ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Անիտա Կարագոշյան՝ աշխարհում առաջին կին օվկիանոսագետը։

«Իմ ժողովրդի մի հատվածը 300 տարի ծովի մոտ է բնակվել` մենք ունեցել ենք փառապանծ Կիլիկիան, որի ծովափերին աշխարհի հզորագույն երկրների հետ առևտրական սերտ կապեր հաստատած ավելի քան հազար հայկական նավեր էին հանգրվանում, վերջապես մենք ունեցել ենք հայոց ամենահզոր արքա Տիգրան Մեծի «Ծովից ծով Հայաստանը». իմ մեջ այդ խիզախ հայրենակիցներիս արյունն է հոսում»,- ասել է  հայազգի բնախույզ, լուսանկարիչ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ Մարտա Բեատրիս Անիտա Կոնտին:
Մինչ մեր հայ  ծովակալները հերոսական էջեր էին կերտում հայրենիքից հեռու,   հայուհի Անիտա Կարագոշյանը միայնակ  շրջում էր պատմության անիվը՝  դառնալով աշխարհում առաջին կին օվկիանոսագետը։ Ազգությամբ հայ էր, քաղաքացիությամբ՝ ֆրանսիացի: Նրան տարբեր անուններով էին կոչում՝ օվկիանոսի տիրուհի,  շրջազգեստով Մագելան, օվկիանոսի առեղծվածային տիկին: Հայաստանում քչերը գիտեն մեր աշխարհահռչակ հայրենակցին, աշխարհում՝ շատերը,  Ֆրանսիայում Անիտայի պատվին գրադարան, դպրոցներ են բացվել, որտեղ երեխաներին ծանոթացնում են օվկիանոսագիտության, ձկնորսության և բուսական աշխարհի հետ: Անիտայի անունով Ֆրանսիայում նաև փողոց և բուլվար են անվանակոչել:
Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդում է ամբողջ  Եվրոպայով,  վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվում է սերը  ծովի  և գրքերի հանդեպ։ 1914  թվականին՝ պատերազմի սկզբին, Կարագոշյանների ընտանիքն ապաստան է գտնում  Օլերոն  կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրում է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թ. կատարում է իր առաջին  լուսանկարները Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։  Բայց Անիտային ձգում էր օվկիանոսն իր ողջ գեղեցկությամբ ու ինչո՞ւ չէ նաև խնդիրներով: Անիտային ձգում էր այն հորիզոնը, ուր երկինքը ձուլվում է օվկիանոսի անհունին, երբ վերջալույսի շողերից սահմանգիծը կորցրած՝ երկփեղկված շառագունում էին օվկիանոսի անհուն ու անհամար գաղտնիքները քողարկող թեթև ալիքներն ու տիեզերքի անծիր հեռուներին անհաղորդ ամպերը:  Այդ տարիներին Ֆրանսիայի օրենսդրությամբ կանանց, առավել ևս ամուրի, արգելված էր մասնակցել ծովային գիտարշավների: Բայց՝ Անիտայի նպատակասլացությունն ու համարձակությունը կոտրում են բոլոր արգելքները:  Նավի անձնակազմն ու ձկնորսներն առանձնակի հարգանքով էին վերաբերվում Անիտային, նա էլ ջանք չէր խնայում իր գիտելիքները ծառայեցնել նրանց օգնելու գործին:  28 տարեկանում Անիտան ամուսնանում է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից,  ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ և դառնում՝ Անիտա Կոնտի։ Մարսել Կոնտին առանձնակի հարգանքով ու ընբռնումով է մոտենում կնոջ գործին ու առաքելությանը, և Անիտան  չի լքում իր կյանքի մեծագույն սերը՝ օվկիանոսագիտությունը:
 1935թ.- ին Ֆրանսիայում այն ժամանակ տեխնիկայի վերջին շնչով զինված հռչակավոր «Պրեզիդենթ Թեոդոր Թիսիեր» նավը պատրաստվում է երկարաժամկետ գիտահետազոտական նավարկության: Իսկ էլ ի՞նչ նավարկություն առանց լուսաբանման: Նավահանգիստ ժամանած եվրոպական խոշոր երկրների լրագրողները զարմանքով արձանագրում են՝ նավի անձնակազմում կին է ընդգրկված:  Նավը մեկնում է Ատլանտյան օվկիանոսով երկարատև նավարկության: Ֆրանսիայի նավատորմային նախարարությունը՝ տեղեկանալով, որ նավում կին կա, հրամայում է անմիջապես նրան ափ վերադարձնել: Սակայն Փարիզի գիտական շրջանակներին սա դուր չի գալիս, բողոքում են այդ որոշման դեմ, և Ֆրանսիայի Սենատը հարկադրված մի հատուկ դեկրետ է ընդունում, ինչի շնորհիվ Անիտան կարողանում է ազատ նավարկել:
Երկարատև նավարկության ընթացքում Անիտան հետազոտում է օվկիանոսի խորքերը, ջրերի ջերմությունն ու աղի պարունակությունը, կազմում է գեղեցիկ բնապատկերներով ձկնորսական քարտեզներ:
վարկությունների, գիտական փնտրտուքներով անցնում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչև Խաղաղ և Հնդկական օվկիանոսներ:
1939 թ.-ին Անիտա Կոնտին  «Վիկինգ»  ձկնորսանավով  ուղևորվում է Արկտիկա՝  ձողաձուկ որսալու:  Ուղևորությունը տևում է  3 ամիս: Այս ուղևորության ընթացքում Անիտան բացահայտում  է, որ օվկիանոսում  ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների  հանգեցնել։      Սկսվում է երկրորդ աշխարհամարտը: Չնայած Անիտան ռազմածովային նավատորմում չէր, բայց ստանում է հույժ գաղտնի առաջադրանք: Գերմանացիները հյուսիսային ծովում մագնիսական ականներ էին տեղադրել, Անիտան պետք է գտներ այդ ականներն ու վնասազերծեր:  Տաղանդավոր հայուհին պատվով է կատարում  առաջադրանքը, հայտնաբերում և ոչնչացնում է այդ ականները, և դեռ  մի բան էլ ավելին, նոր մոտեցումներ է առաջարկում, թե ինչպես հետագայում անվնաս շրջանցել ծովային ականները:
1943 թվականին բնակչության և բանակի պարենային վիճակը բարելավել էր պետք. ինչպե՞ս զարգացնել ձկնորսությունը, որ ձկնային պաշարներն էլ չտուժեին: Կառավարությունն այդ գործը վստահում է օվկիանոսների տիրուհուն:
Անիտայի ուշադրությունը հանկարծ գրավում են շնաձկները: Այդ տարիներին, երբ մոլեգնում էր պատերազմը, հերոսներից շատերը լուսանկարներ են պահպանել զենքը ձեռքերին: Անիտայի արխիվի լուսանկարներում նրա նուրբ ձեռքերում սարսափելի շնաձուկն է՝ հսկայական չափերի: Ասում են՝ շնաձկան ծխեցրած միսը շատ համեղ է, իսկ լյարդում՝զգալի քանակությամբ վիտամին A է պարունակվում: Անիտան  փորձում  է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն։
Երիտասարդության 10 տարին Անիտան նվիրում է  Մավրիկիայի,  Սենեգալի, Գվինեայի հետազոտությանը։ 1947թ.-ին Շերբուր է ժամանում օվկիանոսագիտության մեկ այլ հսկա, ակվալանգի գյուտի հեղինակ Ժակ Իվ Կուստոն:Նրանք բարեկամանում են։  180 օր տևած հերթական ծովարշավի ընթացքում Անիտան հեղինակում է «Օվկիանոսը կերտողները» ծավալուն աշխատությունը, որն  արժանանում է «Վիկինգ»  մրցանակի: Անիտայի այդ վիթխարի աշխատությունը գիտական աշխարհն անվանում է օվկիանոսագիտության աստվածաշունչ:
Առաջին անգամ Անիտան ուսումնասիրությունն իրականացնում է ծովի խորքերում, բատիսկաֆի օգնությամբ: Դա ոչ միայն Անիտայի, նաև բատիսկաֆի առաջին փորձարարական սուզումն էր: Նա սուզվում է 600 մետր և այնտեղից հեռախոսակապով Թեոդորի հետ կապ հաստատելով՝ նկարագրում է այն կենդանիներին, որոնք ապրում էին այդ խորություններում: Այդ ժամանակ աշխարհին հայտնի են դառնում բազմաթիվ նոր ձկնատեսակներ, որոնցից շատերին անվանակոչում է Անիտան:  1960 թվականին Անիտան առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։
Անիտան մի շարք պետությունների ծովային օրենսդրությունների հեղինակ է, աշխարհի տարբեր օվկիանոսագիտական ակադեմիաների պատվավոր անդամ: 1962 թ.-ին Ֆրանսիայում ջրարկվում է Անիտա Կոնտի անունով նավը:
1971 թվականին Անիտա Կոնտին հրապարակում  է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Նա առաջարկում է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի և մարդու ներդաշնակությունը։
1979 թ.-ին Օվկիանոսների թագուհին  80-ամյակն է նշում, թվում է՝ թե անցնելու է վաստակած հանգստի ու խաղաղ վայելի ծերությունը,  բայց  Անիտան մի մեծ, աներևակայելի նավարկություն է նախաձեռնում: Նա ճամփորդում է Պորտուգալիայից Նորվեգիա, հետո՝ Ճապոնիա: Այդ ընթացում մարդկությանն է նվիրում ևս մեկ աշխատություն՝ «Օվկիանոսը, մարդը և կենդանիները» վերնագրով: Անիտային շնորհվում է Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետի կոչում:
Օվկիանոսի առեղծվածային տիկինը մահանում է 99 տարեկանում՝ 1997 թվականի  դեկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։
Աշխարհահռչակ հայուհին  մարդկությանը թողեց հսկայական գիտական ու գրական ժառանգություն և հարուստ արխիվ, ինչը պահպանում է որդին՝ Լորան Կոնտին:  Նրան հողին չհանձնեցին, իր կտակի համաձայն՝ Անիտային դիակիզեցին և փոշին շաղ տվեցին Միջերկրական ծովում:  Նա ձուլվեց իր կյանքի ամենամեծ սիրուն:
Ֆրանսիացի հայտնի գիտնական, ջրասույզ Ժակ Իվ Կուստոմ բազմիցս հայտարարել է, որ  Անիտան կատարելություն էր, առանց Անիտա Կոնտիի ուղղակի հնարավոր չէր լինի կազմակերպել և ստեղծել Մոնակոյի հայտնի Օվկիանոսագիտական թանգարանը: Ժակ Իվ Կուստոն նաև խոստովանել է, որ Անիտա Կոնտիի հետազոտությունների, լուսանկարների և գրքերի շնորհիվ մարդիկ այժմ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի կյանքի մասին:
Անիտա Կոնտին լուսանկարչական սարքը ձեռքին ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: Յուրահատուկ ալբոմներ է ստեղծել Շոտլանդիայի, Իսլանդիայի և Գրենլանդիայի մասին: Ժամանակակից աշխարհում նրան «Շրջազգեստով Մագելան» են անվանում: Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։ Ֆրանսիայում Անիտա Կոնտիի անվան լուսանկարների գրադարան է բացվել: Նրա հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է «ANITA CONTI» ձկնորսական նավը: Ֆրանսիայում նրա անունով փողոց, զբոսայգի և վարժարան կա: