ՆՁԱԿ
   
 

Գիտություն

ՀՀ ԳԱԱ  ինստիտուտները Ժնևի համալսարանի հետ մշակում են արբանյակային լուսանկարների հավաքագրման համակարգ 

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Շվեյցարիայի Ժնևի համալսարանի հետ համատեղ մշակում են արբանյակային լուսանկարների հավաքագրման և մշակման բազմաչափ տեղեկատվական համակարգ (տեղեկատվական խորանարդ) Հայաստանում լանդշաֆտների էկոլոգիական մոնիթորինգի հեռազննման համակարգի ստեղծման համար: Հիմքում Ժնևի համալսարանի կողմից շվեյցարական արբանյակային լուսանկարների տվյալների Ազգային խորանարդի ստեղծման փորձն էր։
«Երկամյա աշխատանքները հնարավորություն ստեղծեցին հավաքագրել արբանյակային լուսանկարներ ազգային շտեմարանում, որը ներառում է Landsat և Sentinel-2 արբանյակային լուսանկարների ամբողջական արխիվը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից ստացված լուսանկարներ։ Համակարգում մշակվել է ջրային օբյեկտների տարբերակման և սահմանագծման ալգորիթմ՝ Pytհon ծրագրավորման լեզվի կիրառմամբ, որը նախատեսվում է դարձնել տեղեկատվական համակարգում արբանյակային լուսանկարներից ջրային օբյեկտների վերծանման գործիք»,- նշել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռազննման բաժնի ղեկավար, աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանը:
Արբանյակային լուսանկարները շրջակա միջավայրի վերաբերյալ հավաստի տեղեկատվության կարևորագույն աղբյուրներից մեկն են և դարձել են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի գնահատման և մշտադիտարկման անբաժանելի մաս։ «Չնայած իրենց մեծ առավելություններին՝ այս տվյալներն ունեն մեկ խնդիր. մեծածավալ են, և դրանց մշակման համար պահանջվում են համակարգչային հաշվողական ռեսուրսներ։ Աշխարհագրական երևույթների տարածաժամանակային փոփոխությունների ուսումնասիրման դեպքում, օրինակ, արոտավայրերի դեգրադացիա, լճի ջրի որակ, անտառածածկի փոփոխություն և այլն, մի քանի 100 կամ 1000 լուսանկարների պարագայում անհրաժեշտ են լուրջ հաշվողական համակարգչային ռեսուրսներ, որոնց կիրառմամբ իրականացվում է լուսանկարների մշակում։ Այդ տեխնոլոգիաները կոչվում են Երկրի զննման բազմաչափ համակարգեր (տեղեկատվական խորանարդ՝ data cube)»,- ասել է Շուշանիկ Ասմարյանը:
Ըստ նրա՝ արդեն կան մշակված ազատ հասանելի տեղեկատվական խորանարդներ, ինչպիսին Google Earth Engine (GEE) համակարգն է և լայնորեն օգտագործվում է գիտական հանրության և որոշում կայացնող կազմակերպությունների կողմից։ Այդուհանդերձ, նման համակարգերում, տվյալների ծավալից կախված, կա համակարգի անվճար կիրառման սահմանափակում։ Իսկ գիտահեն որոշումների կայացման ազգային մակարդակում նման համակարգերի գոյությունը տարեցտարի դառնում է կարևոր և անգամ հրամայական։
«Մեր ազգային արբանյակային տեղեկատվության խորանարդն ունի կարևոր նշանակություն գիտահեն որոշումների կայացման գործում արբանյակային տեղեկատվության ներդրման և կիրառման առումով։ Հատկանշական է, որ 2022թ-ին Հայաստանը թևակոխեց տիեզերական հետազոտությունների և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ՝ սեփական արբանյակի գոյությամբ պայմանավորված։ Լուսանկարների մշակման ազգային պլատֆորմի գոյությունն արդեն դառնում է հրամայական, որը դեռևս սաղմնային փուլում է և պետք է անցնի մշակման և զարգացման մեծ ու երկար ճանապարհ, որպեսզի դառնա արբանյակային լուսանկարների մշակման համար գործիքակազմով և հաշվողական ռեսուրսներով հագեցած ազգային պլատֆորմ»,- ասել է Շուշանիկ Ասմարյանը։
Ազգային տեղեկատվական խորանարդներին ուղղված նախաձեռնությունների, այդ թվում նաև հայաստանյան օրինակի նկատմամբ աշխարհագրական տեղեկատվական միջազգային հանրության շրջանում կա մեծ արձագանք։  «Աշխատանքի արդյունքները զեկուցվել են 2021թ. հուլիսի 5-9-ին Շվեյցարիայում կայացած «The Platform for Advanced Scientific Computing-PASC 2021» միջազգային գիտաժողովում։ Մեծ հետաքրքրություն կա նաև Երկրագնդի զննման համաշխարհային խմբի (Group on Earth observation (GEO)) կողմից աշխատանքի արդյունքների նկատմամբ, որոնք պարբերաբար ներկայացվում են GEO տարեկան զեկույցներում»,- նշեց Շուշանի Ասմարյանը։
Աշխատանքն իրականացվել է  «Հայաստանյան տվյալների խորանարդ հանուն կայուն զարգացման – ADC4SD» նախագծի շրջանակներում: Այն  ֆինանսավորվել է Շվեյցարիայի գիտության կրթության և նորարարության պետական քարտուղարության  կողմից նախնական ներդրումային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Աշխատանքային խմբի մեծ մասը երիտասարդ գիտնականներ են։

armenpress