Որքա՞ն են «կշռվում» խոշոր քաղաքները
Մեր մոլորակը գլոբալ քաղաքաշինության պատճառով շատ լուրջ ճնշման տակ է հայտնվել: Ամեն օր հսկայական թվով երկնաքերեր են կառուցվում ամբողջ աշխարհում, իսկ մեգապոլիսները շարունակաբար ընդլայնվում են։ Բազմապատկվում է մեքենաների ու այլ տեխնիկաների քանակը։ Եվ այս ամենը կենտրոնացված է մեկ տեղում:
Հրապարակված հետազոտության համաձայն, որում գնահատվում է կլիմայի փոփոխության ռիսկերը՝ քաղաքաշինության համատեքստում, խոշոր քաղաքներն իրենց հսկայական ծանրության պատճառով դանդաղորեն «սուզվում» են։
Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ որքա՞ն կարող է «կշռվել» մի ամբողջ քաղաքը:
Փաստեր
-2018 թվականին աշխարհի բնակչության շուրջ 55 տոկոսը՝ 4,2 միլիարդ մարդ, ապրում էր քաղաքներում: Ակնկալվում է, որ 2050 թվականին քաղաքային բնակչությունը կկազմի 6,5 միլիարդ մարդ:
-Քաղաքները զբաղեցնում են Երկրի ցամաքի ընդամենը 3 տոկոսը, բայց էներգիայի սպառման 60-80 տոկոսը և ածխածնի արտանետումների առնվազն 70 տոկոսը բաժին է հասնում քաղաքներին։
-1990 թվականին աշխարհում կար 10 միլիոն և ավելի բնակչություն ունեցող 10 քաղաք, մինչև 2014 թվականը մեգաքաղաքների թիվը հասել էր 28-ի, իսկ ներկայումս, դրանց իվը 35 է։
-Քաղաքների տնտեսական դերը չափազանց մեծ է՝ դրանք առաջացնում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 80 տոկոսը:
Մասնագետների գնահատմամբ, մեգապոլիսները մոլորակի մակերեսի չնչին մասն են զբաղեցնում՝ շուրջ 1 տոկոսը (խոսքը միայն մեգապոլիսների մասին է)։ Սակայն խնդիրն այն է, որ գործնականում գրեթե ամբողջ քաղաքակրթությունը՝ մարդիկ, տները, մեքենաները, սարքավորումները, հաղորդակցությունը և այլն, կենտրոնացած են այս մեկ տոկոսի վրա: Եվ այս ամենը ճնշում է գործադրում այն համեմատաբար փոքր տարածքի վրա, որտեղ գտնվում է:
Ամերիկացի երկրաֆիզիկոս Թոմ Փարսոնսը վերը նշված հետազոտության մեջ հաշվարկել է, թե որքան կարող է լինել միջին քաղաքի զանգվածը։ Որպես օրինակ նա վերցրել է Սան Ֆրանցիսկոն՝ բավականին մեծ քաղաք՝ ԱՄՆ-ի մեծությամբ 12-րդ քաղաքը, որն ունի ավելի քան 800,000 բնակչություն և զբաղեցնում է 121 կմ2 տարածք։
Նա հաշվարկել է, թե որքան կարող են կշռվել երկնաքերերը, կամուրջներն ու քաղաքի այլ ենթակառուցվածքները: Արդյունքում ստացվեց հսկայական ցուցանիշ՝ 1,6 միլիարդ տոննա: Միևնույն ժամանակ, Փարսոնսի հաշվարկների մեջ չեն մտնում քաղաքի բնակչությունն ու մեքենաները: Ստացվում է, որ իրական թվերն էլ ավելի բարձր են:
Գիտնականը եկել է այն եզրակացության, որ նման հսկայական զանգվածը ազդում է հողի վրա, որն անխուսափելիորեն պետք է նստի այդպիսի ծանրությունից: Արդյունքում կփոխվի նաև երկրի մակարդակը օվկիանոսի համեմատ։
Իրականացված չափումները ցույց են տվել, որ այս տեղում երկրի ընդերքը բավականին խիտ է․ վերջին տարիներին ցամաքի և ջրի մակարդակների տարբերությունը կազմում էր ընդամենը 8 սանտիմետր, որն էլ աստիճանաբար նվազում է ծովի մակարդակի բարձրացմանը զուգընթաց: Թվում է նշված ցուցանիշը բավականին փոքր է, բայց դա մոտ ապագայում կարող է հասցնել աղետի։ Խնդիրը բարդանում է նրանով, որ շատ մեծ քաղաքներ տեղակայված են օվկիանոսների և ծովերի ափերին:
Նշենք նաև, որ փորձագետները հաշվարկել են, թե որքան են «կշռվում» աշխարհի խոշորագույն քաղաքները: Օրինակ՝ Մոսկվայի «քաշը» 308 միլիոն տոննա է, Նյու Յորքը՝ 650 միլիոն տոննա, իսկ Տոկիոն՝ 900 միլիոն տոննա: