ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ինչո՞ւ են Անգլիայի թագուհու պահակախմբի զինվորներն այդքան բարձր գլխարկներ կրում

Անգլիայի թագուհու հայտնի պահակախումբը (Queen’s Guard) Մեծ Բրիտանիայի ազգային ինքնության բաղկացուցիչ մաս է այնպես, ինչպես Բիգ Բենը, Բուքինգհեմյան պալատը կամ Թաուերը (ամրոց՝ Թեմզա գետի հյուսիսային ափին, Լոնդոնի պատմական կենտրոնը)։ Անթերի հարդարված համազգեստով այս պահակախումը սահմանված ժամին հանդիսավոր արարողակարգով հերթափոխ է կատարում՝  գրավելով զբոսաշրջիկների (և ոչ միայն) ուշադրությունը։ Պահակախմբում ամենաուշագրավը և շատերիս համար՝ ամենատարօրինակը, զինվորների մորթյա բարձր գլխարկներն են։
Այսօր դա կարող է տարօրինակ թվալ, բայց ամբողջ աշխարհում այդքան ճանաչելի այս համազգեստներն ընդհանրապես չեն ստեղծվել շքերթների կամ հերթապահության համար․ դրանք 19-րդ դարի բրիտանական բանակի զինվորների ամենօրյա հանդերձանքն են եղել։ Հիմնական իմաստն այն էր, որ զինվորն ավելի բարձրահասակ և ավելի սարսափազդու տեսք ունենա՝ թշնամուն վախեցնելու համար։
Հատկանշական է, որ բրիտանական բանակի զինվորների՝ մորթյա գլխարկներ կրելու ավանդույթը, որը հայտնի է «Արջի մորթի» (Bearskin) անվամբ, ի հայտ է եկել 1815 թվականին՝ Վաթեռլոյի ճակատամարտից հետո, երբ բրիտանացի զինվորները ֆրանսիական պարտված բանակի զինվորներից վերցրեցին իրենց գլխարկները՝ ի նշան հաղթանակի։
«Արջի մորթի» անունն ինքնին նշանակում է, որ գլխարկը արջի մորթուց է, իսկ ավելի կոնկրետ` կանադական գորշ արջի մորթուց: Յուրաքանչյուր գլխարկի համար սպանվում է մեկ արջ: Գլխարկի բարձրությունը ուղիղ 46 սմ է, քաշը` մոտ 4 կգ: Ամեն տարի Անգլիայի թագուհու բանակին մատակարարվում է հիսունից հարյուր գլխարկ` յուրաքանչյուրը մոտ 900 դոլար արժողությամբ:
Քիչ չեն դեպքերը, երբ հերթապահող զինվորները ուշաթափվել են։ Ուշաթափության դեպքում ևս գոյություն ունի հատուկ «արարողակարգ»․ զինվորը պետք է փորձի ընկնել ոնց պատերազմի դաշտում՝ դեմքով դեպի առաջ՝ դրանով ցույց տալով իր քաջությունը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում արջի մորթիով գլխարկ կրելու ավանդույթը ավելի ու ավելի շատ հակառակորդներ է ձեռք բերել՝ հատկապես բնապահպանների շրջանում։ Նրանք առաջարկում են հրաժարվել անցյալի այս մասունքից, որի համար տարեկան տասնյակ կենդանիներ վճարում են իրենց կյանքով: