ՆՁԱԿ
   
 

Բիղնես

 

Նուպար Փաշա

 

 Պողոս Նուբարը ծնվել է 1851թ. օգոստոսի 2-ին: Նախնական կրթությունը ստացել է Շվեյցարիայում, ապա ավարտել է Փարիզի Կենտրոնական դպրոցը՝ ստանալով երկրաչափ ճարտարագետի մասնագիտություն: Աշխատել է որպես Ֆրանսիայի հանքերի ու երկաթուղիների մասնագետ, եղել է Եգիպտոսի ընդհանուր երկաթուղիների տնօրենը: 1900թ. տրակտորի՝ մեխանիկական գութանի, գյուտի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի ու պարգևատրվել "Պատվո լեգեոնի" խաչով: 1906թ. Միլանի ցուցահանդեսում ստացել է Ոսկե մեդալ ու պարգևատրվել «Պատվո լեգեոնի» սպայի աստիճանով,  Ֆրանսիայի երկրագործության ընկերակցության ոսկե շքանշանով։ 1912թ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Պողոս Նուբարը նշանակվել է Հայ Ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ՝  Հայկական հարցի վերաբերյալ եվրոպական երկրներում գումարվելիք համաժողովներում՝ հայ ժողովրդի դատը և իրավունքները հետապնդելու մանդատով։  Պողոս Նուբարը եղել է  լիբերալ կուսակցության անդամ, հայկական ազգային շարժման առաջնորդներից մեկը ։ 1905թ նա հիմնել և մինչև 1928թ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին նախագահը:

Պողոս Նուբարի անհատականության վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա հայրը՝  Նուբար Նուբարյանը, ով եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա, լայնածավալ աշխատանք է տարել եգիպտահայերի կրթական և սոցիալական խնդիրների լուծման ոլորտներում։

Կահիրեում  Պողոս Նուբարի կողմից Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) (Armenian General Benevolent Union)  ստեղծումը տարբեր մեկնաբանությունների ու տարակարծությունների տեղիք է տվել: Սակայն փաստ այն էր, որ հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծվել է համայն հայության խնդիրներին նպատակաուղղված բարեգործական միություն: Պողոս Նուբարը, օգտագործելով իր բարձր դիրքն ու հեղինակությունը, ծնողների անունը, Եգիպտոսում պետականորեն օրինականացրել է համահայկական բարեգործական կազմակերպության ստեղծումը:

Հետագա տարիներին տարբեր երկրներում ստեղծվել են միության մասնաճյուղեր, որոնց գործունեության շնորհիվ բարեգործական բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։   1914 թ.ին Պողոս  Նուբարը վերջնականապես հաստատվել է Փարիզում: 1926 թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոսիայում հիմնել  է Մելքոնյան կրթական հաստատությունը, նյութական էական օգնություն է ցուցաբերվել Գյումրիի երկրաշարժից տուժածներին, 1930թ. կառուցվել է Երևանի Մարի-Նուպար ակնաբուժարանը:

Նուբար փաշայի գործունեության 25-ամյա հոբելյանի առիթով սփյուռքհայությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մեծ բարերարին և Հայաստանում նրա անունով գյուղ կառուցելու նպատակով 300 000 դոլար գումար հանգանակեց, որին Նուբար փաշան ավելացրեց 100 000 դոլար:

Խորհրդային կառավարությունը Երևանից 9 կիլոմետր հեռու կառուցեց Նուբարաշենը, որտեղ բնակվեցին Մերձավոր Արևելքից և Հունաստանից եկած ներգաղթածները:  1937-ին հատուկ որոշումով «հայ կապիտալիստ» Նուբար Փաշայի անունը կրող ավանը վերանվանվեց Սովետաշեն, և միայն 1990 թ. նորից այն վերանվանվեց Նուբարաշեն:

Պողոս Նուբար (Նուբարյան) Փաշան մահացել է 1930թ. հուլիսի 26-ին, Փարիզում: