ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Ինչու է աշխարհում ընդամենը 4 գույնի անձնագիր տրամադրվում 

Աշխարհում ընդամենը 4 գույնի անձնագիր է տրամադրվում, և յուրաքանչյուր երկիր իր պատճառներն ունի կարևորագույն փաստաթղթի շապիկի գույներից մեկն ընտրելու համար:

Կարմիր
Այն ամենատարածված գույնն է: Կարմիր կամ բորդո անձնագիրը տրամադրվում է կոմունիստական անցյալ կամ ներկա ունեցող երկրներում, ինչպես օրինակ` Սլովենիայում, Չինաստանում, Սերբիայում, Ռուսաստանում, Լատվիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Վրաստանում։ 

 

ԵՄ անդամ երկրները, բացի Խորվաթիայից, մուգ կարմիր՝ «բորդո» շապիկով անձնագիր են օգտագործում: 

Կապույտ
Հաջորդն է տարածվածության առումով: Այս գույնը խորհրդանշում է «նոր աշխարհը»: Կարիբյան 15 երկրում ևս կապույտ անձնագրեր են տրամադրվում: Հարավամերիկյան երկրներում անձնագրի այս գույնը խորհրդանշում է «Մերկոսուր» առևտրային միության հետ կապը: Առևտրային միության երկրներն են Բրազիլիան, Արգենտինան, Պարագվայը, ինչպես նաև Վենեսուելան, որտեղ, սակայն, անձնագրերը կարմիր են:

Կանաչ
Մահմեդական երկրների մեծամասնության անձնագրերը կանաչ են, ինչպես օրինակ` Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի: Կանաչը համարվում է Մուհամեդ մարգարեի սիրելի գույնը: Կանաչի տարբեր երանգով անձնագրեր ունեն Աֆրիկյան երկրների մեծ մասի քաղաքացիները:

Սև
Սա ամենահազվադեպ գույնն է: Այս գույնի անձնագրեր ունեն մի շարք աֆրիկյան երկրների քաղաքացիներ` Բոցվանայի, Զամբիայի, Բուրունդիի, Գաբոնի, Անգոլայի, Չադի, Կոնգոյի, Մալավիի: Սև անձնագիր ունեն նաև նորզելանդացիները, քանի որ այն Նոր Զելանդիայի ազգային գույնն է:

tert.am