Օդի աղտոտվածության հետևանքով 2020թ. երեք անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան Covid -19-ի ամբողջ ընթացքում
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը հստակորեն ցույց տվեց, թե որքան մասնատված է մարդկությունը, և որքան փոքր են նրա հնարավորությունները նույնիսկ համաշխարհային սպառնալիքի պայմաններում ուժերը միավորելու հարցում: Գոնե մենք՝ հայերս այս ամենը լավ ենք հասկանում․ համաճարակի ամենաթեժ շրջանում, ադրբեջանաթուրքական միացյալ ուժերի կողմից սանձազերծված պատերազմը թերևս լավագույն օրինակն է։
Այսպես, The Guardian պարբերականն անդրադարձել է անցած տարում 8.7 միլիոն մարդու մահվան պատճառ դարձած և «ուշադրությունից դուրս մնացած» գործոնին՝ օդի աղտոտվածությանը, որի սպառնալիքը կանխելու համար մարդկությունը կարծես, թե միասնական ու վճռական քայլեր չի ձեռնարկում։ Անցած տարում դրա հետևանքով մահացածների թիվը երեք անգամ ավելին է, քան COVID-19-ի ամբողջ ընթացքում մահացածների ցուցանիշը։
Օդի աղտոտվածության հետևանքով առաջացած մահվան բոլոր դեպքերի մոտ 62%-ը բաժին է հասնում Չինաստանին և Հնդկաստանին: Ավելին, Չինաստանում սմոգի (մթնոլորտի խիստ աղտոտվածությունը արդյունաբերական արտանետվածքներով) դեմ պայքարը, փաստորեն, վերածվել է ազգային գաղափարի, իսկ Հնդկաստանում առաջին անգամ սկսել են լուրջ վերաբերվել արտանետումների խնդրին և որոշակի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Սակայն միևնույն է, այս ջանքերը բավարար չեն. մարդիկ թույն են շնչում և մահանում, ինչն էլ արդեն շատ երկրներում առօրյա երևույթ և ամենօրյա լրահոսի մաս է դարձել՝ սովորական բան։ Բայց եթե COVID-19-ը վաղ թե ուշ պատվաստանյութերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել, ապա օդի աղտոտվածության դեմ պայքարը այդքան էլ հեշտ չէ, և միանգամայն անհասկանալի է՝ ինչ պետք է անել համաշխարհային մասշտաբով սպառնալիքի վերածված և շրջակա միջավայրում ծանրացած սմոգի հետ։