ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները գարեջրի անսպասելի օգտակար հատկություն են հայտնաբերել տղամարդկանց օրգանիզմի համար

Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ թույլ գարեջրի ամենօրյա չափավոր օգտագործումը կարող է իրականում բարելավել աղիքների առողջությունը:
Ամերիկյան Chemical Society’s Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ տղամարդկանց մոտ, ովքեր օրական մեկ չափաբաժին ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային գարեջուր են խմում, աղիքային միկրոբների ավելի բազմազան տեսականի է զարգացնում, ինչը կապված է քրոնիկ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ, ինչպիսիք են շաքարախտը եւ սրտանոթային հիվանդությունները:
Մարդու աղեստամոքսային տրակտը տրիլիոնավոր միկրոօրգանիզմների տուն է, իսկ գարեջուրն այնպիսի միացություններ է պարունակում, ինչպիսիք են պոլիֆենոլները, ինչպես նաեւ խմորման ընթացքում արտադրված կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են ազդել միկրոբիոտայի կազմի վրա, ասվում է հետազոտության մեջ:
Հետազոտության շրջանակներում պատահականորեն 18-ից 65 տարեկան 20 առողջ տղամարդկանց բաժանել են երկու խմբի, ովքեր չորս շաբաթվա ընթացքում ընթրիքին 11 ֆլ ունց պարունակությամբ մեկ շիշ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային գարեջուր են խմել:
Մասնակիցներին հանձնարարվել է պահպանել ֆիզիկական ակտիվության եւ սննդակարգի նույն մակարդակը:
Դատելով արյան եւ կղանքի անալիզներից՝ մարմնի քաշը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ սրտի եւ նյութափոխանակության առողջության բիոմարկերները հետազոտության ընթացքում մասնակիցների շիճուկում չեն փոխվել:
Սակայն չորս շաբաթվա վերջում երկու խմբերում էլ աղիքների միկրոբիոմում բակտերիաների ավելի մեծ բազմազանություն եւ կղանքի ալկալային ֆոսֆատազի ակտիվության ավելի բարձր մակարդակ է գրանցվել: Այս ֆերմենտն օգնում է պայքարել աղիքներում վատ բակտերիաների դեմ, ինչը, ըստ հետազոտողների, վկայում է աղիքների առողջության բարելավման մասին:

168.am