Մարիա Սկլոդովսկայա - Կյուրին (1867-1934 թթ.) գլխավորել է այն կանանց վարկանիշը, որոնք առավել մեծ ազդեցություն են գործել համաշխարհային պատմության վրա: Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով BBC History Magazine հանդեսի կողմից մարդկային գործունեության տասը տարբեր բնագավառների փորձագետների հարցման արդյունքները:
«Կյուրին առաջին կինն էր, որն արժանացավ ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի, առաջին կինը, որը դարձավ Փարիզի համալսարանի (Սորբոնի) պրոֆեսոր, և առաջին մարդը, հենց մարդը, այլ ոչ միայն կինը, որը նվաճեց երկրորդ Նոբելյան մրցանակը»,-հիշեցրել է Գիտության պատմության բրիտանական ընկերության նախագահ Պատրիսիա Ֆարան:
Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին Նոբելյան մրցանակների դափնեկիր է ֆիզիկայի (1903 թ.) և քիմիայի (1911 թ.) բնագավառներում: Նա ծնվել է Վարշավայում, բայց գիտական գործունեությամբ զբաղվել է Ֆրանսիայում: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է ամերիկուհի իրավապաշտպան Ռոզա Փառքսը (1913-2005 թթ.), որն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ճանաչվել է «Հանուն քաղաքացիական իրավունքների արդի շարժման մայրը»: Եռյակը եզրափակել է սուֆրաժիստուհիների բրիտանական շարժման առաջնորդ Էմելին Փանքհյորսթը (1858-1928 թթ.): Չորրորդ հորիզոնականում բրիտանացի մաթեմատիկոս Ադա Լավլեյսն է (1815-1852 թթ.), հինգերորդում՝ բրիտանացի կենսաֆիզիկոս և ռենտգենոգրաֆ Ռոզալինդ Ֆրանկլինը (1920-1958 թթ.), վեցերորդում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը (1925-2013 թթ.):