ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գիտնականները բացահայտել են Երկրի պատմության մեջ առաջին զանգվածային անհետացման առեղծվածը

Հետազոտողների միջազգային խումբը ստուգել է հայտնի վարկածը, ըստ որի՝ Երկրի պատմության մեջ առաջին զանգվածային անհետացման պատճառը, որը տեղի է ունեցել ուշ Օրդովիկյան ժամանակաշրջանում, եղել է անօքսիան՝ ծովի խորքերում թթվածնի անբավարարությունը: Ծովային նստվածքների երկրաքիմիական ցուցանիշներն ուսումնասիրելուց եւ օվկիանոսի գլոբալ շրջանառության վերակազմավորման մեխանիզմը մոդելավորելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ անօքսիան չէր կարող լինել անհետացման միակ պատճառը եւ, ամենայն հավանականությամբ, ավելի գլոբալ գործընթացների հետեւանք էր՝ կապված ընդհանուր սառեցման հետ:
450-443 միլիոն տարի առաջ տեղի ունեցած զանգվածային անհետացումը դարձել է նման «մեծ հնգյակից» առաջինը, որը առանձնացվել է Երկրի պատմության գլոբալ աղետների հատուկ ցանկում, երբ կենդանիների եւ բույսերի մեծաթիվ տեսակներ երկրաբանական առումով շատ կարճ ժամանակում անհետացել են: Օրդովիկյան ժամանակաշրջանի վերջում անհետացել է ծովային տեսակների մոտ 85 տոկոսը, որոնց մեծ մասն ապրում էր մայրցամաքների մոտ գտնվող ծանծաղ ծովերում, եւ մասշտաբով այս աղետը զիջում է միայն Պերմի մեծ անհետացմանը՝ տեղի ունեցած 253-251 միլիոն տարի առաջ, երբ անհետացել է ծովային տեսակների 90-95 տոկոսը: Զանգվածային անհետացման պատճառների բացահայտումը մնում է հետազոտության հանրաճանաչ թեմա, քանի որ այս ամենը կարող է ազդել մարդկության ապագայի վրա:
Կալիֆորնիայի համալսարանից նոր հետազոտության գլխավոր հեղինակ Ալեքսանդր Փոլը եւ համահեղինակները վերստեղծել են միլիոնավոր տարիների օվկիանոսի միջավայրը, եւ պարզել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել կես միլիոնից մինչեւ երկու միլիոն տարի: Համակցված համակարգչային սիմուլյացիաների հետ՝ այս տվյալները ցույց են տվել, որ թթվածնի պակասը փոխկապակցված չի ծանծաղ ջրերում անհետացման հետ, եւ նման անհետացման անմիջական պատճառը, ամենայն հավանականությամբ, սառեցումն էր, որը տեղի ունեցավ Օրդովիկյան դարաշրջանի վերջում: Հետազոտողները ծովի անոքսիան կապում են հիմնականում համաշխարհային օվկիանոսում ծովի ջրի գլոբալ շրջանառության առանձնահատկությունների հետ:

news.am