Լուսնի վրա 4G ցանց են տեղադրում
ԱՄՆ տիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, ֆիննական Nokia ընկերության հետ պայմանագիր է կնքել Լուսնի վրա 4G կապի անլար համակարգ տեղակայելու շուրջ, հաղորդում է CNN-ը։
Ըստ պարբերականի՝ Լուսնի վրա բազան նախատեսվում է կառուցել մինչև 2028 թվականը: ՆԱՍԱ-ն 10-ից ավելի ընկերությունների 370 միլիոն դոլար է հատկացրել այդ տեխնոլոգիաները Լուսնի մակերևույթի վրա տեղակայելու համար։ Այդ նորարարությունները կներառեն էլեկտրաէներգիայի հեռավար արտադրություն, կրիոգեն սառեցում, ռոբոտաշինություն, ապահով վայրէջք և 4G:
Ծրագիրն իրականացվելու է Nokia-ի դուստր ընկերության՝ Bell Labs-ի կողմից, Intuitive Machines ինժեներական ընկերության հետ միասին: Նախագծի վրա աշխատելու համար Bell Labs-ը NASA-ից կստանա 14.1 միլիոն դոլար:
Տիեզերական գործակալությունը հայտնել է, որ Լուսնի վրա տեղակայվող 4G ցանցը կապահովի ավելի հուսալի կապ, քան ռադիոազդանշանները: Ինչպես Երկրի վրա, այնպես էլ Լուսնի վրա 4G ցանցը ժամանակի ընթացքում նախատեսվում է արդիականացնել 5G ցանցի:
Հաղորդվում է նաև, որ Bell Labs-ը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ավելի փոքր չափերի աշտարակներ ստեղծել: Դրանց ազդանշանների տիրույթն ավելի սահմանափակ է, քան սովորական աշտարակների դեպքում, սակայն դրանց հարկավոր է ավելի քիչ էներգիա, և դրանք ավելի հարմար կլինի տեղափոխել տիեզերանավերով։
Երկրի վրա Bell Labs-ի աշտարակներն օգտագործվում են 5G ցանցեր ստեղծելու համար: