ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Ինչպիսին կլինի 2022 թվականը. Բիլ Գեյթսի կանխատեսումները 2022 թվականին

Microsoft ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսական կանխատեսումներ ունի 2022 թվականի համար։ Նրա կարծիքով՝ այդ տարի մարդկությունը կհաղթահարի համավարակը և կգրանցի գիտական մի շարք առաջընթացներ։
Նախ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը խոստովանել է, որ 2021 թվականը հագեցած էր էական իրադարձություններով, որոնք ունեին գլոբալ հետևանքներ. եղանակային ծայրահեղ երևույթներ, կորոնավիրուսի շարունակվող համավարակ և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերում։ Այդուհանդերձ, ըստ Գեյթսի, տարին բարենպաստ էր բժշկության, բնապահպանության և աշխատանքային պայմանների ոլորտներում տեղի ունեցած բարեփոխումների համար։ 

Համավարակի սուր փուլի ավարտ

Բիլ Գեյթսը կարծում է, որ COVID-19-ի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին, չնայած կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հայտնաբերմանը։ Գեյթսի կարծիքով՝ 2021 թվականը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում  չի բերել այնքան էական հաջողություններ, որքան ինքը հույս ուներ։ «Ես թերագնահատեցի, թե որքան բարդ կլինի մարդկանց համոզել պատվաստվելը և շարունակել դիմակ կրելը»,- խոստովանում է Գեյթսը։
Խոսելով «օմիկրոն» շտամի վտանգավոր լինելու մասին՝ Գեյթսը նկատել է, որ աշխարհն ավելի լավ է պատրաստված վիրուսի առավել բարդ տարբերակներին, քան համավարակի ցանկացած այլ փուլի ժամանակ։ Միլիարդատերը վստահ է, որ ժամանակի հետ զուգընթաց պատվաստանյութերը և հակավիրուսային դեղամիջոցները կօգնեն 50 %-ով նվազեցնել «օմիկրոն» շտամի տարածումը, իսկ հաջորդիվ կգրանցվեն «պատահական բռնկումներ»։
Մինչև կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալը, 2021 թվականի նոյեմբերին Գեյթսը կանխատեսել էր, որ հաջորդ տարվա կեսերին մարդիկ COVID-19-ից ավելի քիչ կմահանան, քան սեզոնային գրիպից։ Նա նաև նշել էր, որ այդ ժամանակ կորոնավիրուսով վարակման մակարդակը կիջնի սեզոնային գրիպի մակարդակից ներքև, եթե միայն չհայտնվեն կորոնավիրուսի առավել վտանգավոր շտամներ։
Գեյթսի կարծիքով՝ հաջորդ տարվա ընթացքում կլուծվեն նաև պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրները։ Ավելի վաղ նա դիմել էր ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ խնդրելով օգնել այն երկրներին, որտեղ պատվաստումների մակարդակը բավականին ցածր է։
Վարակիչ հիվանդությունները հանդիսանում են Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը։ Վերջինս հասարակական կազմակերպություն է, որին 2000 թվականից ի վեր ֆինանսավորում է միլիարդատերը։ Գեյթսը նաև այն մարդկանցից մեկն էր, որը 2017 թվականին զգուշացնում էր աշխարհին սպասվող համավարակի մասին։

Արևի արգելափակում

Գեյթսի հիմնադրամը փորձում է լուծել ոչ միայն վարակիչ հիվանդությունների խնդիրը, այլև պայքարում է գլոբալ տաքացման դեմ։ Այն ֆինանսավորում է SCoPEx ծրագիրը, որը մշակել են արեգակնային գեոինժեներիայի ոլորտում Հարվարդի համալսարանի գիտնականները։ Ծրագրի իմաստը այն է, որ օդապարիկի միջոցով ծովային ջրում առկա կալցիումի կարբոնատի մասնիկների որոշակի քանակ արձակվի Շվեդիայի հյուսիսային շրջանների վրա 20 կիլոմետր դեպի մթնոլորտ, և երկնքում ստեղծվի ցրված ամպ։ Գաղափարն այն է, որ առավել վառ սպիտակ ամպերը մոլորակից դեպի տիեզերք անդրադարձում են ավելի շատ արևային լույս և հնարավորություն կտան նվազեցնել ջերմոցային էֆեկտը։ Այդ փորձը գիտնականներին կօգնի հասկանալ, թե ինչպես են վերնոլորտում (ստրատոսֆերա) միմյանց հետ փոխգործակցում մասնիկները, ինչպես նաև դրանց փոխգործակցությունը արևային և ինֆրակարմիր ճառագայթման հետ։ Եթե նախագիծը հաջողվի, ապա գեոինժեներիայի այդ մեթոդը կարող է կիրառվել, որպեսզի մեղմացվի Երկրի մակերևույթի վրա արևի ճառագայթների ազդեցությունը և կանգնեցվի գլոբալ տաքացման գործընթացը։
Նախագծի հեղինակները ենթադրում են, որ եթե հազարավոր օդապարիկներ օգտագործվեն անդրադարձող մասնիկները մթնոլորտ ուղարկելու համար, կարելի է մասնակիորեն արգելափակել Երկրի վրա արևի ուղիղ ճառագայթների ներթափանցումը։
SCoPEx-ի փորձարկումը նախատեսվում էր իրականացնել 2021 թվականի հունիսին՝ Շվեդիայի իշխանությունների և Հարվարդի անկախ դիտորդական խորհրդի թույլտվությունն ստանալուց հետո։ Սակայն փետրվարին շվեդական բնապահպանական կազմակերպությունները և Բնիկ սաամների խորհուրդը տեղական իշխանություններին խնդրեցին հետաձգել փորձարկումը, քանի որ ռիսկային էին համարում։ Նրանց կարծիքով՝ այդ գործընթացի իրականացման և քննարկման աշխատանքներին պետք է ներգրավվեն մեծ թվով փորձագետներ։ Գեյթսը կարծում է, որ փորձնական արձակումը կարող է կայանալ 2022 թվականին։

Արյան անալիզի միջոցով Ալցհեյմերի հիվանդության ախտորոշում

Գեյթսը լավատեսորեն է տրամադրված բժշկական բազմաթիվ նվաճումների նկատմամբ՝ ներառյալ արյան անալիզմի միջոցով Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման։ Այդպիսի թեստ 2020 թվականին մշակել է ամերիկյան C2N Diagnostics ընկերությունը։ Այն հնարավորություն է տալիս արյան մեջ հայտնաբերել ամիլոիդի սպիտակուցի գերազանցումը, որն սովորաբար աճում է Ալցհեյմերով հիվանդների մոտ։ Այդպիսով, հիվանդությունը կարող է ախտորոշվել տարիներ առաջ, մինչ դրան բնորոշ ախտանիշների ի հայտ գալը, այնուհետ բժիշկները կկարողանան հետևել դրա ընթացքին։

Ներկայումս հիվանդությունը սովորաբար հայտնաբերում են զարգացող փուլերում։ «Ոլորտը, որին պետք է ուշադրություն դարձնել 2022 թվականին, Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումն է։ Վերջին ժամանակաշրջանում այդ ուղղությամբ գրանցվել է հսկայական առաջընթաց, և կա մեծ հավանականություն, որ Ալցհեյմերի հիվանդության առաջին հասանելի արյան անալիզը կթույլատրվի հաջորդ տարի»,- գրում է նա։
Ընդ որում, Գեյթսը ընդունում է, որ բժշկությունը դեռ հեռու է նրանից, որ հեշտացնի այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են այդ հիվանդությամբ, քանի որ դեռևս չկա արդյունավետ դեղամիջոց, ինչպես նաև գոյություն չունի հիվանդության ընթացքը դանդաղեցնող միջոց։

Ախտորոշում տնային պայմաններում

Գեյթսը կանխատեսում է, որ արդեն մոտ ապագայում ի հայտ կգա սարքավորում, որը հնարավորություն կտա, առանց տնից դուրս գալու, չափել կենսական բոլոր կարևոր ցուցիչները։ Միլիարդատերը վստահ է, որ առաջիկա տարիներին բժիշկները կկարողանան հավաքել իրենց պացիենտների ցուցիչները՝ նրանց «խելացի» ժամացույցներից։ «Այն, որ ձեր սմարթ ժամացույցները կդառնան առողջության տնային մոնիտոր, լրիվ հավանական է։ Բայց անկեղծ ասած, մենք դեռևս սպասում ենք բազմաթիվ նոր հավելվածների և չափիչների ի հայտ գալուն»,- նշում է նա։
Գեյթսի խոսքերով՝ տեսանելի ապագայում ցանկացած մարդ կկարողանա մոտակա դեղատանը հանձնել արյան անալիզ, որն արդյունքները կփոխանցի բուժող բժշկին։ Նա նաև մեծ հնարավորություններ է տեսնում հեռաբժշկության զարգացման մեջ, որը հնարավորություն կտա պացիենտին չփոխել բժշկին, եթե վերջինս տեղափոխվում է մեկ այլ քաղաք։ «Բացի տեխնոլոգիաների և գաղտնիության հետ կապված սահմանափակումներից, գոյություն ունեն նաև նորմատիվային խոչընդոտներ, որոնք մենք պետք է հաղթահարենք, մինչև թվային առողջապահությունը իրոք կդառնա զանգվածային»,- խոստովանում է Գեյթսը։ Ներկայումս ԱՄՆ-ում հեռաբժշկության հետ կապված օրենսդրական պահանջները նահանգից նահանգ տարբերվում են։ 

Հաղթանակ պոլիոմիելիտի նկատմամբ 

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, Աբու Դաբիի թագաժառանգի աջակցությամբ, Նիգերում կարողացել է արմատախիլ անել օնխոցերկոզը (գետային կուրություն)։ Հիվանդությունից պատվաստման ծրագիրը նախատեսում են հետագայում ընդլայնել ողջ մայրցամաքում։
Microsoft-ի համահիմնադիրը նշում է, որ 2022 թվականին նա կձգտի հաղթել ևս երկու հիվանդության. պոլիոմիելիտ և տուբերկուլոզ։ «Դա մեծ, կարևոր գործ է ինձ համար։ Այնպես որ, եթե Աֆղանստանը կարողանա կայուն մնալ, միգուցե մենք վերջապես զրոյի հասցնենք պոլիոմիելիտով հիվանդների թիվը։ Եվ մենք դրա ուղղությամբ աշխատում ենք ավելի քան 20 տարի»։ Դեռ 2019 թվականին Գեյթսը զգուշացնում էր, որ Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման առաջնորդները խոչընդոտում են պոլիոմիելիտի վերացման գլոբալ ջանքերին։ 2019 թվականին աշխարհում գրանցվել է այդ հիվանդության ընդամենը 39 դեպք, որից 16-ը բաժին է հասնում Պակիստանին, իսկ 23-ը՝ Աֆղանստանին։ Այդ երկու երկրները դարձել են աշխարհում վերջինը, որտեղ հիվանդությունն ունի էնդեմիկ բնույթ։ 

Առաջընթաց ջրածնային տրանսպորտի մշակման գործընթացում

Գեյթսի կարծիքով՝ հաջորդ տարի Breakthrough Energy Ventures, Catalyst և Fellows ծրագրերի շրջանակներում, կարելի է սպասել մաքուր էներգիայի ոլորտում լուրջ առաջընթացի։ Նա կանխատեսում է իրական առաջընթաց էկոլոգիապես մաքուր և, ընդորում, հասանելի ջրածնային վառելիքի մշակման ճանապարհների հայտնաբերման մեջ։ «Դա շատ մեծ առաջընթաց կլիներ, որովհետև ջրածնային վառելիքը թույլ կտար երկար ժամանակ պահպանել էներգիան և կարող էր օգտագործվել մեծ ինքնաթիռների կառավարման և նույնիսկ արդյունաբերական գործընթացների համար»,- ասում է Գեյթսը։ 

Հանդիպման վայրը՝ մետատիեզերք

Գեյթսը վստահ է, որ մետատիեզերքների դարաշրջանը սարերի հետևում չէ։ «Ես կանխատեսում եմ, որ հաջորդ երկու կամ երեք տարիների ընթացքում վիրտուալ հանդիպումների մեծ մասը կտեղափոխվի… մետատիեզերք՝ թվային ավատարներով եռաչափ տարածություն»։
Գեյթսի խոսքերն ամրագրվում են այս ուղղությամբ Facebook-ի և Microsoft-ի քայլերով։ Նրա ընկերությունը պատրաստվում է 2022 թվականին թողարկել մետատիեզերքի անցումային տարբերակ, որտեղ օգտատերը կարող է կիրառել վեբ-տեսախցիկ՝ ավատարի ստեղծման համար։ Նոյեմբերին Microsoft-ը արդեն ազդարարել է Mesh for Teams-ի մասին՝ խառը իրականության մեջ համատեղ աշխատանքների և հանդիպումների համար նախատեսված լուծում։ Տեխնոլոգիան ստեղծվել է Microsoft Mesh-ի հիման վրա և ինտեգրված է Microsoft Teams հարթակին։ Օգտատերը կկարողանա ստեղծել սեփական թվային ավատար և կիրառել այն վիրտուալ իրականության մեջ հավաքների ժամանակ, եթե չի ցանկանում միացնել վեբ-տեսախցիկը։ 

Նոր իրականություն

Չնայած Գեյթսը կարծում է, որ համավարակի ամենաբարդ շրջանը կավարտվի 2022 թվականին, բայց վստահ է, որ մենք կսովորենք նոր իրականությանը։ «Ես կարծում եմ, որ 2022 թվականը կդառնա տարի, երբ մեզնից շատերը, վերջապես, համավարակից հետո կմտնեն նոր նորմալ կյանք։ Ինձ համար դա կնշանակի, որ անհրաժեշտ է մի քիչ ավելի շատ այցելել գրասենյակ, քանի որ, հույս ունեմ, որ COVID-ով վարակման դեպքերը կնվազեն»,- նշում է Գեյթսը։ Միլիարդատերը խոստովանում է, որ համավարակի ընթացքում իր կենսակերպը փոխվել է և դրա ավարտից հետո, նա ցանկանում է պահպանել YouTube-ում և սթրիմինգային ծառայություններով կրթական բնույթի տեսանյութեր նայելու սովորությունը։ «Հիմա ես ավելի շատ բան գիտեմ ապակիների արտադրության, թռչունների դիտման և Ամերիկյան Սամոայի պատմության վերաբերյալ, քան սպասվում էր»,- կատակում է միլիարդատերը։
Գեյթսի համար 2021 թվականը հեշտ տարի չէր։ «Դա իմ կյանքի ամենաանսովոր և բարդ տարին էր։ 2020 թվականի մի կարճ ժամանակահատված հարաբերական նորմալ էր, մինչև COVID-19-ը շրջեց ամեն ինչ։ 2021 թվականի առաջին իսկ օրերից համավարակը գերակայում էր մեր կյանքում։ Մենք բոլորս ստիպված եղանք հարմարվել «նոր նորմային», չնայած յուրաքանչյուր մարդու մոտ այն ուրիշ է։ Ինձ համար որպես արդյունք եղավ տարի, որն անցկացրեցի հիմնականում համացանցում։ Դա տարօրինակ և շփոթեցնող տարի էր։ Իմ անձնական աշխարհը երբեք այդքան փոքր չի թվացել, քան վերջին տասներկու ամսվա ընթացքում»,- կիսվել է նա։
Գործարարը խոստովանել է, որ իր համար հարված է եղել կնոջից՝ Մելինդայից բաժանումը։ Զույգը մայիսին հայտարարել էր, որ բաժանվում են 27 տարվա ամուսնությունից հետո։ «Չեմ կարող ժխտել, որ դա ինձ համար անձնական մեծ տխրության տարի էր։ Փոփոխություններին հարմարվելը երբեք հեշտ չի լինում, ինչ էլ, որ դրանք լինեն։ Ես տպավորված եմ, թե այս ծանր ժամանակներում ինչքան դիմացկուն էին իմ հարազատները, հատկապես երեխաները»,- ընդգծել է Գեյթսը։

Hetq.am