Եվրոպան մտադիր է «մաքուր» էլեկտրաէներգիա ստանալ ծովերից ու օվկիանոսներից
Եվրախորհրդարանը ներկայացրել է «կանաչ» էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման ծրագիր, որով նախատեսվում մինչև 2050 թվականը փոխարինել Եվրոպայում գազից ու ածխից արտադրվող էլեկտրաէներգիայի 65%-ը։
Առաջիկա երեսուն տարվա ընթացքում Եվրախորհրդարանն առաջարկում է 25 անգամ մեծացնել ծովերում ու օվկիանոսներում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ Խոսքը նոր արևային տեղակայանքների ու հողմաէլեկտրակայանների, ինչպես նաև արդյունաբերական կառույցների մասին է, որոնք էլեկտրականություն են ստանում մակընթացություններից և ալիքներից։
Եվրախորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնակատարի խոսքով՝ ներկայում ԵՄ-ն անհրաժեշտ էներգիայի 58%-ը ներկրում է։ Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի ծովային ու ցամաքային «կանաչ» աղբյուրներն ապահովում են Եվրոպայի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը, սակայն մինչև 2050 թվականը նման էներգիայի մասնաբաժինը մտադիր են հասցնել երկու երրորդի։
Եվրախորհրդարանում ենթադրում են, որ այս ծրագրի կյանքի կոչման համար հարկավոր է 800 մլն եվրո ներդնել էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների ու անհրաժեշտ ենթակառուցվածքների համար։ Բացի այդ, ևս մոտ մեկ տրիլիոն եվրո հարկավոր է հատկացնել նավահանգիստների ու նավատորմի զարգացմանը։ Միևնույն ժամանակ գերատեսչությունում հույս են հայտնել, որ հիմնական ներդրումները կլինեն մասնավոր, իսկ Բրյուսելի դերը կլինի բարենպաստ պայմանների ստեղծումը։