Առողջապահական ոլորտի հետազոտողները պետք է խուսափեն իրենց հետազոտություններում եւ գիտական զեկույցներում «ռասա», «ծագում» եւ «էթնիկ պատկանելիություն» տերմինների օգտագործումից, PLOS Global Public Health ամսագրում հրապարակված իր վերջին հետազոտության մեջ նշել է Մաքմաստերի համալսարանի բժշկության պրոֆեսոր Սոնյա Անանդը։
Անանդի խոսքով՝ ռասան սոցիալական, այլ ոչ թե կենսաբանական կոնստրուկցիա է, եւ ռասայական խմբերում կան բազմաթիվ էթնիկ խմբեր: Բացի այդ, անձի էթնիկ նույնականացումը եւ ծագումը կարող են տարբեր լինել:
«Մարդիկ «ռասա», «էթնիկ պատկանելություն» եւ «ծագում» տերմիններն ակամա որպես համարժեք են օգտագործում, եւ կախված ուսումնասիրությունից՝ ռասայական խմբերը որպես կենսաբանական տարբերություններ արտացոլող են մեկնաբանվում,- նշում է պրոֆեսոր Անանդը: «Բացի այդ, մարդկանց ընկալումը սեփական էթնիկ պատկանելության մասին կարող է ժամանակի ընթացքում փոխվել»:
Անանդը նաեւ նշել է, որ հետազոտողների համար լավագույն ռազմավարությունը հետազոտության մասնակիցներին խնդրելն է ինքնորոշել իրենց ռասան, էթնիկ պատկանելությունը կամ ծագումը:
Ինքնորոշումը նվազեցնում է մարդկանց սխալ դասակարգվելու վտանգը, ինչը կարող է խեղաթյուրել առողջական տվյալները, եթե հետազոտողները դասակարգեն մասնակիցներին մաշկի գույնի կամ այլ բնութագրերի հիման վրա՝ առանց նրանց հետ խորհրդակցելու, նշել է մասնագետը։
Օրինակ, եթե այլ ռասայի անձը որպես սպիտակամորթ է դասակարգվում, նա սխալմամբ կարող է ներառվել այն խմբում, որտեղ հիվանդությունների զարգացման ավելի քիչ ռիսկ կա, որոնք կարող են անհամաչափորեն ազդել որոշ ռասայական խմբերի վրա:
Անանդը նշել է, որ «ծագում» տերմինի ճիշտ օգտագործումը հատկապես կարեւոր է գենետիկ հետազոտողների համար, քանի որ հետազոտության մասնակիցները կարող են իրենց նույնականացնել նույն էթնիկ կամ ռասայական խմբի հետ, բայց տարբեր գենետիկական ծագում ունեն:
Նա, որպես օրինակ, նշել է հարավասիացի կանադացիներին, ովքեր կարող են իրենց որպես հնդիկ կամ պակիստանցի նույնականացել, բայց, միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքից կամ Կենտրոնական Ասիայից գենետիկական ծագում ունենալ։