Բրիտանական The Telegraph պարբերականը կազմել է քաղաքների տասնյակ, որոնցում կարելի է համտեսել աշխարհի լավագույն փողոցային ուտելիքը: Հետաքրքրական է, որ տասնյակում տեղ գտած քաղաքները չեն ներկայացվել ըստ տեղերի:
Թոփ տասնյակի մեջ ներառվել է նաև Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը. այնտեղ փողոցային ուտելիքն իրենից ներկայացնում է հնդկական, չինական և մալայզիական խոհանոցների համադրություն: Բրիտանացի լրագրողները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս փորձել այդ երկրում սիրված ուտեստը` նասի լեմակը, որը պատրաստվում է կոկոսի կաթի մեջ եփած բրնձից, տապակած անչոուսներից, սուր սոուսից, վարունգից և եփած ձվից:
Դրանից բացի, ցանկում ներառվել է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել Ջեմա ալ Ֆնա հրապարակը, որն ամենախոշորն է այս քաղաքում: Ամեն երեկո այնտեղ սկսում են աշխատել սննդի վաճառքով զբաղվող բազմաթիվ կետեր` առաջարկելով տապակած կաղամարներ, ծովախեցգետիններ և այլ ծովամթերք:
Պարբերականն աշխարհի լավագույն փողոցային ուտելիքով քաղաքների ցանկում ներառել է նաև Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, Վիետնամի մայրաքաղաք Հանոյը, չինական Հոնկոնգը, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն, Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուին, թուրքական Ստամբուլը և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: