ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Իտալացի բժիշկները բացատրել են, թե ինչու Լեոնարդո դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել «Մոնա Լիզա» կտավը

Վերածննդի դարաշրջանի ականավոր գործիչ, գիտնական և գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել «Մոնա Լիզա» հայտնի կտավի աշխատանքները «մագիլանման ձեռքի»՝ դաստակի ֆունկցիոնալ խանգարման պատճառով, որն առաջանում է արմունկի նյարդի վնասվածքից, նման եզրահանգման են եկել իտալացի նյարդաբան Կառլո Ռոսսին և պլաստիկ վիրաբույժ Դավիդե Լաձերին:
Այս տեսությունը հիմնված է նկարների վրա, որոնցում դա Վինչին պատկերված է, այսպես կոչված, մագիլանման ձեռքով: Պատմաբանները ենթադրում են, որ ձեռքը չի գործել կաթվածի պատճառով, որն ի հայտ է եկել կաթնամթերքով գերհագեցած բուսական սննդակարգի ֆոնին:
Մինչ այդ մասնագետները կարծում էին, որ դա Վինչին տառապել է Դյուպյուիտրենի հիվանդությամբ (ափափակեղային ֆիբրոմատոզ, վիկինգի հիվանդություն), որի դեպքում մատներն ամբողջությամբ չեն գործում. դրանք ձգվում ու մնում են մշտապես ծալված դիրքում:
Նոր հետազոտության արդյունքում, սակայն, գիտնականներն ուշադրություն են հրավիրել տարեց Լեոնարդոյի՝ Ջովաննի Ամբրոջո Ֆիգինոյի կողմից արված դիմանկարին, որում նկարչի ձեռքը ծածկված է հագուստով և գտնվում է կորացած վիճակում, ինչը խոսում է կաթվածից հետո առաջացած վնասվածքի մասին: