է ազգային որակի ենթակառուցվածքի ծառայությունների միջազգային ճանաչման և օրենսդրության, գործելակերպերի միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխանեցման պարտականությունը: Առևտրի տեխնիկական խոչընդոտներն առնչվում են նվազագույն ստանդարտներին, տեխնիկական կանոնակարգերին, այդ թվում` համապատասխանության գնահատմանը և սերտիֆիկացման համակարգին, որոնք հիմնականում ի հայտ են գալիս տեղական և արտասահմանյան մատակարարների նկատմամբ դրանց տարբերակված կիրառման արդյունքում: Այս համատեքստում ԵՄ և միջազգային կառույցներին ինտեգրվելու համար ՀՀ կառավարության կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել որակի ենթակառուցվածքի համակարգի կարևորագույն բաղադրիչների`ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափումների միասնականության մասին բարեփոխված օրենքները և նախկինում Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեցող 2012 թ. փետրվարի 8-ի «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը նպատակաուղղված է մարդու առողջության և անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը և Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային և Եվրամիության պահանջներին, ինչպես նաև միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը:
Տեխնիկական կանոնակարգերի ներդրումը կնպաստի սպառողների շահերի պաշտպանությանը այն առումով, որ Հայաստանում կգործեն համապատասխանության գնահատման միջազգային նորմերին համապատասխան ծառայություններ, նախադրյալներ կստեղծվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրողների մրցունակության բարձրացման համար, տեխնիկական կանոնակարգերը աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ տեխնիկական կանոնակարգերին` բացառելով նախկին բյուրոկրատական քաշքշուկը և շուկայի վերահսկողությունը, մասնավորապես, ոչ պարենային ապրանքների մասով, կորդեգրի եվրոպակական պահանջները և գործելակերպերը:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը չի տարածվում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, ինչպես նաև ֆիտոսանիտարական կանոնների, սանիտարաանասնաբուժական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով, բացառությամբ` տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում ներկայացված են արտադրանքի և դրա հետ կապված գործընթացների նկատմամբ հիմնական պահանջները, ԵՄ դրույթներին համապատասխան` իրացման պայմանները, ինչպես նաև շուկայահանման կանոնները, համապատասխանության գնահատման ընթացակարգերը և առաջին անգամ սահմանվել է արտադրողի պատասխանատվությունը:
Վերը նշված օրենսդրական բարեփոխումների ներքո, որպես որակի ենթակառուցվածքի կարևորագույն բաղադրիչ, ներկայումս ստանդարտացման և համապատասխանության գնահատման համակարգերում լայնորեն ներդրվում են տեխնիկական կանոնակարգեր:
Տեխնիկական կանոնակարգերը իրենցից ներկայացնում են նորմատիվ փաստաթուղթ, որն ընդունվել է տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրենսդրությանը համապատասխան, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերին և (կամ) դրա հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` պարտադիր պահանջներ, ինչպես նաև, արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև բացառապես արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ: Նոր տեխնիկական կանոնակարգերի մշակման համար հիմք են ծառայում ազգային ստանդարտները, եթե դրանք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Վերջին տաս տարիների ընթացքում հանրապետությունում ընդունվել են մի քանի տասնյակ տեխնիկական կանոնակարգեր, որոնց մի մասն արդեն իսկ ներդաշնակեցվել է Եվրոմիության և միջազգային պահանջներին, իսկ այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջներից ելնելով մշակվել և ընդունվել են հարյուրավոր ազգային ստանդարտներ, որոնք ներդաշնակ են միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին:
Հայաստանի Հանրապետության շուկայում հասանելի դարձած տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է:
Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերը նույնությամբ և հավասարապես կիրառվում են հայրենական և օտարերկրյա ծագում ունեցող ապրանքի և ծառայությունների նկատմամբ:
Տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից առնվազն 6 ամիս հետո, բացառությամբ` անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված անհետաձգելի տեխնիկական կանոնակարգը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման բնագավառում իրականացվող քաղաքականությունը իր իրավասության սահմաններում կանոնակարգում է Համակարգող մարմինը: Համակարգող մարմինը, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, հանդիսանում է որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհրդի քարտուղարություն: Տարբեր ոլորտներում արդեն ընդունված տեխնիկական կանոնակարգերի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից ղեկավարվող Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը, կանոնադրությունը և գործունեության կարգը հաստատելու մասին» 2012թ. հոկտեմբերի 18 N 1317-Ն որոշման համաձայն և նպատակ ունի խրախուսել որակի ենթակառուցվածքի քաղաքականության լիարժեք իրականացումը և Հայաստանի ավելի սերտ տնտեսական միջազգային ինտեգրումը։ Խորհուրդը ՀՀ կառավարության կողմից ստեղծված կոլեգիալ խորհրդատվական և խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, համակարգող և կանոնակարգող մարմինների, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և Հավատարմագրման ազգային մարմինների, ինչպես նաև արտադրողների, գործարարների, սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Խորհուրդն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և խորհրդի կանոնադրությամբ` իր գործունեությունն իրականացնելով միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների և նորմերի հիման վրա:
Խորհուրդը կարող է համագործակցել որակի ենթակառուցվածքի ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների հետ: Խորհրդի գործունեությունը բաց է և հրապարակային: