ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

10 հայ կանայք, որոնք փոխեցին  համաշխարհային պատմության ընթացքը 


Համաշխարհային պատմությունը կերտվել է ոչ միայն միջազգային կարևոր նշանակություն ունեցող դեպքերով, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչների հանրահայտ դեմքերով, որոնց դերակատարությունն, ուղղակի, անհնար է անտեսել կամ չգնահատել:

Ի պատիվ հայ ժողովրդի, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, հերոսների, արվեստագետների ու քաղաքական գործիչների պակաս երբևէ չի եղել: Ընդ որում՝ այս հարցում կանայք ամենևին էլ չեն զիջում տղամարդկանց: Առանձնացրել ենք  նրանցից 10-ին, որոնք ունեն հայկական արմատներ, թեպետ ապրել ու գործել են երկրագնդի խիստ տարբեր հատվածներում:

 

  1. Սուրբ Շուշան-Վարդենի (409-475 թթ.):

Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ և վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:
451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Շուշանիկը դրանից հետո մերժում է հավատուրաց ամուսնուն և զրկում նույնիսկ իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խցում: Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը ևս ուրանա քրիստոնեությունը՝ ընդհուպ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում, Շուշանը մնում է անդրդվելի: Նրա չարչարանքները տևում են վեց տարի, յոթերորդի տարվա սկզբին՝ Շուշանը մահանում է։ Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:

  1. Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.):

Վրաստանից ուղևորվենք դեպի Հնդկաստան և դարերի խորքից նոր փաստեր ի հայտ բերենք: Եվ այսպես՝ շատերի համար երազանք է այցելել հնդկական Ագրա քաղաք և տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը: Բայց հազվագյուտ մարդիկ են հետաքրքրվել, թե ինչու է այն կոչվում Թաջ Մահալ: Պարզվում է՝ այն կոչվում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Հատկանշական է այն, որ Մումթազ Մահալին ևս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ: Այնուհետև շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:
Սիրասուն կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելված էին հնդկական տոները նշել, պարել ու երաժշտություն լսել: Ապա  հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի և Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

  1. Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.):

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր և թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտության մեջ և դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»: Չէ՞ որ Ա. Տերյանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը:
Ի դեպ, Ա. Տերյանը երբեք ամուսնացած չլինելով՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների և դասավանդման վրա: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում Ալենուշ Տերյանին՝ որպես հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը: Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։

  1. Դիանա Աբգար (Անահիտ Աղաբեկյան) (1859-1937 թթ.):

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա համաշխարհային պատմության մեջ իր տեղը գտավ՝ լինելով աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին:  Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան  տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ` նա այլևս ներկայացել է որպես Դիանա Աբգար:
Հավելենք, որ Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ և նամակներ։ Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելուն: Ուշագրավ է այն, որ Դիանա Աբգարը իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռեւս չունեին։

  1. Զապել Եսայան (1878-1943 թթ.):

Մարդկության պատմության ամենախիզախ կանանց հնգյակում իր պատվավոր տեղը ունի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ամերիկյան հայտնի պարբերականներից մեկը նրա մասին գրել է հետևյալը. «Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»:
Զապել Եսայանը  լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝  Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո՝ մեկնել է  Փարիզ և հետևել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում և գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտությունը: Սակայն, երբեք անարդարության մասին չլռելն ու ճշմարտության մասին բարձրաձայնելը բավական թանկ է նստում նրա վրա: Թեպետ 1915-ին նա կարողանում է խուսափել ձերբակալությունից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում,  բայց հետո՝ 1936 թվականին արդեն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինյան ճնշումների զոհը: Այդուհանդերձ, նա անգամ ստալինյան բանտից նամակներ էր գրում՝ նույնպիսի խիզախությամբ: Առ այսօր նրա մահվան  հանգամանքներն անհայտ են:

  1. Անիտա Կոնտի (Անիտա Կարագոշյան) (1899-1997 թթ.):

Չնայած, որ Հայաստանը ելք չունի դեպի օվկիանոս, բայց օվկիանոսագիտության մեջ առաջինն է: Այո՛, դուք կռահեցիք, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ է՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար «Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։
1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակները։ Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում: Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

  1. Զարուհի Քավալջյան (1877-1969 թթ.):

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ: Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ: Միաժամանակ նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն էր դասավանդում:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ: Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:

  1. Աննա Տեր-Վարդանյան (1920-2011 թթ.):

Համաշխարհային պատմությունն ապացուցում է, որ ինչ-ինչ, բայց ռազմական գործում կանայք տղամարդկանց մրցակից չեն կարող լինել: Բայց, արի ու տես, որ այստեղ ևս կան բացառություններ: Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է եղել: Նա  այս կոչումը ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման:
Ի դեպ, Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրաված ռազմական գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Աննան կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում: Ավելին՝ մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:

  1. Գոհար Վարդանյան (1926 թ.):

Պատմության մեջ արդեն իսկ իր անունն է կերտել նաև ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը: Դեռեւս 16 տարեկան հասակում նա մտել Է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել: Ի դեպ, 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:
Գոհար և Գևորգ Վարդանյաններն «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանն արժանացել է  Կարմիր դրոշի, Երկորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

  1. Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս (1949 թ.):

Առաջինը լինելն, իսկապես, հայուհիներին խիստ բնորոշ է և այդպիսի օրինակներ կան նաև մեր օրերում: Այսպիսով՝ գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, որը տեղաբնիկ մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից էր, պետք է դառնա գերագույն դատավոր: Ընդ որում՝ Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում:
Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս մասին New Zealand Herald-ը գրում է. «Եթե կա բնավորության մի գիծ, որը նրան ճանաչողներից ոչ ոք չի վիճարկի, այն է, որ նա բարեհամբույր է բոլոր դեպքերում, անգամ երբ խիստ քննադատվում է»: