ՆՁԱԿ
   
 

Համապատասխանության հավաստում

Համապատասխանության հավաստում


Համապատասխանության հավաստումը գործունեություն է, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի, ծառայությունների, որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Համապատասխանության հավաստման գործընթացը կարգավորվում և կանոնակարգվում է«Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով:

Համապատասխանության հավաստումն իրականացվում է կամավոր կամ պարտադիր հիմունքներով։

Համապատասխանության կամավոր հավաստում

Համապատասխանության կամավոր հավաստման ենթակա են.

  • արտադրանքը,
  • ծառայությունները,
  • որակի և բնապահպանական կառավարման համակարգերը,
  • համապատասխանության գնահատման բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք, որոնց նկատմամբ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված են պահանջներ:


Համապատասխանության կամավոր հավաստման հիմնականում ներկայացվում են այն արտադրատեսակները, որոնց արտադրողները կամ ներկրողները ցանկանում են բարձրացնել սպառողի վերաբերմունքը իրենց կողմից արտադրված կամ ներկրված արտադրանքների նկատմամբ:

Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ՝ նրա և սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, սերտիֆիկացման ձևով: Համապատասխանության կամավոր հավաստման սխեմայի ընտրությունը կատարվում է համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտից։ Սերտիֆիկացման դեպքում պատասխանատվությունը կիսում են սերտիֆիկացման մարմինն ու հայտատուն (համաձայն գործող օրենսդրության): Սերտիֆիկատի գործողության ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին, որը համապատասխանության կամավոր հավաստման դեպքում սահմանվում է սերտիֆիկացման մարմնի կողմից:

Համապատասխանության պարտադիր հավաստում

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա են ՀՀ տարածքում իրացվող այն արտադրանքը և մատուցվող ծառայությունները, որոնց ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 28.08.2008 թ. թիվ 976-Ն որոշմամբ և հրապարակվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից ամիսը մեկ անգամ:

Համապատասխանության պարտադիր հավաստումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով (“Տեխնիկական կանոնակարգման մասին” ՀՀ օրենքը 2012թ. փետրվարի 8) սահմանված դեպքերում՝ դրանց պահանջներին համապատասխան, սերտիֆիկացմամբ և համապատասխանության հայտարարագրի ընդունմամբ` համապատասխան սխեմաներով:

Հայտարարագիրը և սերտիֆիկատը, անկախ համապատասխանության պարտադիր հավաստման սխեմայից ունեն հավասար իրավական ուժ։ Եթե համապատասխանության հավաստումը իրականացվում է հայտարարագրման միջոցով, ապա պատասխանատվությունը կրում է հայտատուն, իսկ սերտիֆիկացման դեպքում պատասխանատվությունը կիսում են սերտիֆիկացման մարմինն ու հայտատուն (համաձայն գործող օրենսդրության): Ինչպես ներկրման ու արտահանման, այնպես էլ տեղական արտադրության դեպքում համապատասխանության հավաստման սխեմաները գործող են հավասարապես: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար տեխնիկական կանոնակարգերով կարող են որոշվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք ըստ իրենց նշանակության համարժեք են։ Հավաստման սերտիֆիկատի գործողության ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին, և այն ` համապատասխանության պարտադիր հավաստման դեպքում սահմանվում է սերտիֆիկացման մարմնի կողմից` տեխնիկական կանոնակարգերով:

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստմանը:

Հայրենական և օտարերկրյա արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է միևնույն ձևերով և սխեմաներով:

Արտադրանքի համապատասխանության հավաստում

Արտադրանքի համապատասխանության հավաստման քաղաքականությունը նպատակաուղղված է տրված արտադրանքի սերտիֆիկատների հավաստիության ու վստահելիության ապահովմանը սպառողների շրջանում, ինչը երաշխավորում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և անվտանգ է սպառողների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար:

Արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակն է նաև օգնել ՀՀ գործարարներին բարձրացնելու սեփական արտադրանքի որակը և վերացնել ցանկացած առևտրային խոչընդոտներ արտադրանք ներմուծողների և արտահանողների համար:

Արտադրանքի համապատասխանության հավաստման ընթացակարգերը սահմանվում են հետևյալ ստանդարտներով.
  • ՀՍՏ 5.3 «Համապատասխանության հավաստման համակարգ.Արտադրանքի սերտիֆիկացում»
  • ՀՍՏ 5.10 «Համապատասխանության հավաստման համակարգ. Համապատասխանության հայտարարագրի ներկայացում, վավերացում և գրանցում»

Որակի և բնապահպանական կառավարման համակարգերի համապատասխանության հավաստում

Բնապահպանական կառավարման համակարգերի համապատասխանության հավաստման հիմնական նպատակն է հնարավորինu նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի վրա տնտեսական գործունեության վնասակար ազդեցությունները` ապահովելով շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանության երաշխիքները:

Որակի կառավարման համակարգի համապատասխանության հավաստման քաղաքականությունը նպատակաուղղված է գիտատեխնիկական, արտադրական և սոցիալ-տնտեսական հնարավորությունների պլանային օգտագործմանը, արտադրանքների բոլոր տեսակների որակի բարելավման մշտական բարձր տեմպերի ապահովմանը:

Որակի հետ կապված ռիսկերի կառավարումը համակարգված գործընթաց է, որն արտադրության բոլոր փուլերի ընթացքում առնչվում է որակին սպառնացող ռիսկերի գնահատման, հսկողության, տեղեկատվության փոխանակման եւ վերանայման հետ:

Որակի կառավարման օբյեկտ են հանդիսանում կառավարման բոլոր մակարդակներում որակի ձևավորման, պահպանման և վերականգման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացները իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքային միջոցներն ու առարկաները, աշխատանքային պաշարները, փասթաթղթերն ու տեղեկատվությունը:

Որակի և բնապահպանական կառավարման համակարգերի համապատասխանության հավաստումը իր ծառայությունների մատուցման շրջանակներում ապահովելով համապատասխանություն սահմանված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահաջներին պաշտպանում է սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը, նպաստում երկրի տնտեսական զարգացմանը և միջազգային ինտեգրմանը` խթանելով արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:

Որակի և բնապահպանական կառավարման համակարգերի համապատասխանության հավաստման ընթացակարգերը սահմանվում է հետևյալ ստանդարտով.
  • ՀՍՏ 5.7 «Համապատասխանության հավաստման համակարգ. Սերտիֆիկացում. Կառավարման համակարգերի սերտիֆիկացում»:

Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համապատասխանության հավաստումը/սերտիֆիկացումը

Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համապատասխանության հավաստումը /սերտիֆիկացումը/ շատ արդիական է ներկա շուկայական հարաբերություններում: Սերտիֆիկատի առկայությունը հանդիսանում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան որակի երաշխիք և օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել ծառայություն մատուցողների միջև:

Ծառայությունների սերտիֆիկացման նպատակն է`
  • շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և ունեցվածքի նկատմամբ ծառայության անվտանգության հավաստումը,
  • հայտատուի կողմից հայտարարված մատուցվող ծառայության որակի ցուցանիշների հավաստումը,
  • ծառայությունների ճիշտ ընտրության հարցում սպառողին աջակցության ցուցաբերումը։

Հիմնական պահանջները, որոնք դրված են ծառայությունների սերտիֆիկացման հիմքում `
  • մատուցվող ծառայության որակի համապատասխանություն նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,
  • կայուն և որակյալ ծառայության մատուցման ապահովում ըստ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի։

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն կարող են իրականացնել միայն ՀՀ օրենսդրության համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: ՀՀ-ում գործում են պետական և մասնավոր փորձարկման լաբորատորիաներ ու սերտիֆիկացման մարմիններ` արտադրանքի, ծառայությունների և կառավարման համակարգերի համար: