Փողը երջանկություն է բերում
Ժողովրդական իմաստությունն ասում է, որ երջանկությունը փողի մեջ չէ, բայց գիտությունը, ինչպես միշտ, պատասխանում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Այս ոլորտում հետազոտությունները բազմաթիվ են, և, կարծես թե, բոլորն էլ ունեն իրենց խոցելի կողմերը։ Օրինակ, մի քանի տարի առաջ Քեմբրիջի հոգեբանները փորձերի արդյունքում եկել էին այն եզրակացության, որ փողն իսկապես երջանկություն է բերում, սակայն միայն այն դեպքում, երբ ծախսվում է խելամտորեն։
Իսկ որքա՞ն գումար է անհրաժեշտ երջանիկ լինելու համար: Ամեն ինչ կախված է անհատից և այն երկրի պայմաններից, որտեղ բնակվում է։ Օրինակ, 2010 թվականին ԱՄՆ-ում հրապարակվեց մեկ այլ ուսումնասիրություն, համաձայն որի տարեկան 75 հազար դոլարից բարձր եկամուտը ոչինչ չի ավելացնում երջանկությանը (ուսումնասիրությանը մասնակցել են բացառապես ԱՄՆ քաղաքացիները)։
Այնուամենայնիվ, Պենսիլվանիայի համալսարանի հետազոտողները վերջերս ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings (PNAS) ամսագրում հրապարակած հետազոտությունում այն միտքն են առաջ քաշում, որ իրականում դրամական երջանկությանը սահմանափակում չկա։
Սովորաբար երջանկությունը չափվում է հարցումներով, որոնք կազմվում են հոգեբանական գիտության ողջ հնարամտությամբ: Եվ, որպես կանոն, նման հարցումներում նրանց հետաքրքրում է, թե մարդն ընդհանուր առմամբ որքանով է գոհ իր կյանքից:
Այս անգամ ամեն ինչ այլ կերպ է արվել. հետազոտության մասնակիցները օրվա ընթացքում մի քանի անգամ պետք է նշեին, թե որքան երջանիկ են իրենց զգում: Ինչպես նաև հետազոտության յուրաքանչյուր մասնակից օրվա ընթացքում գոնե մեկ անգամ պետք է նշեր, թե ընդհանուր առմամբ որքանով է բավարարված զգում կյանքից: Ուսումնասիրության մեկ այլ փուլում մասնակիցներից պահանջվում էր ավելի հստակ նկարագրել իրենց վիճակը (զգացողությունները՝ թե՛ դրական, թե՛ բացասական)։
Աշխատանքի հեղինակների կարծիքով, երջանկության այսպիսի մանրամասն «հաշվետվությունը» հնարավորություն է տվել ավելի լավ գնահատելու մարդու անմիջական հուզական վիճակը` ոչ միայն այն, թե ինչպես է նա ընկալում իր կյանքն առհասարակ, այլև՝ ինչպես է այն ապրում: Ուսումնասիրությունը մասնակցել է 18-ից 65 տարեկան ավելի քան 33 հազար մարդ, որոնց շրջանում ընդհանուր հարցումների քանակը եղել է 1 միլիոն 700 հազար։ Ստացված տվյալները համեմատվել են յուրաքանչյուրի տարեկան եկամտի հետ և պարզվել է, որ երջանկությունն աճում է նույնիսկ տարեկան 75 հազար դոլարից հետո: Եթե մեկը վաստակում էր երկու անգամ ավելի շատ, քան մյուսը, ապա նա երկու անգամ ավելի երջանիկ էր զգում: Նա, ով տարեկան 50 հազար դոլար եկամուտ ուներ, երկու անգամ ավելի երջանիկ էր, քան տարեկան 25 հազար եկամուտ ունեցողը, իսկ նա, ով ուներ 200 հազար, նույնպես երկու անգամ ավելի երջանիկ էր, քան տարեկան 100 հազար եկամուտ ունեցողը։ Միևնույն ժամանակ, այստեղ որոշ նրբերանգներ կան: Օրինակ, եթե մարդը հաջողությունը հավասարեցրել է փողին (երջանկությունը փողով է չափում), ապա նա ավելի քիչ էր երջանիկ, քան այն մեկը, ում համար հաջողությունն ու փողը այլ հարթության վրա են: Բացի այդ, եթե մարդը չափազանց շատ է աշխատել հանուն մեծ փողի, ապա նա շատ հաճախ է ինչ-որ անհարմարություն է զգացել գերզբաղվածության պատճառով:
Ինչպես նշում են հեղինակները, փողից ստացված երջանկությունը երջանկություն է ապագայի հանդեպ վստահությունից: Յուրաքանչյուր ոք, ով «աշխատավարձից աշխատավարձ» է ապրում, ծայրաստիճան վախենում է կորցնել աշխատանքը և այս պարագայում դժվար թե գոհ լինի կյանքից: Եվ ընդհակառակը, աշխատանքից զրկվելուց (հեռանալուց) հետո ֆինանսական ապահովություն ունեցող մարդը կարող է իրեն թույլ տալ սպասել, մինչև որևէ հարմար գործ կհայտնվի: Մեր «կոկորդային» ժամանակներում այս ամենը զգացվում է առանձնահատուկ սրությամբ՝ անկախ մարդու հոգևոր մակարդակից:
Բայց չհերքենք, որ երջանիկ լինելու այլ եղանակներ էլ կան: Օրինակ, մի քանի տարի առաջ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողները Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակած հոդվածում, պնդում էին, որ նրանք, ովքեր ավելի շատ գնահատում են իրենց ժամանակը, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ավելի շատ գնահատում են փողը: