ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

EcoScan. հայկական հավելվածի միջոցով հնարավոր է դառնում բուսատեսակների պահպանումն ու ճանաչումը  

Մարդկության դեմ ծառացած կարևորագույն խնդիրներից են կենսաբազմազանության պահպանումը և սննդի անվտանգության ապահովումը: Այս խնդիրների արդյունավետ լուծումը խրախուսելու կարևոր գործոններից է առավելագույն ճշգրիտ և մշտապես արդիականացվող տեղեկատվության առկայությունը: Այս գործը սկսել է հայկական EcoScan բջջային հավելվածը, որը նպատակ ունի ապահովել հեշտ օգտագործվող լուծումով, որը կհամատեղի պատկերների ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաները բույսերի նույնականացման և դասակարգման վերջին զարգացումների հետ: Միջազգային պրակտիկայում պարբերաբար եղել են փորձեր նման ծրագրեր ստեղծելու, սակայն դրանք ոչ այնքան հավաստի են և գործածելի: Ծրագրի տնօրեն Վաչե Կիրակոսյանի խոսքով՝ իրենք գտել են լուծման այնպիսի տարբերակ, որը կտա հավաստի և ճշգրտված տեղեկատվություն բույսի մասին: Ծրագրի օգտագործման մեխանիզմը բավականին պարզ է. պետք է պարզապես նկարել բույսի մեկ հատվածը՝ պտուղը, տերևը, արմատը և այլն: Հավելվածում արդեն մշակված ալգորիթմը նկարը վերածում է եռաչափ պատկերի և համեմատում տվյալների շտեմարանում գտնվող պատկերների հետ: Բույսի առկայության դեպքում հավելվածն առաջարկում է ծանոթանալ բույսի լատինական անվանվանը, տալիս է կարճ տեղեկատվություն և ծանոթացնում է համացանցում որոնումների արդյունքներին: Օգտատիրոջ բեռնած նկարը ևս ավելանում է բույսի մասին տեղեկությունների շտեմարանում: Հավելվածը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են բույսերի պահպանման հարցով, տանը կամ տնամերձ հողամասերում բուսատեսակներ են աճեցնում, մասնագիտությամբ բուսաբան են և պարբերաբար իրենց համար նոր բուսատեսակներ են բացահայտում կամ զբոսաշրջիկ են և ցանկանում են ծանոթանալ տվյալ երկրի բուսատեսակներին: Ծրագիրը ներկայացված կլինի ինչպես՝ Android, այնպես էլ՝ iOS օպերացիոն ծրագրերի համար: Հավելենք նաև, որ հավելվածը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված՝ Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում: