Չինաստանը կկառուցի աշխարհում ամենաերկար ստորջրյա երկաթուղային թունելը
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի զարգացման ու բարեփոխումների հարցերով կոմիտեն հավանության է արժանացրել աշխարհում ամենաերկար ստորջրյա երկաթուղային թունելի կառուցման ծրագիրը։
Թունելը, որը ձգվելու է մինչև Ցզինտան կղզին, ունենալու է 16,2 կմ երկարություն։ Հայտնի է, որ այն Նինբո քաղաքից մինչև Ցզինտան կղզում գտնվող Չժոուշան քաղաքը ձգվող երկաթուղու նախագծի մասն է կազմելու։
76,4 կմ երկարությամբ նոր երկաթգիծը սկսվելու է Նինբոյի արևելյան կայարանից և ավարտվելու է Չժոուշան քաղաքի Բայցզյուն գյուղական բնակավայրում։ Նախատեսվում է, որ նոր երկաթգծով գնացքները կշարժվեն 250 կմ/ժ արագությամբ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարում։ Ընդհանուր առմամբ՝ նախագծի համար կատարված ներդրումները կազմել են մոտ 26,9 միլիարդ յուան (շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Չժոուշան արշիպելագը Չժեցզյան նահանգի մասն է կազմում և բավական հայտնի զբոսաշրջային ուղղություն է։ Այն հայտնի է իր հյուրանոցային ենթակառուցվածքներով ու մաքուր ափերով, սակայն ներկայում այնտեղ հնարավոր է հասնել միայն օդային տրանսպորտով կամ մեքանայով՝ կտրելով կամուրջը։ Այս նախագծի իրագործումը թույլ կտա իրականացնել նաև երկաթուղային ուղևորափոխադրումներ, ինչը զգալիորեն կնվազեցնի ճանապարհի վրա վատնվող ժամանակը։
Եթե ներկայում Նինբոյից Չժոուշան մեքենայով հնարավոր է հասնել 1,5 ժամում, ապա գնացքով նույն ճանապարհը հնարավոր կլինի անցնել կես ժամում: