ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Թուրքիայի տարածքում հայտնաբերվել է հայոց արքա Աբգարի ընտանեկան դամբարանը:

Թուրքիայի տարածքում գտնվող Շանլիուրֆա (պատմական Եդեսիան կամ Ուրֆան) հայտնաբերվել է հայոց արքա Աբգարի ընտանեկան դամբարանը: Այս մասին հայտնում է Karar լրատվականը: Թուրքական աղբյուրը, սակայն, ոչ մի կերպ չի նշում, որ խոսքը հայոց արքայի մասին է: Հնագիտական պեղումների ժամանակ Ուրֆայի տարածքում հայտնաբերվել են մոտ 80 վաղքրիստոնեական դամբարաններ: Նրանց թվում է նաև բացառիկ մի գտածո՝ Աբգար 5-րդ արքայի ընտանիքի դամբարանը: Հայտնաբերվել է մի սալաքար, որի վրա ասորերենով գրված է. «Մեծ արքա Աբգար 5-րդ Ուքքամա Մաննու, Եդեսիայի առաջին քրիստոնյա թագավոր»:
Դամբարանը զարդարված է եղել խճանկարներով և խաչաձև պատկերներով: Դրանում թաղված է եղել 10 մարդ:
Աբգար արքան 2 անգամ թագավորել է Օսրոյենեի թագավորությունում, Հյուսիսային Մեսոպոտամիայի հայկական մասում, որի մայրաքաղաքն է եղել Եդեսիան: Ք.ա. 4 – Ք. հ 7 թվականներին և Ք.հ. 13 - 50 թվականներին իշխած Աբգար 5-րդն, ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն՝ դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր։
4-րդ դարում Եվսեբիոս Կեսարացին Եդեսիայի արխիվում հայտնաբերում է մի փաստաթուղթ, որը վկայում է թագավորի և Հիսուս Քրիստոսի միջև տեղի ունեցած նամակագրության մասին: Այս մասին Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար V-ը, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու՝ Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։
Աբգարը, դարձի գալով, նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։