Միքայել Արամյանց
Բարեգործությունը եղել է 19-րդ դարի թիֆլիսաբնակ հայազգի մեծահարուստների գործունեության անկյունաքարը: Նավթարդունաբերող, եկեղեցիների, դպրոցների, գաղթականների հովանավոր, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր ու վարչության անդամ Միքայել Արամյանցը բարեգործությունների իր կշռով չի զիջել Ալեքսանդր Մանթաշյանցին, որի գործընկերն է եղել: Ծնունդով Ղարաբաղից Միքայել Արամյանցը ապրել և գործել է Թիֆլիսում և իր կարողությունն ու հարստությունը չի խնայել սիրելի քաղաքի բարգավաճման համար: Անգնահատելի է նրա վաստակը առևտրի, կրթության և արվեստի զարգացման գործում: Միքայել Արամյանցը մշտական հոգաբարձուն, հովանավորն ու նվիրատուն էր Ներսիսյան դպրոցի: Նա շաքարի և բամբակի առևտրի հմուտ մասնագետ էր, եկամտաբեր տների, կալվածքների, ամառանոցների ու հանգստավայրերի, հատկապես Ախթալայի և Կիսլովոդսկի բուժիչ հանքավայրերի տերն ու տնօրենը: Բավական է հիշատակել հին Թիֆլիսի բնակիչների մեջ մեծ համբավ ունեցող «Արամյանցի հիվանդանոցը», որը թեև ներկայումս կոչվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, սակայն թբիլիսեցիներն այն մինչ այժմ սիրով կոչում են «Արամյանցի հիվանդանոց»:
100 տարի առաջ, երբ վրաց հայտնի հասարակական գործիչ Նիկո Նիկոլաձեն, քաղաքի բժիշկներն ու մտավորականներից շատերը դիմեցին քաղաքապետարան՝ հիվանդանոց կառուցելու համար, առաջին ֆինանսական օգնությունը` 100 հազար ռուբլի, նվիրաբերեց Միքայել Արամյանցը:
«Սա հիվանդանոցային մեծ համալիր էր` կառուցված եվրոպական չափորոշիչներով: Հիվանդանոցի կառուցման համար ինժեներ Զուրաբյանը գործուղվում է Մոսկվա, Վիեննա, Բեռլին` ուսումնասիրելու այն ժամանակների հիվանդանոցային կառույցները: Առաջինը կառուցվեցին վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան և մանկական բաժինները: 1910 թվականի փետրվարի 2-ին հիվանդանոցի բացման արարողությանը Ալեքսանդր Խատիսյանն ասաց. «Հուսով ենք՝ հիվանդանոցում բուժվելուց հետո մարդկանց ցավի և տառապանքի արցունքները կվերածվեն ուրախության և հույսի արտասուքների»:
Մեծ է Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում. նա առաջիններից մեկն իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար: Արամյանցի բարեգործությունը տարածվում է նաև տնանկ գաղթականներին ապաստաններ կառուցելու վրա: Դրանցից հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ բնակվում և բամբակագործությամբ են զբաղվում 80 բնավեր ընտանիքներ: Միքայել Արամյանցի անվան հետ է կապված Թիֆլիսի «Մարիոտ» հյուրանոցը, որը մեծահարուստը կառուցել էր իր սիրելի նավի` «Մաժեստիկի» նմանությամբ: Կյանքի վերջին տարիները Միքայել Արամյանցը անց է կացնում գեղեցկատես Եվգենյա Շխյանցի հետ, որի համար կառուցել էր երկհարկանի դղյակ (ներկայիս Զանդուկելի փողոցի վրա):
Սակայն շուտով մահանում է Եվգենյան, վախճանվում է Արամյանցի սիրելի գործընկեր Ալեքսանդր Մանթաշյանցը: Փոխվում են ժամանակները, խորհրդային իշխանության հաստատվելուն պես Միքայել Արամյանցը զրկվում է իր ողջ հարստությունից և նետվում իր կառուցած շենքի նկուղը, որտեղ մահանում է քաղցից, աղքատության մեջ: Անմոռաց և հիշարժան է մեծ բարերարի անունը, քանզի անմահ է նա` իր կատարած բարի գործերով: Չնայած խորհրդային տարիներին` ժողովրդի հիշողությունից մեծ բարերարի հիշատակը ջնջելու ջանքերին՝ իր կառուցած հիվանդանոցի շնորհիվ Արամյանցի անունը շարունակում է պահպանվել Թբիլիսիի բնակչության շրջանում: