Պեղումներից հետո Ցլիկ Ամրամի բերդը կխախտի դարերի լռությունը
Միջնադարյան հայտնի ամրոցը կարող է դառնալ Տավուշի «զբոսաշրջային միջնաբերդը»: Գիտական խումբը Բերդում է՝ բացելու քաղաքին անուն տված ամրոցի գաղտնիքները: Հնագետներն առաջին անգամ են այստեղ լայնածավալ պեղումներ անելու:
Հնագետ Տիգրան Ալեքսանյանը պատմում է, որ ժամանակին այն ամուր բերդ է եղել՝ Ցլիկ Ամրամն այստեղ է որոշել ճակատամարտել Աշոտ Երկաթի դեմ, պարտության մատնել արքայական զորքերին: Հետագայում ամրոցն անցել է Կյուրիկյաններին, Զաքարյաններին, իսկ սելջուկյան արշավանքներից հետո կորցնում է անառիկությունը, լքվում է, դուրս գալիս պատմական թատերաբեմից:
Սկզբում կբացեն պարսպից ներս կառուցված շինությունները: Բարձունքից բերդը հսկող ամրոցը կուսումնասիրվի պետական միջոցներով: Հուլիսյան մարտերից հետո Տավուշ գործուղված՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է նախաձեռնել ծրագիրը՝ վստահ՝ գաղտնազերծված հնավայրն ավելի գրավիչ կդարձնի տարածաշրջանը:
Պեղումները կարվեն՝ որքան թույլ կտա եղանակը, նաև 2021-ին, և դարերի լռությունից հետո կխոսի Ցլիկ Ամրամի բերդը: