ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Մորուքի պաշտպանիչ հատկությունը, քաղաքական գործիչների ճարպակալման «պատճառները» և այլ բացահայտումներ. հայտնի են «Շնոբելյան մրցանակի» դափնեկիրները 

Առցնաց ձևաչափով կայացել է «Շնոբելյան մրցանակի» հանձնման արարողությունը, որը հայտնի է որպես «հականոբելյան մրցանակ»: Մրցանակի դափնեկիր են դարձել 24 երկիր ներկայացնող գիտնականները:
Մասնավորապես, «Շնոբելյան խաղաղության մրցանակի» են արժանացել ամերիկացի գիտնականները, որոնք գիտափորձի արդյունքում ապացույցներ են հայտնաբերել, որ տղամարդկանց մորուքը կարող է պաշտպանել դեմքին ստացած հարվածներից:

Մրցանակը տրվում է գիտական հետազոտությունների համար, որոնք «նախ ստիպում են ծիծաղել, ապա՝ մտածել»: Մասնագետները նշում են, թեև հետազոտություններից շատերը, որոնք արժանանում են այս մրցանակին, առաջին հայացքից  անիմաստ են թվում, դրանցից շատերն այնուամենայնիվ գիտական արժեք ունեն:
Տնտեսության ոլորտում մրցանակի են արժանացել եվրոպացի գիտնականները, որոնք ապացուցել են, որ քաղաքական գործիչների ճարպակալման մակարդակը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ:

Քիմիայի գծով մրցանակի է արժանացել գերմանացի, բրիտանացի, հույն, ավստրալացի գիտնականների խումբը, որոնք ուսումնասիրել են կինոթատրոններում օդի քիմիական բաղադրությունը՝ պարզելու համար՝ կա արդյոք կապ հանդիսատեսի արտադրած հոտերի և ֆիլմում ցուցադրվող բռնության, հակասոցիալական վարքի, թմրանյութի օգտագործման տեսարանների միջև:

Էկոլոգիայի գծով մրցանակ են ստացել իսպանացի և իրանցի գիտնականները տարբեր երկրներում մայթերին նետված մաստակների վրա առկա մանրէների գենետիկ վերլուծություն անելու համար:

Ինչպես նշում են կազմակերպիչներն, ընդհանուր առմամբ, 10 մրցանակ է շնորհվել: