ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Արհեստական բանականությունը կարող է 90% ճշգրտությամբ կանխատեսել COVID-19-ից մահանալու հավանականությունը  

Դանիացի հետազոտողների խումբը պնդում է, որ իրենց կողմից մշակված արհեստական բանականության ծրագրային ապահովումը կարող է 90% ճշգրտությամբ կանխատեսել COVID-19-ից մահանալու հավանականությունը:
Կոպենհագենի համալսարանի հետազոտողները ծրագրին տվյալներ են տրամադրել կորոնավիրուսով 3944 դանիացի պացիենտների առողջության մասին:
Նրանք «սովորեցրել են» համակարգչային ծրագրին ճանաչել պացիենտների նախորդ հիվանդությունների օրինաչափությունները եւ պարզել, որ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), տարիքը, արյան բարձր ճնշումը եւ արական սեռին պատկանելը ռիսկի ամենաբարձր գործոններն են:
Հետազոտության համաձայն՝ ԱԲ-ն կարող է 80% ճշգրտությամբ կանխատեսել նաեւ, թե արդյոք պացիենտը թոքերի մեխանիկական օդափոխության կարիք կունենա:
«Մենք սկսել ենք աշխատանքը մոդելների վրա, որպեսզի օգնենք հիվանդանոցներին, քանի որ նրանք առաջին ալիքի ընթացքում մտավախություն ունեին, որ բավարար օդափոխիչներ չեն ունենա վերակենդանացման բաժանմունքների պացիենտների համար»,- ասել է պրոֆեսոր Մադս Նիլսենը:
«Մեր նոր արդյունքները կարող են օգտագործվել նաեւ հանգամանորեն որոշելու համար, թե ում է պետք պատվաստանյութ»,- հավելել է նա: «Զարմանալի չէ, որ մեր արդյունքները ցույց են տալիս, որ տարիքը եւ ՄԶԻ-ն ամենակարեւոր չափորոշիչներն են` որոշելու, թե որքան լուրջ ազդեցություն կունենա COVID-19-ը մարդու վրա: Բայց մահվան հավանականությունը նույնպես մեծանում է, եթե տղամարդ եք, ունեք արյան բարձր ճնշում կամ նյարդաբանական հիվանդություն»,- հավելել է Նիլսենը: