Չինաստանի Ցզյաչժայգոու ազգային պարկի տարածքում է գտնվում Հինգ երանգներ անվանումով լիճը, որն աշխարհի ամենագեղեցիկ ու առեղծվածային ջրային տարածքներից է: Այս լճի յուրահատկությունն այն է, որ ժամանակ առ ժամանակ դրա ջուրը փոխում է իր երանգը՝ դառնալով դեղին, մուգ կանաչ, հագեցած կապույտ, փիրուզագույն, իսկ տարվա մեծ մասը՝ ադամանդյա կապույտ: Լճի մյուս առեղծվածն էլ այն է, որ, ի տարբերություն իր հարևանությամբ գտնվող մյուս ջրավազանների, որոնք պարբերաբար չորանում են, այն երբեք չի չորանում և սառնամանիքների ժամանակ չի սառչում: Լճի ջուրն այնքան թափանցիկ է, որ մինչև 40 մետր խորության վրա ամեն ինչ պարզ երևում է: Ուսումնասիրությունների ժամանակ լճի հատակում հայտնաբերվել է ստորջրյա քարանձավ, ինչպես նաև՝ թունել, որով լիճը կապված է այլ լճերի հետ: