ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ջոկոնդայի գաղտնիքը մոտ է բացահայտման

 

Ապրիլի 28-ին Իտալիայում երբեմնի Սբ Ուրսուլայի եկեղեցու տարածքում պեղումներ են կատարվելու: Հնէաբաններն այնտեղ փնտրում են 500 տարի առաջ մահացած ազնվական Լիզա Գերարդինա դել Ջոկոնդայի գերեզմանը: Վարկածներից մեկի համաձայն, Լեոնարդո դա Վինչին հենց նրան է նկարել իր հավերժական կտավում: Այդ գերեզմանը գտնելու դեպքում գիտնականները կարող են ստուգել այդ ենթադրությունը՝ վերականգնելով Լիզա Գերարդինիի պատկերը:
Մահվանից եթե 500 տարի է անցել, ապա երկրառադարներով կարելի է գտնել մարմինը: Այդ սարքը մեծ խորությամբ կարողանում է տեսնել և փնտրվող իրերի ստույգ տեղն ասել:
Երեք տարի առաջ Ֆլորենցիայի արխիվներում հետազոտող գիտնականները մի արձանագրություն են գտել, որում ասվում էր, որ 1542 թ. Սբ Ուրսուլա եկեղեցում թաղվել է 63-ամյա մի կին: Գիտնականները մեծ հույս ունեն, որ կարող են գտնել մեծահարուստ Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի երրորդ կնոջը, ով ըստ Լեոնարդո դա Վինչիի կենսագիրների, մեծ նկարչի հանրահայտ նկարում գեղեցիկ ժպտացող կինն է:
Գիտնականներն ունեն Լիզա Գերարդինիի երկու երեխաների ԴՆԹ-ի տվյալները: Հիմա նույնիսկ մեկ ոսկոր էլ գտնելը մեծ հաջողություն են համարելու նրանք: Այն, որ Մոնա Լիզայի մարմինը հանգչում է Սբ Ուրսուլայի եկեղեցում, նույնպիսի վարկած է, ինչպիսիք պտտվում են այդ խորհրդավոր պատկերի շուրջ:
Ուսումնասիրողները համարում են, որ Լեոնարդոյի բնորդուհին մահվանից առաջ հիվանդացել է, և նրա «հոգատար» երեխաները նրան եկեղեցի են տարել, որպեսզի խնամեն միանձնուհիները: Նա եկեղեցում էլ մահացել է: Այն ժամանակների սովորության համաձայն, նրան եկեղեցու զոհասեղանի տակ են հուղարկավորել: Գիտնականներն արդեն երեք օր փնտրում են եկեղեցու այդ հատվածի խորքերը:
Զարմանալի գաղտնիության քողով է շղարշված այդ նկարը: Հենց որ փորձում են այն ուսումնասիրել, ավելի ու ավելի գաղտնիքներ են բացահայտվում: XXI դարի տեխնոլոգիաները հնարավորություն ունեն վերականգնելու նույնիսկ հանգուցյալի ժպիտը: «Մենք սանտիմետրերով կարող ենք վերականգնել դեմքի մկանները: Յուրաքանչյուր մարդ իր առանձնահատուկ դիմաշարժն ունի», պատմել է հնէաբան գիտնական, պրոֆեսոր Ֆրանչեսկո Մալենին:
Ուսումնասիրություններից եթե պարզվի, որ Լեոնարդո դա Վինչիի նկարում Լիզա Գերարդինին չի պատկերված, ապա գիտնականները նպատակին հասնելու համար բացելու են մեծ նկարչի գերեզմանը: Նրանք ծրագրել են շիրմից հանել նաև Լեոնարդո դա Վինչիի մարմինն ու ուսումնասիրել: