ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Չինացի գիտնականները ստեղծել են ապակի, որը կարող է քայքայվել մարմնում

Ամբողջ աշխարհում ամեն տարի արտադրվում է գրեթե 40 մլն տոննա ապակի։ Տեսականորեն այն հեշտությամբ վերամշակվող նյութ է, սակայն գործնականում վերամշակվում է դրա մեկ երրորդից էլ քիչը: Մնացած մասը տեղափոխվում է աղբավայրեր ու բարձր իներտության շնորհիվ կուտակվում հսկայական քանակությամբ։
Ներկայումս բազմաթիվ գիտնականներ ուղիներ են փնտրում էկոլոգիապես մաքուր թափանցիկ նյութեր արտադրելու համար, օրինակ՝ փայտից: Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականներն առաջարկել են այս գլոբալ խնդրի իրենց լուծումը։ Նրանք մշակել են «կենսամոլեկուլյար» ապակի արտադրելու տեխնոլոգիա, որն արագորեն քայքայվում է բնության մեջ։
Նման նյութ ստանալու համար օգտագործվում են ամինաթթուներ և պեպտիդներ։ Դրանց փոշին տաքացվում է իներտ գազի մթնոլորտում մինչև հալման կետից բարձր ջերմաստիճանի, բայց չհասնելով այն մակարդակին, որով մոլեկուլները քայքայվեն: Խառնուրդն այնուհետև սառեցնում են՝ ձևավորելով գերսառեցված հեղուկ: Վերջում դրան ավելացվում է ջուր, որի արդյունքում նյութն անցնում է ոչ բյուրեղային պինդ վիճակի։
Հեղինակները նշում են, որ ստացված նյութը ունի ոչ միայն լավ օպտիկական հատկություններ, այլև՝ մշակման ճկունություն, ինչը թույլ է տալիս օգտագործել այն 3D տպագրության մեջ: Միևնույն ժամանակ, օրգանական բաղադրության շնորհիվ այս ապակին արագ է քայքայվում։ Փորձերը ցույց են տվել, որ բնական պայմաններում այն ​​քայքայվում է երեք շաբաթից մինչև 7,5 ամիս՝ կախված օգտագործվող ամինաթթուներից և պեպտիդներից:
Ավելին, նոր նյութը փորձարկվել է կենդանիների վրա՝ ցույց տալով, որ այն քայքայվում է մկների մեջ՝ առանց առողջությանը նկատելի վնաս հասցնելու: Գիտնականները կարծում են, որ սա թույլ կտա օգտագործել «բիոմոլեկուլյար» ապակին՝ որպես ժամանակավոր բժշկական իմպլանտների կամ դեղերի նպատակային առաքման սարքերի մաս։