ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Հայ բժիշկները  Օսմանյան կայսրությունում

Բժշկությունն այն ասպարեզներից մեկն է, որտեղ հայերը ցուցաբերել են իրենց տաղանդը և բացառիկ դեր խաղացել Օսմանյան կայսրության այդ բնագավառի զարգացման գործում: Հայ բժիշկները, նախնական կրթությունն ստանալով Օսմանյան կայսրությունում, իրենց ուսումը շարունակել են եվրոպական երկրների հայտնի բժշկական կենտրոններում: Որոշ ժամանակ այնտեղ աշխատելով՝ մեծ ճանաչում են ձեռք բերել և արժանացել բարձր գնահատականի: Վերադառնալով Օսմանյան կայսրություն՝ իրենց գիտելիքները ի սպաս են դրել երկրի բժշկության զարգացմանը: Նրանցից շատերը հմուտ դասախոսներ էին, բժշկական թերթերի և ամսագրերի հիմնադիրներ, բազմաթիվ դասագրքերի, գիտական հոդվածների, մասնագիտական գրականության, հիմնարար աշխատությունների և հայտնագործությունների հեղինակներ: Հայ բժիշկները ծառայել են թուրքական բանակում, որպես զինվորական բժիշկներ` մասնակցելով Բալկանյան, Առաջին համաշխարհային պատերազմներին: Աշխատել են նաև տարբեր դեսպանատներում, մասնակցել Կարմիր մահիկի հիմնադրմանը, հասել են բարձր զինվորական աստիճանների, արժանացել բազմաթիվ կառավարական պարգևների:
Թուրքերը շատ հեռու էին բժշկությունից, և «թուրք բժիշկների մեծ մասը չուներ բժշկական կրթություն, բուժում էին թալիսմաններով կամ դեղաբույսերով, այսինքն՝ հեքիմներ էին, որոնց օգնությանը չէին դիմում ո՛չ եվրոպացիները, ո՛չ էլ կրթված թուրքերը: Բուժվում էին սովորաբար հայերի մոտ»: Հայտնի բժիշկ-գիտնական Լեոն Շվարցենբերգը գրում է. «Այնպիսի մի քաղաքակիրթ ազգի համար, ինչպիսին հայերն են, բժշկության ասպարեզում հետ մնալը անթույլատրելի կլիներ: Սովորելու նկատմամբ հայերի ունեցած պահանջի շնորհիվ հայ բժշկությունը արագորեն ծաղկում ապրեց: Բժշկական ուսումնարանները հանրաճանաչ դարձան, և տարբեր երկրներում կրթություն ստացած հայ բժիշկները ուշադրության կենտրոնում հայտնվեցին: Օսմանյան կայսրությունում իրենց մասնագիտությամբ ազատորեն զբաղվելու լայն հնարավորություններ ստանալով՝ նրանք առավել ծառայեցին այդ պետությանը: Մենք չենք կարող երախտապարտ չլինել այն բոլոր բժիշկներին և գիտնականներին, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով նպաստեցին Օսմանյան կայսրության բժշկության զարգացմանը»:
 Մինչև XIX դ. առաջին քառորդը Կ. Պոլսում մասնագիտացված բժշկություն գոյություն չուներ. բուժում էին հեքիմները կամ սափրիչները, որոնք ավելի մեծ ճանաչում ունեին, քան գիտական բժշկության շատ ներկայացուցիչներ: Այս հանգամանքը կարելի է բացատրել նրանով, որ, այսպես կոչված, «ժողովրդական բժիշկները» ամենևին անգրագետ փորձապաշտներ (էմպիրիկներ) չէին և իրենց գիտելիքները քաղում էին հայկական միջնադարյան բժշկական գրականությունից: Այս տիպի հեքիմ-բժիշկներից ամենաճանաչվածը Շահնազարյանների գերդաստանն էր, որը XVIII դ.վերջից մինչև XIX դ.սկիզբը տվել է մի շարք ոսկրաբույժներ (սնխչի), որոնց փառքը ավելի քան 100 տարի թնդում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքում: Այդ գերդաստանի առաջին ներկայացուցիչը՝ Ռաֆայել Շահնազարյանը, ծագումով Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքից էր: Նա եկել էր Կ. Պոլիս՝ պարսկական շահի հանձնարարականով: Պատահականությունը դարձրեց նրան սուլթան Սելիմ III-ի պալատական ոսկրաբույժը: Վերջինս մի օր կոտրել էր թևը և Ռաֆայելին բերել էին սուլթանի մոտ, որին բարեհաջող և կարճ ժամանակում բուժել էր: Որպես պարգև, սուլթանը Ռաֆայելին և նրա ընտանիքին ազատեց բոլոր հարկերից և տվեց մի շարք արտոնություններ (Ռաֆայելը կարող էր ձիուց չիջնել մահմեդականի հանդիպելիս և իրավունք էր ստացել հագնել դեղնագույն կոշիկներ, որը թույլատրվում էր միայն մահմեդականներին): Նրա որդիները՝ Շահնազարը, Օհանը, Թադեոսը, Արթինը և Ստեփանը, շարունակելով հոր գործը, նույնպես հասան մեծ հաջողությունների: Հետաքրքիր է այն փաստը, որ Ռաֆայելի կինն էլ էր այդ գործի գիտակ և իր երեխաներին անձամբ էր սովորեցնում կոտրվածքների և հոդախախտումների բուժումը: Շահնազարը Մահմուդ Երկրորդի պալատական ոսկրաբույժն էր: Քանի որ շատ հայտնի էր և մեծ հեղինակություն ուներ, սպասարկում էր նույնիսկ սուլթանի հարեմը և օգտվում էր այնպիսի արտոնություններից, որոնցից զուրկ էին նույնիսկ սուլթանի մերձավորները: Շահնազարի եղբայրը՝ Օհանը, զբաղեցրել է այս պաշտոնը Աբդուլ Մեջիդի և Աբդուլ Ազիզի օրոք: Օհանի որդին՝ Շահնիկը, արդեն դիպլոմով բժիշկ էր, ավարտել էր Կ. Պոլսի բժշկական վարժարանը: Չնայած բարձրագույն կրթությանը, նա շարունակվում էր զբաղվել իր նախնիների մասնագիտությամբ՝ վայելելով մեծ հեղինակություն: Շահնիկի մահից հետո պալատական ոսկրաբույժ է նշանակվում Միքեն (Միքայել)՝ Ստեփանի կրտսեր որդին, որին Աբդուլ Համիդը վեր էր դասում իր բոլոր օտարերկրյա պալատական բժիշկներից և վստահում ըստ ամենայնի: Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով: Միքեի որդին՝ Էդուարդը, այս գերդաստանի վերջին ներկայացուցիչն էր, որ զբաղվում էր այս մասնագիտությամբ, թեև վերջացրել էր ատամնաբուժական դպրոցը: Հայտնի չէ, թե ընտանիքի մյուս անդամները ինչ ճակատագիր են ունեցել: Արդիական բժշկական վարժարանի ստեղծումով սկսեցին գործել բժշկական կրթություն ստացած բժիշկներ: Այդ վարժարանի հիմնադիրներից Մանվել Շաշյանը, սուլթան Մահմուդ Երկրորդի անձնական բժիշկն էր: 1838 թ. նա քանդել է տալիս Շահզադե-Բաշըում եղած վիրաբուժական նախնական դպրոցը և տեղը կառուցում բժշկական վարժարանը: 1932 թ. Բուխարեստում կայացած Բժշկության պատմության իններորդ համաժողովում ընթերցվեց բժիշկ Վ. Թորգոմյանի ուղարկած՝ ֆրանսերեն լեզվով «Կ. Պոլսո բժշկական համալսարանի նախկին հայ ուսուցիչները» հոդվածը, որտեղ վերհանված էր Մահմուդ Երկրորդի անձնական բժիշկ Մանվել Շաշյանի դերը Օսմանյան կայսրության Բժշկական վարժարանի հիմնադրման մեջ և տեղեկություն էր տրվում այն հայ բժիշկների մասին, որոնք այդտեղ դասախոսել էին: Այս հանգամանքը առաջացրել էր թուրք պատվիրակների զայրույթը, որոնք ժխտել էին այդ փաստը՝ պնդելով, որ հայերը դրա հետ ոչ մի առնչություն չունեն, իսկ Կ. Պոլսի «Վաքըթ» («Ժամանակ») թերթը գրել էր, որ այդ սուտ լուրը տվել է մի արկածախնդիր բժիշկ, որի անունն է Թորգոմյան: