ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները նախազգուշացրել են բույսերի համաշխարհային արտադրողականության առաջիկա անկման մասին

Ֆրանսիայում Մոնպելյեի բուսաբուծության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ածխաթթու գազը, որը բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզի համար, չափազանց շատ քանակով բարդացնում է նրանց համար հողից հանքանյութեր ստանալը, ինչը, ի վերջո, հանգեցնում է նրանց արտադրողականության նվազմանը: Տարիներ շարունակ գիտնականները դիտել են ֆոտոսինթեզի ուժեղացումը՝ որպես մթնոլորտում ածխածնի երկօքսիդի (CO2) մակարդակի բարձրացման հնարավոր առավելություններից մեկը՝ քանի որ բույսերը ֆոտոսինթեզի համար օգտագործում են ածխաթթու գազ, ակնկալվում էր, որ CO2-ի ավելի բարձր մակարդակները կհանգեցնեն ավելի արտադրողական բույսերի:
Բույսերը ֆոտոսինթեզն օգտագործում են CO2-ից շաքար արտադրելու համար, որից էներգիա են ստանում աճի եւ զարգացման համար։ Սակայն ֆոտոսինթեզը բույսերին չի ապահովում հիմնական հանքանյութերով. բույսերի մեծ մասը հողից ստանում է ազոտ, ֆոսֆոր եւ երկաթ։ Ազոտը հատկապես կարեւոր է, քանի որ այն ամինաթթուների հիմնական շինանյութն է, որոնք բույսերը օգտագործում են սպիտակուցներ արտադրելու համար:
Գիտնականներն ուսումնասիրել են հրապարակումները եւ պարզել, որ 21-րդ դարի վերջում սպասվող CO2 մակարդակի դեպքում բույսերի մեծամասնությունը կստանա ավելի քիչ ազոտ, ինչը կհանգեցնի բուսական մթերքներում սպիտակուցի պարունակության նվազման: Ազոտի պակասը նշանակում է ոչ միայն այն, որ բույսը դժվարությամբ կկառուցի իր հյուսվածքները, այլեւ այն ավելի քիչ սննդանյութեր կապահովի մարդկանց համար: Նաեւ բույսերում կնվազի երկաթի պարունակությունը, որի պակասն արդեն ազդում է ամբողջ աշխարհում մոտ երկու միլիարդ մարդու վրա: Սա ուժեղ ազդեցություն կունենա սննդի որակի եւ համաշխարհային պարենային անվտանգության վրա:
Բացի այդ, բույսերի արտադրողականության նվազումը կարող է հանգեցնել նրան, որ մթնոլորտից ավելի քիչ CO2 կկլանեն: Սա կարող է խորացնել կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրը։
Հեղինակների թիմը սկսել է ուսումնասիրել այն մեխանիզմները, որոնք կապված են CO2-ի բարձր մակարդակի բացասական ազդեցության, մասնավորապես, գենետիկ տարբերակների հետ, որոնք կարելի էր օգտագործել ապագա CO2 մթնոլորտում բույսերի սննդային արժեքը բարձրացնելու համար:

news.am