ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Քամին և արեւը կարող են դառնալ էներգիայի միակ աղբյուրը համաշխարհային տերությունների համար

Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում, մահացու ձմեռը Տեխասում եւ այս տարեսկզբին համարյա թե Ճապոնիայի էներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսը ձեռնտու են թերահավատներին, որոնք չեն հավատում «կանաչ» էներգետիկայի հնարավորություններին։ Հուսահատության մթնոլորտում թարմ օդի կում էին նոր հաշվարկները, որոնք ցույց տվեցին, որ արեւին եւ քամուն անցումը՝ որպես էլեկտրականության ստեղծման հիմնական աղբյուրների, դժվար է, բայց եւ հնարավոր։
Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում չինական Ցինհուա համալսարանի, Քարնեգիի եւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետները տեղեկացրել են, որ էլեկտրաէներգիայի ընթացիկ պահանջարկի մի մասը զարգացած արդյունաբերական երկրներում կարող է բավարարվել ի հաշիվ քամու եւ արեւի էներգիայի որոշակի համադրման։ Բայց կա մի վերապահում. էլեկտրաէներգիայի պահանջարկի լիակատար բավարարման համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։
«Քամին եւ արեւը կարող են բավարարել պահանջարկի ավելի քան 80 տոկոսը շատ տեղերում, առանց կուտակիչների խելահեղ քանակության կամ ավելորդ գեներացնող հզորությունների, ինչը կրիտիկական պահ է, ասել է հետազոտության համահեղինակ, UCI երկրային համակարգերի մասին գիտության գծով պրոֆեսոր Սթիվ Դեւիսը (Steve Davis)։- Բայց կախված երկրից, մեկ տարվա ընթացքում կարող են լինել բազմօրյա շրջաններ, երբ պահանջարկը պետք կլինի բավարարել ի հաշիվ էներգիայի կուտակիչների եւ էներգիայի այլ աղբյուրների»։
Հետազոտողներն ուսումնասիրել են էլեկտրաէներգիայի 39 տարվա պահանջարկի ժամային պահանջները 42 խոշոր երկրներում, որպեսզի գնահատեն քամու եւ արեւի էներգիայի ռեսուրսները նրանց պահանջները բավարարելու համար։ Նրանք հայտնաբերել են, որ լիակատար անցումը էներգիայի կայուն աղբյուրների կարող է ավելի հեշտ լինել խոշոր երկրների համար, որոնք գտնվում են ավելի ցածր լայնություններում, որտեղ տարվա մեջ արեւային օրերն ավելի շատ են։ Բարձր լայնություններում (օրինակ՝ Գերմանիայում) սա ավելի բարդ է, եւ կարող են լինել «սեւ անդորրի» շրջաններ, երբ քամին եւ արեւը շաբաթներով էներգիա չեն արտադրում։ Հոկտեմբերին հենց նման երկշաբաթյա «անդորր» էր, ինչը ստիպեց Գերմանիային նորից գործարկել ածխի էլեկտրակայանները։
Բայց նման դեպքերի համար լուծում կա. դա միասնական էլեկտրահամակարգն է։ Միավորված Եվրոպայում ավելի հեշտ կլինի ստեղծել նման համակարգ, երբ միության հարավային երկրները՝ Իսպանիան, Իտալիան եւ Հունաստանը կիսում են արեւի էներգիան, իսկ հյուսիսայինները՝ Նորվեգիան, Դանիան եւ մյուսները՝ քամունը։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ քամու գեներացման գերակշռմամբ համակարգերը կարող են բավարարել խոշոր երկրների էլեկտրաէներգիայի պահանջարկը 72-91 տոկոսով։ Արեւի գեներացման գերակշռմամբ հակամարգերը 12-ժամյա էներգիայի կուտակչի առկայության դեպքում կարող են բավարարել էլեկտրականության պահանջարկը 83-94 տոկոսով։
Պահանջարկի լիակատար բավարարման համար անհրաժեշտ է կատարել աշխատանքների որոշակի ծավալ, ինչը կարող է բարդ լինել, բայց եւ լիովին իրականանալի է։ Օրինակ, ստեղծել էներգիայի վերականգնվող աղբյուրների հավելյալ հզորություններ, որոնք կգերազանցեն սովորական տարեկան պահանջարկը, ստեղծել էներգիայի կուտակիչներ եւ հոգալ բազմաթիվ աղբյուրներից մեծ հարթակների էլեկտրականության հոսքի մասին։

news.am