ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Իսրայելական ստարտափը ածխածինը որսացող փուչիկներ է մշակում

Իսրայելական ստարտափը միացել է գլոբալ տաքացման դեմ պայքարին՝ ոգեշնչում փնտրելով մթնոլորտի վերին շերտերում, որտեղ հուսով է ուղարկել մի ամբողջ բանակ փուչիկներ, որոնք ածխաթթու գազ կորսան՝ երկրորդական մշակման համար:
Ածխաթթու գազի արտանետումները հանածո վառելիքի եւ արդյունաբերական գյուղատնտեսության արդյունքում կլիմայի փոփոխության հիմնական պատճառն են: Սակայն մթնոլորտից CO2-ի հեռացումը ստանդարտ ջերմաստիճաններում չափազանց մեծ էներգիա է պահանջում, որպեսզի կառավարությունները եւ ընկերությունները դա համարեն մատչելի:
High Hopes Labs-ը մշակել է համակարգ, որը որսում է ածխածինը այնտեղ, որտեղ այն գրեթե կոշտացել է, Երկրից շատ բարձր:
«Հիանալին այն է, որ գազը որսալը շատ հեշտ է, երբ այն մոտ է սառչելուն…»,- Reuters-ին ասել է գլխավոր տնօրեն Նադավ Մանսդորֆը: «Ածխածինը սառչում է մինուս 80 աստիճանում (ըստ Ցելսիուսի), եւ միակ տեղը, որտեղ մենք կարող ենք ածխածին գտնել դրան մոտ ջերմաստիճանում, մեր գլխավերեւում 50 կիլոմետր բարձրությամբ է գտնվում»:
Ընկերությունը փորձարկել է իր համակարգը փոքր մասշտաբով՝ բաց թողնելով գազով լցված փուչիկներ, որոնց տակ ամրացված է եղել տուփ, որը ծառայել է որպես ածխածնի որսման սարք, ասել է Մանսդորֆը: Սառեցված ածխածինը այնուհետեւ վերադարձվում է Երկիր, որտեղ այն կարող է վերամշակվել արդյունաբերական օգտագործման համար:
Մանսդորֆի խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի երկու տարվա ընթացքում ստեղծել ավելի մեծ փուչիկներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել օրական մեկ տոննա ածխածնի հեռացման համար՝ 100 դոլարից ցածր գնով, ինչը շատ ավելի քիչ է, քան ներկայումս օգտագործվող նմանատիպ ցամաքային կայանքները: