ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ավստրալիայում դպրոցական նոր դասընթաց են պատրաստում՝ «Կիբերանվտանգության հիմունքներ»

Ավստրալիայի իշխանությունները դպրոցների կրթական ծրագրերում որոշել են ներառել նոր դասընթաց՝ կիբերանվտանգության հիմունքների վերաբերյալ։ Դասընթացի նպատակը երեխաներին սովորեցնելն է հասկանալ տեղեկատվական միջավայրում գաղտնիության և անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ օգնել նրանց տիրապետելու համացանցում ճիշտ հաղորդակցման համար անհրաժեշտ հմտություններին, անձնական տվյալների մշակմանը, անվտանգության գործիքների արդյունավետ օգտագործմանը և այլն։ «Կիբերանվտանգության հիմունքներ» առարկան դասավանդվելու է նույնիսկ այն դեպքում, երբ անհրաժեշտություն առաջանա դրա փոխարեն ծրագրից հանելու ուսումնական պլանով նախատեսված որոշ առարկաներ։
Համաձայն նոր ուսումնական ծրագրի՝ կիբերանվտանգության կրթությունը պետք է սկսվի հենց առաջին դասարանից՝ 5 տարեկանից։ Փոքր տարիքի երեխաներին ուսուցանվելու է կիբերանվտանգությանն առնչվող տարրական խնդիրներ, օրինակ, որ չպետք է անծանոթ մարդկանց փոխանցել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ծննդյան ամսաթիվը, հասցեն, հեռախոսահամարներ և այլն։ Եվ եթե նրանք ցանկանում են համացանցում անձնական տվյալներ մուտքագրել, ապա պետք է խորհրդակցեն իրենց ծնողների, խնամակալների կամ ուսուցիչների հետ: Հաջորդական կարգով՝ ավելի բարձր դասարաններում կսովորեցնեն կիբերանվտանգությանն առնչվող ավելի խորքային ու ընդգրկուն թեմաներ։ Այնուամենայնիվ, այս կրթական ծրագիրը դեռևս պետք է անցնի մշակման մի քանի փուլ՝ մինչև դպրոցներ մտնելը։ Իսկ հաստատվելուց հետ դրա իրագործումը կպահանջի ևս մի քանի տարի։ Անշուշտ, ժամանակակից աշխարհում կիբերանվտանգության վերաբերյալ գիտելիքները չափազանց կարևոր նշանակություն ունեն, և դրանց տիրապետելը դարձել է կենսական խնդիր, ոչ միայն դպրոցականների, այլ նաև մեծահասակների համար, Հայաստանում՝ նամանավանդ։