ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Ֆիշինգ. ինչպե՞ս են խարդախները փորձում խաբել ձեզ և ինչպե՞ս պաշտպանվել դրանից   

Ֆիշինգն այսօր համացանցային խարդախության շատ տարածված տեսակ է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներին հասանելիություն ստանալն է՝ մուտքաբառեր, գաղտնաբառեր, բանկային հաշիվներ և այլն: Հայաստանում խարդախության այս տեսակն այսօր նույնպես շատ տարածված է․ գրեթե յուրաքանչյուր օգտատեր ժամանակ առ ժամանակ ստանում է պոտենցիալ վտանգավոր հղումներ։

 

 

Ի՞նչ է ֆիշինգը, ինչպես է այն աշխատում և ինչ կարող եք անել խաբեբաների զոհը չդառնալու համար։

Ի՞նչ է ֆիշինգը

Ֆիշինգը կիբեռհարձակման տեսակ է, որի ժամանակ խաբեբաները ներկայանում են վստահելի կազմակերպությունների անունից, ինչպիսիք են բանկերը, հայտնի ընկերությունները կամ պետական ​​կառույցները, որպեսզի խաբելու միջոցով մարդկանցից կորզեն այնպիսի գաղտնի տվյալներ, ինչպիսիք են գաղտնաբառերը, վարկային քարտերի համարները կամ անձնական տվյալները: «Ֆիշինգ» եզրույթը (ձկնորսություն) բառախաղ է, քանի որ խաբեբաները «որսում են» օգտատերերի արժեքավոր տվյալները։

Ինչպե՞ս է աշխատում ֆիշինգը

Ֆիշինգի փորձերը սովորաբար սկսվում են կեղծ էլ.փոստով, տեքստային հաղորդագրությունով կամ կայքերով, որոնք «իրական» են թվում: Խարդախները հաճախ օգտագործում են խելացի հնարքներ, որպեսզի իրենց ուղարկած հաղորդագրությունները համոզիչ լինեն: Նրանք կարող են ընդօրինակել պաշտոնական լոգոները, էլ.փոստի հասցեները կամ հայտնի ընկերությունների և կազմակերպությունների իրական կայքերի դիզայնը, որպեսզի ձեզ ստիպեն մտածել, թե գործ ունեք վստահելի աղբյուրի հետ:
Երբ դուք որևէ կերպ արձագանքում եք ֆիշինգային հաղորդագրությանը (սեղմելով հղումը, ներբեռնելով հավելվածը կամ տրամադրելով անձնական տեղեկություններ), խաբեբաները մուտք են ստանում ձեր տվյալներին: Նրանք կարող են օգտագործել այս տեղեկությունը, օրինակ՝ գողանալու ձեր ինքնությունը, ֆինանսական խարդախություններ անելու կամ հետագա կիբեռհարձակումներ իրականացնելու համար:

Ինչպե՞ս պաշտպանվել ֆիշինգից

Ֆիշինգը լուրջ և շատ տարածված վտանգ է թվային աշխարհում, սակայն զգոնություն դրսևորելու և իրազեկված լինելու պարագայում դուք կարող եք պաշտպանել ձեզ և ձեր անձնական տվյալները:

Ահա մի քանի պարզ, բայց արդյունավետ եղանակներ ֆիշինգից պաշտպանվելու համար.

  1. Փորձե՛ք իրազեկ լինել ֆիշինգի և խարդախության վերջին մեթոդների մասին: Իրազեկվածությունը ձեր պաշտպանության առաջին գիծն է:
  2. Միշտ ստուգե՛ք ուղարկողի էլ.փոստի հասցեն և ձեր այցելած կայքերի URL-ը: Խարդախները սովորաբար ստեղծում են էլ.փոստի հասցեներ և կայքեր, որոնք շատ նման են իրականին, բայց եթե ուշադիր նայեք, կարող եք նկատել ուղղագրական սխալներ, սխալ տեղերում կետեր կամ գծիկներ, դոմենային անսովոր անուններ և այլն:
  3. Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա։ Նախքան սեղմելը կուրսորը պահե՛ք էլ.փոստի կամ հաղորդագրությունների հղումների վրա, որպեսզի տեսնեք իրական URL-ը: Եթե ​​ձեզ ինչ-որ բան կասկածելի է թվում, մի՛ սեղմեք հղման վրա։
  4. Մի՛ կիսվեք գաղտնի տեղեկություններով: Օրինական կազմակերպությունները երբեք չեն պահանջի գաղտնի տեղեկություններ, ինչպիսիք են գաղտնաբառերը կամ վարկային քարտերի համարները էլեկտրոնային փոստի միջոցով: Թերահավատորեն վերաբերվեք նման խնդրանքներին:
  5. Օգտագործե՛ք անվտանգության հուսալի ծրագրակազմ: Տեղադրե՛ք հակավիրուսային և հակաֆիշինգային հուսալի ծրագրեր, որոնք կօգնեն հայտնաբերել և արգելափակել ֆիշինգի փորձերը:
  6. Միացրե՛ք երկգործոն նույնականացումը (2FA) ձեր առցանց օգտահաշիվների համար: Սա ավելացնում է անվտանգության լրացուցիչ շերտ:

news.am