ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Համաշխարհային օվկիանոսը տաքանում է աննախադեպ տեմպերով

Մարդու կողմից արտանետվող ջերմոցային գազերը (Greenhouse gases-GHGs) հանգեցրել են մոլորակի երկարատև և միանշանակ տաքացմանը: Նկատվում է երկրագնդում հաստատված ջերմային բալանսի շեղման միտում։ Մթնոլորտը և երկրի մակերևույթը միասին կլանում են արևից եկող էներգիայի մոտ 71 %-ը։ Հետևաբար այս երկուսը միասին պետք է տիեզերք ճառագայթեն նույն քանակությամբ էներգիա՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Սակայն այս երկուսի (մթնոլորտի և երկրի մակերևույթի) հարաբերական մասնաբաժինները՝ արևից եկող էներգիայի կլանման և անդրադարձման մեջ, ասիմետրիկ են։ Մթնոլորտը կլանում է եկող էներգիայի մոտ 23%-ը, մինչդեռ երկրի մակերևույթը՝ 48%-ը։
Մթնոլորտը հետ է ճառագայթում 59%, իսկ մակերևույթը՝ 12%: Այլ խոսքով, արևից եկող էներգիայի հաշվին տաքացումը հիմնականում տեղի է ունենում մակերևույթի վրա։ Մթնոլորտում կուտակվող ջերմոցային գազերի պատճառով էներգետիկ այս հավասարակշռությունը փոխվում է մթնոլորտում։
Կարծիք կա, որ հավելյար ջերմության ավելի քան 90% -ը կուտակվում է օվկիանոսներում,  ինչի հետևանքով էլ բարձրանում է օվկիանոսների ջրի ջերմաստիճանը։ Եվ այս է պատճառը, որ գլոբալ տաքացման չափն ու արագությունը որոշելու լավագույն ու ամենաարդյունավետ միջոցներից մեկն օվկիանոսներում ջրի ջերմաստիճանի չափելն է։
Վերջերս կլիմայաբանների (Climatologist) միջազգային մի խումբ, կատարելով բազմաթիվ հետազոտություններ, հայտարարել է, որ համաշխարհային օվկիանոսների գլոբալ տաքացումը նոր ռեկորդ է սահմանել՝  գերազանցելով դիտումների պատմության ամբողջ ընթացքում գրանցված արդյունքները։ Սա ցույց է տալիս, որ Երկրի միջին ջերմաստիճանը արագորեն աճում է, ինչը կարող է հանգեցնել մոլորակի կլիմայի աղետալի հետևանքների։
Հետազոտողներն ուսումնասիրել են Չինաստանի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի հավաքագրած տվյալները՝ որոշելու, թե ինչպես է ջրի ջերմաստիճանը փոխվում մի քանի տասնամյակի ընթացքում՝ 2 կմ խորության վրա: Պարզվել է, որ 2019 թվականին ջրի ջերմաստիճանը ամենաբարձրն է երբևէ գրանցված արժեքների շարքում: Միջին հաշվով, օվկիանոսը 0,075 աստիճան ցելսիուսով ավելի բարձր էր, քան 1981–2010 թվականների ժամանակահատվածում:
Ըստ հետազոտությունների օվկիանոսները վերջին տասնամյակների ընթացքում կլանել են 228 զետաջոուլ (228 միլիարդ տրիլիոն ջոուլ) էներգիա, ինչը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի շուրջ 3,6 միլիարդ ատոմային ռումբի պայթյունների, կամ 5 ռումբ յուրաքանչյուր վրկ․ սկսած 1990թ-ից: 2019 թվականի ընթացքում համաշխարհային օվկիանոսը 25 զետաջոուլ էներգիա ավելին է կլանել, քան՝ 2018-ին: